Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել:

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր: Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կառավարության կայքում տեղադրված է որոշման նախագիծն ու տեղեկանք-հիմնավորումը, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ: Դեռևս 2010 թ-ի ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ Կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ կարժևորվի Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում  Մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առել նաև ուսանողական կյանքը, ձևավորվել են ուսանողական ավանդույթներ:

ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջարկությունում նշվել է նաև, որ բացի այն ավանդից, որ ունեցել է և ունի ԵՊՀ-ն մեր պետության զարգացման տարբեր ոլորտներում, մայիսի 16-ը նաև նպատակահարմար է` իբրև գարնան գեղեցիկ ժամանակահատված: Մայիսը` իբրև հաղթանակների, ազգային զարթոնքի ամիս, ինքնին խրախուսելի է հայ ուսանողի օրն այս ամսում նշելու համար:

Բացի այդ` մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ, երբ գալիս է պահն ապացուցելու ու հիմնավորելու ստացած գիտելիքները, ու տոնն էլ, կարծես, լրացուցիչ խթան է դառնում ուսանողին` իր դերն ու ստացած ուսումը կարևորելու համար: Գարնանային այս տոների շարքում իր ուրույն տեղը կունենա ուսանողների և երիտասարդների օրը: Այն կդառնա տոնական գեղեցիկ հանդիսությունների առիթ հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Տոնը ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեծացնելու հետաքրքրությունը հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների, նրանց դերի և, ինչու չէ, նաև խնդիրների հանդեպ` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

Աղբյուրը` www.ysu.am