Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

“Digital wave” ծրագրավորման ընկերությունը կրկին մասնաճյուղում է

2

 2021թ. դեկտեմբերի 15-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեցին “Digital wave” ընկերության կողմից իրականացվող ծրագրավորման անվճար դասընթացներ մասնաճյուղի ուսանողների և համայնքի ներկայացուցիչների համար: Հարցազրույցի արդյունքում դասընթացներին մասնակցելու համար ընտրվել է 17-40 տարիքային խմբի 15 ներկայացուցիչ:

Առաջին դասին նախորդեց մասնաճյուղի տնօրեն Ա.Մակարյանի և “Digital wave” ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանի կողմից համագործակցության արդեն երկրորդ հուշագրի ստորագրումը: Համաձայն նոր հուշագրի՝ «կողմերը համատեղ ուժերով նպաստում են ուսանողների և համայնքի շահակիցների ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»:

Արդեն լսարանում հանդիպման մասնակիցներին Արտաշես Թովմասյանը ներկայացրեց դասընթացների նպատակը, հիմնական խնդիրները, մասնակիցներից ունեցած ակնկալիքները: Նա նշեց, որ մասնաճյուղը տրամադրում է համակողմանի տեխնիկական աջակցություն, իսկ ընկերության աշխատակիցները անվճար կուսուցանեն HTML, CSS, JavaScript ծրագրերը:

 “Digital wave” ընկերության թիմի ղեկավար Ժորա Հարությունյանի խոսքով՝ դասընթացների բոլոր մասնակիցները, առանց քանակական սահմանափակման, դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում ընկերությունում կանցնեն աշխատանքի:

Դասընթացները կանցկացվեն 2-3 ամիս տևողությամբ, շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Դասընթացները կվարեն “Digital wave” ընկերության աշխատակիցներ Լինա Մկրտումյանը, Վոլոդյա Մելքումյանը և Ժորա Հարությունյանը:

Հաջորդիվ նախատեսվում է ծրագրավորման անվճար դասընթացներ կազմակերպել և թիմի անդամներ ձևավորել դպրոցականներից (սկսած 14 տարեկանից):