Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Նախ ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` ազդարարելով միջոցառման բացումը:

Խոսելով Պ.Սևակի մեծության, նրա և իր գործերի անմահության, կյանքի, ապրած տարիների ու գրչի հզորության մասին` դոցենտ Խ.Վարդանյանը պատմեց նաև իր հուշերը Պ. Սևակի կյանքի, նրա` վերջնականապես չբացահայտված մահվան մասին:

Այնուհետև ուսանողները հանդես եկան բանաստեղծություններով, որոնք ընտրված էին Պարույր Սևակի տարբեր ժողովածուներից («Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Մայրամուտից առաջ», «Նորից քեզ հետ»):

Ուսանողների կողմից ներկայացված բանաստեղծություններից հատկանշական են հետևյալները` «Մարդ էլ կա, մարդ էլ», «Որդուս», «Վարք Մեծաց», «Եվ այր մի Մաշտոց», «Ղողանջ եղեռնական», «Գլխապտույտ», «Դու ես մեղավոր», «Ծերանում ենք Պարույր Սևակ» և այլն:

Միջոցառման վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ներկաները: