Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզային գրադարանում Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս անցկացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ներկա էին գրադարանի աշխատակիցները, ընթերցողներ և ուսանողներ:
Բանախոսը ներկայացրեց, որ օրերս լրացել է մեծանուն գրողի ծննդյան 100-րդ տարեդարձը:

Ընդգծվեց, որ Սերո Խանզադյանն այն գրողներից է, որոնց ստեղծագործական որոնումների առանցքում հայրենիքի քաղաքական ճակատագիրն է, որը ձևավորում է նրա աշխարհընկալման մոտիվները, գեղարվեստական վերարտադրման թեման, կերպն ու ոճը, իրադարձությունների հորձանուտում հայտնված անհատի դրաման:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Գծագրվեցին անվանի գրողի հոգևոր կենսատարածքի ու ժամանակային ընդգրկումների սահմանները` հայոց պատմության հին ու նոր շրջաններ, Մեծ եղեռն, խորհրդային կարգերի հաստատում, կուլակաթափություն, հետպատերազմյան կյանքի ծանր օրեր, «ձնհալի» շրջանի հույսերի, սպասումների, լճացման տարիների հուսախաբությունների ու հոգևոր սնանկացման տարիներ, արցախյան գոյամարտ, 1980-90-ականների սկզբի համազգային ոգևորության ու զարթոնքի երանելի ակնթարթներ:

Դրանց յուրաքանչյուր հանգրվանում հայ մարդն է` հողագործը, այգեպանը, անասնապահը, երկրաբանը, մտավորականը` հասարակական տարբեր խավերի աշխատավոր մարդիկ` իրենց առօրյա հոգսերով ու ցավերով, մտահոգություններով ու սպասումներով, նաև ուրախության ու երջանկության կարճատև պահերով:

Նրանք կուլակաթափության տարիների ու ստալինյան դժնդակ ժամանակների զոհերն են, նրանց զավակները, հաշմված ու խեղված մարմնով ու հոգով մարդիկ, պատերազմից հույսերով ու հավատով վերադարձած զինվորներ, ովքեր բախվում են դաժան իրականության հետ ու տառապում թերարժեքության բարդույթներով:

Բնութագրվեցին Խանզադյանի կերտած կերպարները` զարմանալիորեն կենսասեր ու հայրենի հողին արմատներով կապված մարդիկ, որոնց համար հայրենիքը ոչ թե սոսկ ծննդավայր է, աշխարհագրական տեղանք, այլ կայուն ու անբեկանելի արժեհամակարգ, ինքնաճանաչման ու ինքնահաստատման միջոց:

Ս. Խանզադյանի հերոսները, ինչքան էլ դժվարին լինի իրենց ապրած ժամանակներում մնալ անաղարտ ու մաքուր, պահպանում են մարդկայնության` լեռնաշխարհում արմատավորված չափանիշները:

Նրանք, կսկիծն ու ցավը ներսում խեղդած, երբեք չարությամբ չեն լցվում աշխարհի ու մարդկանց նկատմամբ, կյանքի ամենաողբերգական, ծանր պահերին անգամ չեն հուսալքվում, թևաթափ չեն լինում:

Շեշտվեց, որ Ս.Խանզադյանի ստեղծագործություններից շատերը, կենսագրական լինելով հանդերձ, վերաճում են մի ամբողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նկարագրի, մի ամբողջ սերնդի պատմության:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ս. Խանզադյանը գրականություն է բերում Սյունյաց լեռնաշխարհի գույներն ու երանգները, բայց չի կտրվում մեծ աշխարհի անցուդարձից: Մեծ աշխարհը նրա համար ճանաչելի է դառնում հայրենի բնության, այդ բնության մեջ ապրող հասարակ մարդկանց ու նրանց զգացմունքների, նախնականորեն պարզ կենցաղի, վարք ու բարքի միջոցով:

Ս. Խանզադյանի ստեղծագործություններում միահյուսված են պատմական փաստն ու հորինվածքը, լեգենդն ու իրողությունը, դրանց մեջ ավանդականը հանդես է գալիս ոչ միայն որպես բովանդակության տարր, այլ որպես ներքին ձևի հատկանիշ:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Ներկաները ողջունեցին նման նախաձեռնությունը, ներկայացրին Ս.Խանզադյանի մասին հուշեր, արժևորեցին նրա ստեղծագործությունները:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս