Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. ապրիլի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, «Խոսնակ» ամսագրի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանի և սփյուռքագետ, պաշտոնաթող դիվանագետ Ռոմեն Կոզմոյանի ուղեկցությամբ: 

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության հիմնական նպատակը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալն էր:   

Նախ հյուրերը հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հետ և քննարկեցին մի շարք հարցեր:

Ապա տեղի ունեցավ բուհի ուսանողության հետ նրանց հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների (մեծ մասամբ հումանիտար ուղղվածության) ուսանողներ:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Պարոն Ս.Առաքելյանը ընդհանուր գծերով հյուրերին ներկայացրեց ուսանողներին՝ այցելության համար նրանց հայտնելով շնորհակալություն, համոզմունք արտահայտելով, որ նրանց հետ հանդիպումը ուսանողների համար կլինի ամենալավ դասը, որ վերջին ամիսներին նրանք կարող էին ստանալ: Այնուհետև Ս. Ա. Առաքելյանը խոսքը փոխանցեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին, ով եղել է Լիբանանում և անձնապես ծանոթ է այն մեծ գործունեությանը, որ իրականացվել է «Խոսնակ» թերթի միջոցով և պարոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ա.Ներսիսյանը խոսեց Համբիկ Մարտիրոսյանի հրապարակախոսական, խմբագրական մեծածավալ գործունեության, 1957 թվականից Բեյրութում լույս տեսնող «Խոսնակ» («Խօսնակ») գրական, հասարակական և տեղեկատու ամսագրի մասին, որը ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ) կենտրոնական վարչության օրգանն է: Հ.Մարտիրոսյանի գրական ժառանգությունից նա մասնավորապես անդրադարձավ «Ես և դուն»  (1981), «Սպիտակ երգ» (2003), «Մարդ մարդացիր, կ՛աղաջեմ» (2004) գրքերին, շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց այցելությամբ մասնաճյուղը պատվելու համար:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ոգեշնչող դասախոսությամբ հանդես եկավ պարոն Հ.Մարտիրոսյանը, ով, դիմելով ուսանողներին, այսպես սկսեց իր ելույթը. «Արևմտահայ քերթողության իշխան Վահան Թեքեյան տեղ մը կ՚ըսե. «Հետայսու սփյուռքահայ պայմաններու մեջ հայը գոյատևելու համար պետք ունի օդի, ջուրի, հացի նման հպարտության»: Ես այսօր կապրիմ այդ հպարտությունը. այդ հպարտությունը դու՛ք եք՝ երիտասարդներդ: Իտալացիք կ՚ըսեն. «Երիտասարդությու՜ն, երիտասարդությու՜ն, երջանկության գարունն ես դուն»: Բնականաբար, մեր լույսը, մեր հույսը, մեր ապավենը, մեր գալիքը դուք եք, սիրելի՛ երիտասարդներ…»:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հ.Մարտիրոսյանը մի քանի խոսքով անդրադարձավ իր կյանքի կարևոր իրադարձություններին, ծավալած գործունեությանը, ընթերցեց բանաստեղծություններ  իր «Հայերգութիւն», «Երկու ափ», «Ես և դուն» բանաստեղծությունների ժողովածուներից և հատված «Սպիտակ երգ» պոեմից («Օտարախօս Հայերուն», «Իրավունք չունի», «Ուշացած ժամադրություն» և այլն):

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Դասախոսությունից հետո տեղի ունեցավ քննարկում. ուսանողները («Պատմություն» մասնագիտության 3-րդ, 2-րդ և 1-ին կուրսի ուսանողներ Ալիխան Բալդրյանը, Մհեր Ղալումյանը, Մարգարիտ Թամրազյանը) Հ.Մարտիրոսյանից ստացան իրենց հետաքրքող հարցերի պատասխանները:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Եզրափակիչ ելույթ ունեցավ պարոն Ռ.Կոզմոյանը՝ կայացած  բովանդակալից ու ջերմ հանդիպման համար շնորհակալություն հայտնելով թե՛ պարոն Մարտիրոսյանին և թե՛ համալսարանականներին:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը՝ հանդիպման բոլոր մասնակիցների անունից իր մեծ գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտելով հյուրերին և մասնավորապես պարոն Մարտիրոսյանին՝ նման ուսանելի, հայրենաշունչ և հայաշունչ դասախոսության համար:

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումից հետո ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից հյուրերին նվիրվեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից:  

Համբիկ Մարտիրոսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ