Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի ուղեկցությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզի Մորու ձորի վանք (Ծռվիզի վանք):

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանց նախապես հանձնարարվել էր տեղեկություններ պատրաստել վանքի մասին: «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Փիրումյանը որպես էքսկուրսավար ներկայացրեց վանքի պատմությունը: Նա մասնավորապես նշեց, որ Ծռվզի Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին Աղստևի հովտի՝ 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է:

Այն փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-7-րդ դդ: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ՝ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Ըստ մատուռի պատերին արված արձանագրությունների՝ վրացի իշխան Գեորգին 1156-1184 թվականներին ազատել է վանքը հարկերից։

Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորու ձորի մատուռը 1980թ. ենթարկվել է վերանորոգման, այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Ուսումնական պրակտիկայի ընթացքում «Սերվիս» մասնագիտության ուսանողները ծանոթացան շինության ճարտարապետությանը, պատերի զարդաքանդակներին  և արձանագրություններին:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանք ուսումնասիրեցին տարածաշրջանի  զբոսաշրջային ներուժը, եկեղեցու շրջակա միջավայրը, վանքից ոչ հեռու գտնվող հանգստյան գոտին, որտեղ այցելուները կազմակերպում են իրենց հանգիստը, տեղեկացան, որ շնորհիվ իր նպաստավոր բնակլիմայական պայմանների և հրաշալի բնական միջավայրի՝ տեղանքը հարմար վայր է նաև վրանային արշավների համար: