Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2014թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը աշակերտներին կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Տնօրենը ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունները, ընդհանուր գծերով վերհանեց նրանց առանձնահատկություննները, ապա տեղեկացրեց, որ 2015 թվականից ԵՊՀ ԻՄ-ում կգործի նոր՝ «Հոգեբանություն» մասնագիտությունը:

Տնօրենը նշեց, որ մասնաճյուղը կարևորում է տարածաշրջանում արվեստների զարգացումը, և այդ նպատակով սույն թվականի հոկտեմբերի 15-ից մասնաճյուղում կգործի խմբակ, որի նպատակը կլինի օժտված և տաղանդավոր աշակերտներին նախապատրաստել «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության համար:

Նշվեց, որ մինչև նոյեմբերի 1-ը պարապմունքները համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն անվճար:

Վերջում դպրոցի տնօրենը գոհունակություն հայտնեց մասնաճյուղի նման նախաձեռնության համար և նշեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: