Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

2016թ. հոկտեմբերի 1-ից 14-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Իջևանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում (Իջևանի ավագ, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Ն.Ծաղկավանի, Գանձաքարի, Գետահովտի միջնակարգ դպրոցներ): 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսուցիչներ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նախ ողջունեց աշակերտներին, ընդգծեց մասնագիտությունների ճիշտ ընտրության կարևորությունը մարդու կյանքում, ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկություններին և աշխատաշուկայում ունեցած պահանջարկին: 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Նա նշեց, որ, հաշվի առնելով մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները տարածաշրջանի աշխատաշուկայում մասնագիտությունների ունեցած պահանջարկի վերաբերյալ, իրականացվել են մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝ «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.)  քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:

2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ավելացվել են «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:

Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

 

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը: Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կատարվել են օտար լեզուների հետ կապված փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում