Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

2016թ. մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ, համալսարանականներն այցելեցին Իջևանի Ազատության հրապարակում գտնվող հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին, հարգելու նրանց հիշատակը:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում-1

Համալսարանականները ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանի առջև:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառումն սկսվեց աղոթքով, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց ներկաներին՝ նշելով. «Հայը հոգեպես և ֆիզիկապես միշտ ամուր է եղել: Մեր հայրերն ու եղբայրները հայրենիքը փրկելու համար ուխտեցին սեփական կյանքի գնով անսասան պահել հայրենիքի սահմանները: Այժմ մեր և մեր որդիների ժամանակն է անսասան պահելու երկի սահմաններն ու հայ ժողովրդի անդորրը: Եվ եթե մենք համախմբվենք և վստահենք Աստծո զորությանը, միշտ անպարտելի կմնանք»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. « Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և  մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Հայոց բանակի տոնն է` շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտին մասնակցած բազմաթիվ երկրապահներ, որոնց շնորհավորեցին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս.Առաքելյանը:

Պարոն Առաքելյանը, շնորհավորելով քառատոնի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն, ժամանակի հրամայական և մեկնակետ էր, որից սկսվեց հայ ժողովրդի հերթական հաղթական հերոսամարտը, որը շարունակվում է մինչ օրս և մեր եղբայրներն ու որդիներն այսօր ևս փաստում են, որ հայը միշտ անպարտելի է»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև միջոցառման մասնակիցները ուղևորվեցին ներկա գտնվելու Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվող սուրբ պատարագին: