Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

2017թ. մարտի 11-ին Տավուշի մարզային գրադարանում կայացավ գրականագետ, բ.գ.թ., ասիստենտ, մասնաճյուղի դասախոս Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին գրադարանի աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի անդամները, ուսանողներ, ուսուցիչներ ու աշակերտներ, հյուրեր, լրատվամիջոցների, մարզի գրասեր հասարակության ներկայացուցիչներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Վահան Տերյանի 130-ամյակի առիթով հրատարակված այս գրքում ներկայացված է տերյանագիտության անցած ուղին, ներառված են անտիպ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և  թարգմանություն, Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից դուրս գալու վերաբերյալ բանաստեղծի դիմում-հայտարարությունը, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ, ընդհանրապես Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:

Գրքի շնորհանդեսին գնահատանքի ու արժևորման խոսք ասացին հեղինակի իջևանյան գործընկերները՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա.Հասանյանը, Վ.Աղաբաբյանը, դոցենտ Ա.Սարհատյանը,   արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Թելման Մայիլյանը (ծագումով՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից) և ուրիշներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Աշակերտները և ուսանողները ներկայացրին մեծ բանաստեղծ Վ.Տերյանի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ փաստերից, կատարեցին նրա նրբակերտ բանաստեղծություններից ու դրանց հիման վրա գրված հոգեթով երգերից («Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել»,  «Տխրություն» և այլն):  

Ելույթ ունեցավ գրքի հեղինակ, Վ. Տերյանի ծոռ Գ. Էմին-Տերյանը՝ ներկայացնելով  բանաստեղծի, հասարակական գործչի և քաղաքացու կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ գրքում զետեղված արժեքավոր ու մինչ օրս գաղտնի պահված փաստեր, ինչպես նաև հաջորդ գրքից («Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը») ազդեցիկ դրվագներ, որոնք միանգամայն նորովի բացահայտեցին Վահան Տերյանին:

Վերջում պարոն Էմին-Տերյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի անձնակազմին և բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար:  

 

Բոլոր լուսանկարները՝ http://shamshyan.com/ – ում: