Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ուսանողներն անցկացրին բասկետբոլի դպրոցական առաջնություն

2013թ. մարտի 16-19-ը Իջևան քաղաքում տեղի ունեցավ բասկետբոլի (աղջիկներ) դպրոցական առաջնություն, որը կազմակերպել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ֆինանսավորմամբ:

Նախաձեռնության նպատակն էր խթանել աղջիկների սպորտային ակտիվությունը:

Դպրոցներին տրամադրվել էին բասկետբոլի գնդակներ և տրվել էր շուրջ մեկ ամիս ժամանակ՝ առաջնությանը նախապատրաստվելու համար:

Առաջնությանը մասնակցում էին Իջևանի 5 դպրոցների (3 հիմնական, 1 ավագ, 1 վարժարան) 9-10-րդ դասարանների աշակերտուհիները: Խաղերին հետևում էին մեծ թվով երկրպագուներ:

Տեղի ունեցավ 10 խաղ: 1-ին տեղը գրավեց Իջևանի վարժարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին Իջևանի թիվ 3 և 1 հիմնական դպրոցների թիմերը:

Մրցանակաբաշխությունը կայացավ մարտի 19-ին Իջևանի մարզադահլիճում: Ներկա էին Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ, դպրոցների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ թիմի անդամները` մեդալներով և պատվոգրերով: Առաջնությանը մասնակցած մյուս թիմերի (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց) անդամները ստացան շնորհակալագրեր:

«Լավագույն խաղացող» ճանաչվեց հաղթող թիմի անդամ Դիանա Մարտիրոսյանը, «Լավագույն ավագ»` Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչ Անի Էդիլյանը, «Լավագույն մարզիչ»` Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մարզիչ Գառնիկ Սառիկյանը, իսկ «Ամենակազմակերպված թիմ»` Իջևանի վարժարանի թիմը: