Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Տավուշի մարզի մի շարք դպրոցների աշակերտների հետ

2015թ. փետրվարին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ էր կազմակերպել Տավուշի մարզի մի շարք դպրոցներում (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովիտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Գանձաքարի, Գետահովիտի միջնակարգ դպրոցներ):

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդվող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին ՄԿՊԿ բաժնի վարիչ Վահան Աղաբաբյանը, գիտքարտուղար Մհեր Աթոյանը, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը նրանց ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետներն ու ամբիոնները, գործող մասնագիտությունները:

Քննարկեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր: Ապագա դիմորդներին ներկայացվեցին նաև մարտի 14-ին ԵՊՀ-ի կողմից մասնաճյուղում կազմակերպվող օլիմպիադայի մանրամասները, կոչ արվեց մասնակցել և իրենց կարողությունները փորձել գիտելիքների ստուգատեսում: Հանդիպումներն ընթանում էին հարց ու պատասխանով:

Աշակերտները փորձեցին պարզել ինչպես կրթական գործընթացներին, ուսման վարձաչափերին, այնպես էլ բուհի քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Ապագա դիմորդներին հետաքրքրում էին հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերն ու արտոնությունները, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրության հետ կապված հարցերը:

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: