Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները մասնակցեցին ամառային դպրոցի

2015թ. մայիսի 2-ին և 3-ին «Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոնում անցկացվեց «Էկոտուրիզմի կազմակերպման և կայուն զարգացման հիմնահարցերը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց, որը կազմակերպել էր «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

Դպրոցի` ավելի քան 50 մասնակիցների թվում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ալբերտ Զուրաբյանը, Լիա Բլբուլյանը, Վաչե Ափինյանը, Անահիտ Ղալումյանը, Աննա Ղազարյանը, Արփինե Գասպարյանը, շրջանավարտներ Սլավիկ Ալավերդյանը և Մարիամ Պետրոսյանը:

Դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ-ից, ՀՊՀՄ-ից, ԳԱԱ-ից հրավիրված առաջատար մասնագետներ:

Բացման խոսքով հանդես եկան դպրոցի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Քեռյանը և «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Առաջին օրվա դասախոսություններն ունեին տեսական-ներածական բնույթ:

1. «Կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և Հայաստանի մասնակցությունը» թեմայով դասախոսություն ներկայացրեց ա.գ.թ., պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

2. «Լանդշաֆտային պլանավորումը կայուն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից» թեմայով դասախոսություն ներկայացրեց ա.գ.թ., պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:

3. «Կայուն զբոսաշրջության էությունն ու առանձնահատկությունները» և «Էկոզբոսաշրջության էությունն ու զարգացման արդի միտումները» թեմաներով դասախոսություններ ներկայացրեց ա.գ.թ., դոցենտ Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ օրվա դասախոսություններում շեշտը դրված էր գործնական հմտությունների զարգացման և փորձի փոխանակման վրա:

1. «Միջմշակութային հաղորդակցությունը զբոսաշրջության ոլորտում» դասախոսության մեջ ա.գ.թ. Գոռ Ալեքսանյանը ներկայացրեց զբոսավարության համար անհրաժեշտ բաղադրիչները և միջմշակութային հաղորդակցման ժամանակ առաջացող խնդիրները, նշեց տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ նույն ժեստի տարբեր իմաստների մասին:

2. «Ազգային պարկերը, որպես էկոզբոսաշրջության զարգացման օբյեկտ. վերլուծություն «Դիլիջան» ԱՊ-ի օրինակով» թեմայով դասախոսության մեջ ՀՊՀՄ հայցորդ Տիգրան Քեռյանը ներկայացրեց «Դիլիջան» ազգային պարկի զբոսաշրջային պոտենցիալը, կիսվեց իր զբոսավարության փորձով:

3. «Ջրային ավազանները որպես էկոտուրիզմի զարգացման օբյեկտ» թեմայով դասախոսության մեջ կ.գ.թ. Վարդան Ասատրյանը ներկայացրեց ՀՀ ջրային ռեսուրսների զբոսաշրջային պոտենցիալը, դրանց օգտագործման միջազգային չափանիշները, տուրիզմի տարբեր ձևերի զարգացման հնարավորություններ ունեցող ջրային օբյեկտները, ՀՀ-ի հանքային ջրերի նմանությունը աշխարհում հայտնի հանքային ջրերին:

Դպրոցի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, կազմակերպչական հարցերում աջակցածներին և դասախոսներին՝ շնորհակալագրեր: