Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒԳԸ-ն պարգևատրեց ակտիվ ուսանողներին և աջակիցներին

2013թ. մայիսի  31-ին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը ներկայացրեց կազմավորումից ի վեր կառույցի անդրանիկ հրապարակային հաշվետվությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա սեղմ ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը և նպատակները:

Այնուհետև առաջարկեց դիտել ՈՒԳԸ-ի գործունեության վերաբերյալ տեսանյութ, որը պատրաստվել էր ընկերության անդամների կողմից:

Տեսանյութը դիտելուց հետո Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ շնորհալի և ակտիվ ուսանողները միշտ գտնվել են թե՛ուսանողական գիտական ընկերության, թե՛ մասնաճյուղի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին ակտիվ ուսանողները պարգևատրվել են նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից: Ապա պատվոգրեր ստանալու համար բեմ հրավիրեց վերջին 3-4 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ի աշխատանքներին առավել ակտիվորեն մասնակցած ուսանողներին: Նրանք ընտրվել էին բոլոր մասնագիտություններից՝ գլխավորապես ավարտական կուրսերից:

Այնուհետև շնորհակալագրեր և գրքեր ստացան ՈՒԳԸ-ին աջակցած և նրա հետ համագործակցած անձինք, կառույցների անդամները կամ ղեկավարները:

Շնորհակալագիր տրվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին՝ կազմավորումից ի վեր կառույցին ցուցաբերած համակողմանի աջակցության համար:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց նվերի և շնորհակալագրի համար, շնորհավորեց ՈՒԳԸ-ին և պարգևատրվողներին, խոսեց ակտիվության, սովորելու և ինքնադրսևորվելու կարևորության մասին:

Ուսանողական գիտական ընկերությունը նախատեսել էր անակնկալ:

Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ երգիչ Վահագն Ռուշանյանը (Վահագ Ռաշ), որը կատարում է մեծ մասամբ հայ գրողների (Ե.Չարենց, Մ.Մեծարենց, Հովհ.Շիրազ, Վ.Տերյան, Ս.Կապուտիկյան) բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ նա կատարեց 4 երգ՝ «Լուսամփոփի պես աղջիկ», «Անուրջներ», «Հայուհի գեղեցիկ», «Աշնան քամի»: