Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

DSCN5222 2018թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հանդիսությունների դահլիճում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի ավելի քան 60 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:

Դասընթացը վարեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանին՝ մասնակցիների հայտագրումն իրականացնելու համար, ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը, IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի գործունեությունը, «Բիզնես հմտություններ» դասընթացի մոդուլները և դասընթացավարներին:

Դասընթացն ուղեկցվեց տեսական նյութով, հարցադրումներով և քննարկումներով, թեստերի ու անհատական առաջադրանքների կատարումով և խմբային աշխատանքներով:

Առաջին օրը կայացան «Նախագծերի կառավարում», «Ժամանակի կառավարում» և «Բանակցություններ» մոդուլները: Մասնակիցները ծանոթացան նախագծերի առանձահատկություններին և սահմանափակումներին, կենսափուլերին և կառավարման գործընթացներին, աշխատանքի բաժանման կառուցվածքին (WBS), Գանտի աղյուսակին, ժամանակի արդյունավետ օգտագործման սկզբունքներին, առաջադրանքներն ըստ առաջնահերթությունների դասակարգման Էյզենհաուերի մատրիցային, բանակցությունների տեսակներին, բանակցային գործընթացի փուլերին: Մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց կազմակերպության համար ամանորյա միջոցառումների ծրագրի կառուցվածքը, լրացրին Էյզենհաուերի մատրիցան:

Երկրորդ օրվա սկզբում քննարկվեցին առաջին օրվա ձեռբերումները, հաջորդիվ կայացան «Ֆինանսների կառավարում», «Բիզնես պլան» և «Վաճառքի հմտություններ» մոդուլները: Ներկայացվեցին շուկան և ներքին շուկան, կազմակերպության տնտեսական ցիկլը, հիմնական հաշվապահական հասկացությունները, ֆինանսական արդյունքների գնահատումը, ֆինանսների գործառույթները, բիզնես նպատակների SMART ձևաչափը, բիզնես պլանի կառուցվածքը, պրոդուկտը, հաճախորդների շարժառիթները, մրցակիցների դերը: Խմբերն իրենց տրամադրված իրերից պատրաստեցին ապրանքներ և ներկայացրին դրանց յուրահատկությունները և մրցակցային առավելությունները:

Դասընթացի ժամանակ դահլիճ այցելեց նաև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:

Վերջում դասընթացավարները շնորհակալություն հայտնեցին երիտասարդներին մասնակցության համար, կոչ արեցին մանրամասն ուսումնասիրել տրամադրված ուղեցույցները և հետևել ծրագրի գործունեությանը՝ հետագայում բիզնես գաղափարներ ներկայացնելու համար:

Տավուշի մարզի երիտասարդների մեկ այլ խմբի համար նույն դասընթացը կկայանա 2019թ. հունվարի վերջին:

Դասընթացի բոլոր լուսանկարները տե ՛ս Պատկերասրահում: