Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի ընդլայնված նիստում

2016թ. նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ֆակուլտետի գիտխորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա կուրսային և ավարտական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, ամփոփվեցին այս ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի ընդլայնված նիստում

Առաջին հարցի վերաբերյալ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ներսիսյանը մասնավորապես նշեց, որ կուրսային և ավարտական  աշխատանքների կատարման ընթացքը վերահսկվում է համապատասխան ամբիոնների և ղեկավարող դասախոսների կողմից:

Ամբիոնների կողմից կազմվել է ղեկավարների հետ հանդիպումների ժամանակացույց: Ուսանողներին տրվել է կուրսային և ավարտական աշխատանքների համար անհրաժեշտ տեսական գրականության ցանկը, հստակեցվել աշխատանքի կառուցվածքը, և այժմ աշխատանքները շարադրանքի փուլում են:

Զեկուցողը նշեց, որ մասնակի բացառություններով կուրսային և ավարտական աշխատանքների կատարման ընթացքը բավարար է: Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում ունենալ այն ուսանողներին, ովքեր դեռևս բավարար աշխատանք չեն կատարել, հանդիպել նրանց ղեկավարներին, հարկ եղած դեպքում այդ գործում ներգրավել նաև ամբիոնի այլ դասախոսների:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի ընդլայնված նիստում

Ամփոփելով 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների  և ստուգումների արդյունքները՝ խորհրդի նախագահը նշեց, որ քննաշրջանը կազմակերպվել է պատշաճ կարգով, նախապես կազմված ժամանակացույցով: Ուսանողների կողմից բարձրացված խնդիրները՝ կապված հարցաշարերի հետ, ժամանակին լուծվել են, և տարաձայնություններ չեն եղել:

Ընդգծվեց, որ ընթացիկ քննությունների և ստուգումների ճիշտ կազմակերպումը ուսանողների գիտելիքների մաս-մաս ստուգման մեխանիզմի կատարելագործման գործում ունի կարևոր դերակատարություն: Այս կիսամյակի ընթացիկ քննություններն ու ստուգումները իրականացվել են տարբեր մեթոդներով: Որոշ դասախոսներ ուսանողների գիտելիքները ստուգել են հարցը ամբողջական շարադրելու մեթոդով, իսկ ոմանք՝ քննական թեստերով: Քննական թեստերի կազմման գործում կիսամյակից կիսամյակ նկատվում է մասնագիտական կատարելագործում:

Նիստը իր ելույթով եզրափակեց մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա բավարար համարեց կատարված աշխատանքները և նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ընթացիկ քննություններին և ստուգումներին, հետևողական լինել, որ ուսանողների գնահատականնեը հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի ընդլայնված նիստում