Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Թաթուլ Մերուժանի Օթարյան

(ոստիկանության մայոր)

1999 թվականի «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համարներից մեկի առաջին էջում կարդում ենք. «Թաթուլը 13 տարեկան է: Սիրում է զինվորի կյանքը, երազում է զինվորական դառնալ: Ազատ ժամերին զինվորների հետ է, նրանց կողքին»: Կանցնեն տարիներ, և այդ լուսանկարի պայծառ տղան՝ Թաթուլ Օթարյանը, գնալով պատանեկան երազանքի հետևից, հայրենիքի կանչով կմեկնի Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ:

«Շատ պատասխանատու անձնավորություն էր: Շրջապատում մեծ հարգանք էր վայելում: Հումորով էր, ընկերասեր», – ասում է գործընկերը՝ Կարո Կարապետյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն:

2009 թվականից ոստիկանության համակարգում էր: Շարքայինից հասել էր մայորի կոչման: Ծառայել էր որպես անչափահասների գործերով տեսուչ, օպերլիազոր, ծառայության գծով տեսուչ, ապա՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ:

2012 թվականին ընտանիք էր կազմել, կնոջ՝ Հայարփիի հետ շատ նպատակներ ունեին: Հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք: «Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում». Թաթուլի խոսքերն են: Այդպես էլ արեց: Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց ու Արցախ մեկնեց: Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը:

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին: Ասաց.

– Տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ: Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու: Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ:

Դրանից հետո դահլիճը լռեց: Թաթուլը նստեց իր տեղը ու … դեպքը պատահեց», – պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը:

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում հոկտեմբերի 4-ին:

«Հայրենասեր, ազգանվեր մարդ, բարեխիղճ սպա, լավ ընտանիքի լավ զավակ, լավ ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, վստահելի ընկեր: Ինչքան դրական բառեր կան, դրանցով կարելի է բնորոշել Թաթուլին»,- ասում է ընկերը՝ Անդրանիկ Խաչատրյանը:

Կանցնեն տարիներ: Եվ Թաթուլ Օթարյանի որդին՝ Տիգրանը, դեռ շատ պատմություններ կիմանա հայրենիքի նվիրյալ հոր մասին և վստահաբար կլինի արժանի հոր արժանի զավակ: