Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

2015թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության մի խումբ ուսանողներ` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, իրականացրին ամառային պրակտիկա Լուսահովիտ (նախկինում` Ծռվիզ) գյուղում։

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Կազմակերպված պրակտիկան մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության և Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության համագործակցության շղթայի հերթական օղակն էր:

Պրակտիկայի նպատակը Լուսահովիտ գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին գտնվող Մորու ձորի վանքի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն էր:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Մորու ձորի վանքը (Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք) կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։

Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։

Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։

1213թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը:

Լուսահովտի գյուղապետի և գյուղացիների ջերմ ընդունելությունից հետո մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք, բարեկարգեցին վանքի շրջակա տարածքը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Այնուհետև արշավախմբի անդամները հրաշք բնության գրկում ծավալեցին ռեկրեացիոն հզոր ռեսուրսների մասին քննարկում, գնահատեցին գյուղի և վանքի զբոսաշրջային ներուժը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Հաճելի տպավորություններով և օգտակար գիտելիքներով «զինված»` մեր ուսանողները վերադարձան Իջևան։