Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Յուրա Արտակի Հարությունյան

Յուրա Հարությունյանը ծնվել է 2001թ. ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Լուսավոր Յուրան. այսպես են բնութագրում նրան նույնիսկ այն մարդիկ, ովքեր Յուրային երբևէ չեն ճանաչել: Կյանքով լեցուն, ընկերասեր, ցանկացած իրավիճակում օգնության շտապող տղան այսօր բոլորի հարազատն է դարձել, բոլորի Յուրան:

2007թ. Յուրա Հարությունյանը ընդունվել է Բերդի թիվ 4 հիմնական դպրոցը: Շատ լավ է սովորել դպրոցում, սիրել է բոլոր առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան:

2016-2019 թվականներին սովորել է Բերդի ավագ դպրոցում:

2019 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ և անմիջապես զորակոչվել բանակ:

Ամռան 1-ին զորակոչով՝ հուլիսի 5-ին, Յուրան մեկնեց բանակ: 6 ամիս ծառայելով Գյումրու մասնագիտացած զորամասում՝ ստացավ կրտսեր սերժանտի կոչում ու մեկնեց Արցախ (Ֆիզուլի)՝ ծառայությունը շարունակելու:

Գյումրի քաղաքում հասցրեց երկու կրծքանշան ստանալ: Արցախում 3 ամիս ծառայելուց հետո սերժանտի կոչում և ևս երկու կրծքանշան ստացավ:

Իր ամենասիրելի զբաղմունքը մարդկանց ժպիտ պարգևելն էր: Էությամբ շատ ուրախ և համեստ մարդ էր: Հոգատար էր և բոլորի մասին մտածում, մտահոգվում էր:

Կռվել է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում և Մարտունիում:

33 օր պատերազմեց Յուրան և հերոսաբար ընկավ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մարտունիում: Հերթական տագնապն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, և մինչ նրանք մեքենայով կհասնեին հարկավոր կետը, ԱԹՍ-ն հարվածում է մեքենային:

2021թ. ապրիլի 15-ին Յուրան կդառնար 20 տարեկան…

Յուրա Արտակի Հարությունյանը արդեն երկրորդ անգամ (ցավոք հետմահու) պարգևատրվել է մեդալով:

2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հերոսի քաջագործությունները գնահատվել են «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալներով:

Անունդ թո՛ղ միշտ փառքի մեջ մնա, մեր անմա՛հ, անվա՛խ ու քա՛ջ սերժանտ…