Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, օր, որ ինչպես միշտ, լի է ապագայի հանդեպ ձեր վառ երազներով, ստացած գիտելիքները ժողովրդին ու հայրենիքին ծառայեցնելու անսահման պատրաստակամությամբ, լուսավոր վաղվա հանդեպ աներկբա հույսով ու հավատով:
Դուք մեծ հոգածությամբ պաշտպանված եք մեր անկախ հանրապետության մեջ, որը գնահատում ու հավատում է ձեզ, ձեր ուժին, անկեղծ հայրենասերի ձեր անընկճելի ոգուն, որ դուք գործով եք ապացուցում միշտ:
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողի օրվա առթիվ, մաղթում մեծ հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում: Ուսանողական այս անզուգական, երբեք չկրկնվող տարիները թո՛ղ դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ: Դուք լավ գիտեք ու երբեք չմոռանաք, որ ուսանողասեր ու ուսանողամետ մեր հաստատության մեջ ինձ համար դուք ամենասիրելին ու ամենապաշտպանվածն եք և ամեն ինչ արվել ու արվում է այստեղ, որ լիարժեք պայմաններում անցկացնեք ձեր ուսումնառությունը, որ վաղը դառնաք այն բանիմաց ու պահանջված մասնագետը, որ բարձր կպահի մեր բուհի անունն ու հեղինակությունը:
Մաղթում եմ, որ դուք չիրականացած երազանքներ չունենաք, այլ ունենաք դժվարություններ հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Նա, ով վաղը զինվոր է դառնալու, ծառայի մարտական ոգով ու փառքով տուն դառնա, ով ուզում է ուսումը շարունակել, հաջողություններ նրան գիտության ճանապարհներին և ամենուր. չէ՞ որ դուք եք այս երկրի տերն ու ժառանգորդը…
ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյան