Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2024 թ. առաջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ կրթական ստորաբաժանումների ղեկավարների (ֆակուլտետների դեկանների)՝ 2022-2023 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները:

Առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ում դասագրքերի և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգը, քննարկվեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Կամոյի Ազատյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին հարցը:

ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների (Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի, Հումանիտար գիտությունների) դեկանները ֆակուլտետների կողմից մշակված գործողությունների պլաններին համապատասխան ներկայացրին հաշվետու ուստարում իրականացված աշխատանքների արդյունքները:

Իրենց հաշվետվություններում դեկանները մասնավորապես անդրադարձան գործողությունների իրականացման արդյունքում արձանագրված հիմնական հաջողություններին կամ ձեռքբերումներին, դրանք ի նպաստ ֆակուլտետի գործունեության արդյունավետության հետագա բարելավմանն օգտագործելուն, անհաջողություններին կամ դժվարություններին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի՝ չորս ֆակուլտետների դեկանների ներկայացրած 2022-2023 ուստարվա հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ տվյալ ուստարում ֆակուլտետներում նրանց իրականացրած գործունեությունը գնահատվեց բավարար:

ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները ներկայացնելիս նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ դրանք կազմակերպել է համաձայն գործող կարգի, հարցաշարի և ժամանակացույցի: Առաջին կիսամյակի հարցումներն առկա ուսուցմամբ սովորողների համար իրականացվել են փետրվարի 7-22-ը, հեռակա ուսուցմամբ սովորողների համար՝ մարտի 10-25-ը, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը (առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:

Հարցաշարի առաջին երկու հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, մասնաճյուղում տոկոս չեն կազմում: Երրորդ հարցը վերաբերում է կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքին: Առկա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 223 ուսանող, որից 191-ը (90%) արդյունավետ է համարել կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքը, իսկ հեռակա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 57 ուսանող, որից 55-ը (97%) նույնպես համարել է արդյունավետ:

Մյուս հարցերը վերաբերում էին ֆակուլտետների, դեկանատների, մասնագիտական ամբիոնների և դասախոսների կողմից կրթության կազմակերպման և իրականացման աշխատանքների գնահատմանը:

Հարցման արդյունքներն ուղարկվել են ֆակուլտետներ և մասնագիտական ամբիոններ՝ նիստերում քննարկելու, արտահայտված կարծիք-առաջարկների, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:

Ըստ վերջին հարցի շուրջ անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների (միաձայն՝ 29 կողմ ձայնով)՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ա. Ազատյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: