Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներից ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման (2015թ.) արդյունքների շուրջ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով մասնաճյուղի կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի մասնագետների կողմից 2015թ. բուհում անցկացվել է պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև ուսանողության հարցում:

Վերոնշյալ հարցման արդյունքների վերաբերյալ հարցազրույց ունեցանք ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ, փ.գ.թ., դոցենտ Էդիկ Կյուրեղյանի հետ.

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներից ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման (2015թ.) արդյունքների շուրջ

 

– Պարո՛ն Կյուրեղյան, խնդրում եմ, մասնագիտորեն ներկայացրեք հարցումը. ի՞ նչ նպատակ է այն հետապնդում:

– Նախ՝  երկու խոսք հարցումների մասին ընդհանրապես, քանզի սոցիո­լոգիական մշակույթը մեր հանրային ու կրթական կյանքում նոր է արմա­տավոր­վում իր բոլոր դժվա­րու­թյուններով ու հակասություններով: Հարցումը տվյալ սոցիումին հուզող խնդիրների վե­րա­բերյալ սուբյեկտիվ կարծիքների-գնահատա­կան­ների օբյեկտիվացման գիտական եղա­նակ­ներից մեկն է, ինչն առաջադիմական բոլոր երկրներում դարձել է հանրային կյանքի կա­ռավարման հզոր և արդյունա­վետ միջոց: Եթե հիմնավորվում են հարցման արդ­յունքների անկան­խա­կալությունը և հավաստիությունը, եթե դերակատարները վստահում են դրանց, ապա այն գրեթե անփոխարինելի միջոց է համատեղ կյանքի բազմաթիվ «մարդ­կա­յին» խնդիրներ լուծելու գործում: Միաժամանակ հարցումների նշանակու­թյու­նը չի կարելի գերագնահատել, ոչ էլ արդյունքներից ավելորդ մտահոգվել կամ դժգո­հել: Հարկ է քաջ գի­տակցել, որ այն իրավական ուժ չունի և առավելապես գոր­ծում է բարոյականության դաշ­տում, իսկ տվյալների օգտագործումը բացառապես պատվիրատուի արտոնությունն է: Մյուս կողմից՝ կան ուրիշ բազմաթիվ միջոցներ հուզող հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալու ճանապարհին: Եվ եթե հարցումը մակերեսային է, մասնակիցները համարժեքորեն չեն ներկա­յաց­նում տվյալ սոցիումը, արդյունքները առանց դրա նախապես հայտնի են, պատ­վիրատուին (օրինակ՝ տնօրենությանը) նոր բան չի տալու, ավելի ճիշտ է նման հարցում չունենալ: Դրա համար էլ մեր ոլորտի նվիրյալները էական նշա­նակություն են տալիս նախապատրաստական աշխատանքներին, դրանց գիտական հիմնավորվածությանը և պատասխանատուների բարոյական ուղղ­վա­ծությանը: Ի մեծ ուրախություն ինձ՝ նման դիրքորոշումը պաշտ­պա­նում է նաև մեր մասնաճյուղի տնօրենությունը: Տվյալների հավաստիության հար­ցում պատասխանատվությունը յուրովի կիսում են ինչպես հարցման կազմա­կեր­պիչները, այնպես էլ պատասխանողները: Վերջիններս հարցումներին մասնակ­ցում են բացառապես կամավոր կերպով: Քննարկվող հարցի վերաբերյալ նրանց իրազեկվածության, պատասխանների անկեղծության ու լրիվության աստիճանից է մեծապես կախված արդյունքների օգտակարությունը: Ավելի մանրամասն, հար­գելի՛ Հասմիկ, մեկ ուրիշ անգամ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:  Ինչ վերաբերում է սույն հարցմանը, այն փորձ է  պարզելու ներքին շահակիցների սուբյեկտիվ բա­վա­րարվածությունը տարբեր ստորաբաժանումների աշխատանքներից: Բնական է, որ այդ բավարարվածու­թյունը բուհի գործունեության արդյունավետության յուրովի ծանրաչափն է: Նպատակը մեկն է՝ օժանդակել ղեկավարությանը տարբեր ծառայությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հարցում: Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի, եթե տվյալ հարցումը ընկալենք որպես յուրովի «հետախուզում կռվից առաջ», ասել է` «շոշափել» հիմնահարցը, այն ավելի որոշակիացնել՝ ավելի խորը և համարժեք հետազոտման նպատակով:

 

– Ի՞նչ սանդղակով է իրականացվել բավարարվածության գնահատումը և ի՞նչ խնդիրներ են գլխավորապես շոշափվել հարցաշարերում:

– Բավարարվածությունը գնահատվել է 5-բալանի սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, իսկ 5-ը՝ ամենաբարձր գնահատականն է: Երկու հարցաշարերից մեկը վերաբերում էր պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմին, մյուսը՝ ուսանողությանը: Ըստ որում՝ հարցերի մի մասը ընդհանուր էին, մյուսները վերաբերում էին շահակիցներից յուրաքանչյուրին (մանրամասն տե՛ս «Կրթության որակի կառավարում» բաժնի «Հարցումների արդյունքներ» էջում):

 

– Պարո՛ն Կյուրեղյան, խնդրում եմ, հարցման արդյունքների հիման վրա առանձնացրեք մասնաճյուղի գործունեության մի քանի ուժեղ և թույլ կողմ:

– Գնահատման դրական բևեռը երկու շահակիցների համար էլ կազմում է ուսման կազմակերպման հետ անմիջականորեն առնչվող ստորաբաժանումների գործունեությունը (կարգապահական, ուսումնական գործընթացի կազմակերպում, կայքի աշխատանք, ուսխորհուրդ, աշխատատեղի, լսարանի կահավորում, ընթերցասրահ, բուժկետ): Գնահատականներն այստեղ տատանվում են 4.7- 4.0 բալի միջակայքում: Հետևությունը մեկն է. մեր մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ անձնակազմի և ուսանողության, որպես սոցիալական միավորի հասարակական գիտակցության մեջ իշխում է այն կարծիքը, թե բուհը կառավարվում է հիմնականում արհեստավարժ անձանց և ստորաբաժանումների կողմից՝ երկրի կրթական համակարգի ժամանակակից պահանջներին համապատասխան: Դրա կողքին համեմատաբար բավարարվածությունը ցածր է ինքնազարգացման հնարավորություններից, նյութաբարոյական խրախուսման համակարգից, ուսման գործընթացի հանդեպ ուսանողների պասիվությունից: Տվյալներն այստեղ տատանվում են 3.4-2.1 բալի միջակայքում: Թերևս մասնագիտորեն սխալ չենք լինի, եթե ասենք, որ հարցման արդյունքներով ուրվագծվում է մասնաճյուղի համար հիմնախնդիր, այն է՝ ուսման հանդեպ ուսանողների գիտակցական վերաբերմունքի զարգացումը:

 

– Ամփոփելով, խնդրում եմ, նշեք, թե վերոնշյալ հարցումն ինչով է նպաստելու մասնաճյուղի ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

–    Ցանկացած բուհի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են բավարարվում ներքին շահակիցների, տվյալ դեպքում՝ պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ուսանողության օբյեկտիվ և սուբյեկտիվ կարիքները: Կարծում ենք՝ ֆակուլտետներում և ամբիոններում, ուսանողական խորհուրդներում, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ հարցումների արդյունքները պետք է դառնան քննարկման առարկա՝ առանձնակի շեշտադրումով այն խնդիրների վրա, որոնք հատուկ են հենց տվյալ ֆակուլտետին կամ ամբիոնին: Այդ քննարկումների արդյունքների ընդհանրացումը, դրանց համադրումը ղեկավարության տեսակետների և ըմբռնումների հետ թույլ կտան հստակեցնել այն խնդիրների շրջանակը, որոնք իրականում գոյություն ունեն մեզ հետաքրքրող ոլորտում և ընդունելի են բոլոր շահագրգիռ կողմերի համար: Այն կարող է պահանջել նոր, ավելի խորը ուսումնասիրություն, որի արդյունքում կներկայացվեն հիմնավոր գործնական առաջարկներ:

 

 

Հարցազրույցն անցկացրեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը