Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

2017թ. մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողները:

Ուսանողների հետ հանդիպումը կազմակերպել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն  ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը՝ հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետներ ներգրավելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` նախատեսված Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցները, իրենց հետ բերելով նորարարական մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:  

Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները  և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց  կարիերայի ընթացքից։