Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խոնարհում Սրբոց նահատակաց

2015-2016 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ, «Մշակութաբանություն» առարկայի շրջանակներում այցելեցին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի:

Խոնարհում Սրբոց նահատակաց

Այցը համընկավ Մայրության և գեղեցկության օրվան, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ուսանողները նախ խոնարհվեցին Տիրամոր պատկերի առջև, ապա մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նույն եկեղեցում արդեն մեկ շաբաթից ավելի ցուցադրվող Սրբոց նահատակաց սրբապատկերին:

Հիշենք, որ շուրջ մեկ տարի առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի ու հայրենիքի զոհվածների հավաքական սրբադասման արարողությունը: Օրհնված 2 սրբանկարներից մեկը՝ Սրբոց նահատակաց մեծադիր կտավն, այդուհետ շրջում է թեմից թեմ՝ ի տես և ի երկրպագություն հավատավոր հայ ժողովրդի:

Խոնարհում Սրբոց նահատակաց

Սրբանկարի հեղինակ, գյումրեցի տաղանդավոր գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը մեր ուսանողներին սիրով բացատրեց նկարի ստեղծման պատմությունը, իր առջև դրված խնդիրները և սրբանկարի խորհուրդը: Ընդգծվեց, որ այս օրերին հայրենի սահմաններին զոհված հայ հերոսների հոգիները կարծես միախառնվեցին անցյալի մեր նահատակների անմահ հիշատակին՝ խորհրդանշելով սերունդների հոգևոր կապն ու շարունակական հանձնառությունը՝ հանուն հայրենյաց պաշտպանության:

Ուսանողները աղոթք հղեցին առ Աստված՝ Բարձրյալից խնդրելով խաղաղություն և անսասանություն երկրին:

Նրանք միաժամանակ խոստովանեցին, որ այս կերպ «Մշակութաբանություն» առարկան դառնում է ավելի շոշափելի. նման այցելություններն ու հանդիպումները նպաստում են գործնական հմտությունների ձեռքբերմանը:

Խոնարհում Սրբոց նահատակաց