Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը` ԵՊՀ ղեկավարների շարքում

Ս.թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ-ի կառավարումն անցել էր ուսանողների ձեռքը: Ուսանողական խորհրդի կողմից նախապես հայտարարվել էր «Եթե ես լինեի ռեկտոր» թեմայով էսսեների մրցույթ: Լավագույն աշխատանքների հեղինակները զբաղեցրել էին ԵՊՀ ռեկտորի, գիտական խորհրդի քարտուղարի, պրոռեկտորների և դեկանների պաշտոնները:

ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորի դերը ստանձնել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Ալավերդյանը:

Նախ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորակազմ «Ուսանողական ռեկտորատի» նիստ, որի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր: Նիստի ընթացքում ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Սլավիկ Ալավերդյանը հանդես եկավ գնումների գործընթացի հետ կապված խնդիրների մասին զեկուցումով:

 Ապա մեկօրյա պաշտոնյաներն անցան իրենց աշխատասենյակները և զբաղվեցին իրենց պաշտոնական լիազորություններից և պարտավորություններից բխող գործունեությամբ: Նրանց աշխատանքային օրն ընդմիջվեց «Ուսանող-2012» համերգ-մրցանակաբաշխությամբ, որից հետո բոլոր պաշտոնյաները հավաքվեցին և ամփոփեցին իրենց աշխատանքային օրը: