Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Որքանո՞վ են գոհ մեր ուսանողները 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի առցանց ուսուցումից

PDCA. որակի լոգո

   Սիրով տեղեկացնում ենք մեր բոլոր շահակիցներին, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ «Որակի ապահովման գործընթացներ» բաժնում, տեղադրվել են մանսաճյուղի ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված ուսանողական առցանց հարցման (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների բավարարվածությունը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացված առցանց ուսուցումից) արդյունքները և դրանց վերլուծությունը:

Առցանց հարցմանն ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն. ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր մասնագիտությունների 1-3-րդ կուրսերի 371 ուսանողներից հարցմանը մասնակցել է 289 ուսանող (գրեթե 80%-ը):

Հարցումը նպատակ ուներ պարզելու ուսանողների բավարարվածությունը մասնաճյուղում իրականացված եռամսյա առցանց ուսուցումից (2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումից ի վեր), վերհանելու առաջացած խնդիրները և հավաքագրելու ուսանողների առաջարկները՝ հետագա բարելավման նպատակով:

Ուսանողների կարծիքներն ու առաջարկները ձևավորվել են հետևյալ հիմնահարցերի շուրջ՝ «Ուսանողների ներգրավվածությունը առցանց դասընթացներին և կիրառվող տեղեկատվական հարթակները», «Անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերումը», «Ուսումնական նյութերի աղբյուրները և ռեսուրսները», «Ընթացիկ ծանրաբեռնվածությունը և գնահատումը», «Քննությունների անցկացման ձևերը և ակադեմիական ազնվության պահպանումը»:

Ընդհանրացնելով հարցման արդյունքները՝ արձանագրվել է, որ մասնաճյուղում հաջողվել է արդյունավետ իրականացնել առցանց ուսուցում, ապահովել գիտելիքի և մասնագիտական կարողությունների փոխանցում, ուսանողի ձեռքբերումների գնահատում և այլն։ Հարցման մասնակիցների 42,4%-ը նշել է, որ ամբողջությամբ բավարարված է մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից, 42%-ը՝ բավարարված է մասամբ, իսկ 15,6%-ը բավարարված չէ։

Ուսանողները նշել են առցանց ուսուցման հետևյալ դրական կողմերը՝ արտակարգ իրավիճակում անհրաժեշտ կրթության ձեռքբերում, ժամանակի և ֆինանսների խնայողություն, անկախ գտնվելու վայրից՝ դասընթացներին մասնակցության ապահովում, ինքնուրույն սովորելու պատասխանատվության մեծացում, կազմակերպվածության և պարտաճանաչության ավելացում և այլն:

Առցանց ուսուցման խնդիրներից ուսանողներն առանձնացրել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի բացակայությունը կամ թույլ աշխատանքը, առողջական խնդիրները, որոնք առաջանում են համակարգչի առջև երկար նստելուց, առցանց ուսուցման դեպքում դասաժամերի տևողությունը, չափից շատ ծանրաբեռնվածությունը և իհարկե մարդկային շփման բացակայությունը:

Ուսանողները կատարել են առցանց ուսուցման կազմակերպմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Նրանք առաջարկում են նվազեցնել դասաժամերի տևողությունը և քանակը, ոչ մասնագիտական դասընթացների ծանրաբեռնվածությունը, փոխել քննությունների ձևերը և բոլոր դասընթացներն ավարտել ստուգարքով։ Դասախոսներից էլ պահանջում են հետևողականություն, որ դասերին ու քննություններին ուսանողները միացնեն իրենց տեսախցիկները:

Հարցման մասնակիցների 70%-ի կարծիքով՝ առցանց քննությունների ժամանակ հնարավոր չէ ապահովել ակադեմիական ազնվություն ուսանողների կողմից տեխնիկական տարբեր միջոցների կիրառման հետևանքով: Այստեղ դասախոսները բավականին աշխատանք ունեն կատարելու՝ ավելացնելու ընթացիկ առաջադրանքների քանակը՝ դրանք դարձնելով անհատական, վերանայելու դասավանդման և գնահատման մեթոդները, քննական տոմսերը՝ դրանցում ներառելով ոչ միայն ուսանողների գիտելիքները, այլ ավելի շատ վերլուծական մտքի և եզրահանգումներ կատարելու կարողությունները բացահայտող հարցեր և առաջադրանքներ:

ՄԿՈԱ բաժինն արդեն ավարտում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 100 ներկայացուցիչների շրջանում կազամակերպած նմանատիպ հարցումը, որի արդյունքների վերլուծությունը կհամադրվի ուսանողների կարծիքների հետ։ Դրանից հետո բաժինը առաջարկներ կմշակի առցանց կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։