Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթի 5 անվանակարգում մեր ուսանողն արժանացել է դիպլոմների

1. IMG_8861 Օրերս ամփոփվել են 2023 թ. դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում անցկացված «Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը 5 անվանակարգում արժանացել է դիպլոմների:

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթին մասնակցել են Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ռուսաստանի բուհերի բակալավրատի, մագիստրատուրայի և ասպիրատուրայի ուսանողներ:

Միջազգային մրցույթը, ինչպես նշում են կազմակերպիչները, ակտուալ և նշանակալից իրադարձություն է, որի նպատակն է ճանաչել և աջակցել տաղանդավոր ուսանողներին ամբողջ աշխարհում: Այն թույլ է տալիս ընդգծել և ոգեշնչել երիտասարդ առաջնորդներին, ովքեր կկարողանան լուծել արագ փոփոխվող տեխնոլոգիաների, սոցիալական և բնապահպանական  խնդիրները և ստեղծել պայծառ ապագա:

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթն անցկացվել է 17 անվանակարգում: Ընդհանուր թվով 47 մասնակիցներ արժանացել  են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի 80 մրցանակի:

Հայաստանից «Տարվա ուսանող 2023» միջազգային  մրցույթին մասնակցել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող Սահակ Գուլակյանը՝ 5 անվանակարգում ստանալով տարբեր կարգի դիպլոմներ:

«Երիտասարդ նորարար» անվանակարգում Ս. Գուլակյանն արժանացել է 1-ին կարգի դափնեկրի դիպլոմի, «Տարվա էկոլոգիական պաշտպան» անվանակարգում՝ հաղթողի 2-րդ կարգի դիպլոմի, «Տարվա միջազգային ուսանող», «Երիտասարդ հետազոտող» և «Տարվա բեկում» անվանակարգերում՝ հաղթողի 3-րդ կարգի դիպլոմի:

Միջազգային մրցույթին նախապատրաստվելու գործում Սահակ Գուլակյանին ցուցաբերված մասնագիտական աջակցության և տարբեր անվանակարգերում դիպլոմներ ստանալու համար շնորհակալագրերի է արժանացել գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Մարգարյանը:

Մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Սահակ Գուլակյանին՝ նրան մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և կյանքում, նախաձեռնողականություն և նպատակասլացություն, ամենայն բարիք:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://students.interclover.ru/econ/student.html: