Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

2016թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

 

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Համալսարանականներն ու քաղաքացիները զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը և տոնական երաժշտություն:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Այնուհետև ելույթ ունեցան Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Հաղթանակի և խաղաղության կապակցությամբ շնորհավորելով բոլորին, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, մերօրյա պատերազմի ազատամարտիկներին, ցավով և հպարտությամբ հիշեցին մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով կերտել են երկրի վաղվա օրը, այսօրվա այնքա՜ն թանկ խաղաղությունը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:  

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների՝ վախ ու խուճապ առաջացնելու հակառակորդի շարքերում…

Շուշիի ազատագրումով մենք առաջին քայլը կատարեցինք պատմական արդարության վերականգնման ճանապարհին: