Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

FAST հիմնադրամը «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների երկրորդ փուլի ընդունելությունը հասանելի է դարձրել ՀՀ բոլոր մարզերի շահառուների համար։
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Դասընթացները պարբերական են․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։
FAST հիմնադրամը կկազմակերպի նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն.

• Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
• Մաթեմատիկական անալիզ
• Հավանականությունների տեսություն
• Ծրագրավորման հիմունքներ
• Մեքենայական ուսուցման հիմունքներ
• Նեյրոնային ցանցերի հիմունքներ
• Ավարտական նախագծեր:

Ընդունելություն.

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին։
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

• Հայտերի ընդունում
• Թեստավորում
• Հարցազրույց:

Առավելություններ.

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝
• աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
• աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում
• ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում
• ձևավորելով սեփական ստարտափը:

Հարցերի դեպքում կարող եք գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ FAST-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Դասընթացի վերաբերյալ ամբողջական հայտարարությունը տե՛ս FAST հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

timthumb

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝

  • Կենսատնտեսություն` Biotechnology – towards a sustainable circular bioeconomy Գիտնական՝ պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյան Համբուրգի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա)
  • Նոր նյութեր` Stable perovskite materials for solar energy Գիտնական՝ դոկտոր Խաչատուր Մանուկյան Նոթր Դաﬕ համալսարան (ԱՄՆ)
  • Մեքենայական ուսուցում` Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab) Գիտնական՝ պրոֆեսոր Առնակ Դալալյան Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոց (Ֆրանսիա)

ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներին և դիﬔլու ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ այցելելով FAST հիմնադրամի պաշտոնական կայքէջ։

Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26 ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին։

Ամփոփվել է ԵՊՀ Իջևանի Մասնաճյուղի գիտական խորհրդի հարցման միջոցով անցկացված նիստը

Social network and mobile media concept

  ՀՀ-ում սահմանված արտակարգ դրությունից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը 2020թ. ապրիլի 7-14-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է հարցման միջոցով Google-ի հարթակում՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ:

Գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել էին https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք հնարավորություն էին տալիս նրանց ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին (զեկուցող՝ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն Ն. Ղազարյան):
  2. 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  4. Փոփոխություններ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրության մեջ (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  5. «Համլետ Կարայան» անվան կրթաթոշակի վերահաստատման մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):

 

Օրակարգային 1-ին հարցի մասին Ն.Ղազարյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2018-2019 ուստարում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել են դասախոսների որակավորման բարձրացման մի շարք դասընթացներ՝ «Անգլերենը ակադեմիական միջավայրում», «Աշխատանք վիրտուալ  կրթական միջավայրում» (Moodle), կամընտրական 2 դասընթաց՝ «Կրթական  հետազոտությունները  բուհական  համակարգում» և «Առարկայական  ծրագրեր մշակելու  ABC մոտեցում» թեմաներով, 2 դաս-քննարկում՝ «Կրթության   ժամանակակից   խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով: Իրականացման ընթացքի մեջ են «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  դասընթացները: Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվել էր վերապատրաստման ծրագրերում ներառել մոդուլներ մասնագիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կազմակերպել ժամանակակից տարբեր համակարգերին վերաբերող առցանց դասընթացներ:

Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի  կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին Ն.Ղազարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվում էր, որ փոփոխություններ են առաջարկվել 5 կրթական ծրագրի վճարաչափերում։ Հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության կողմից այլ բուհերի հետ իրականացված համեմատական վերլուծությունները՝ տնօրենության նիստում առաջարկվել է ընդունելության տեղերը թողնել անփոփոխ, իսկ 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «ԻԿՄ», «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՏՄՄ») համար կատարել ուսման վարձավճարների փոփոխություն: Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը՝ համաձայն հավելված 1-ի

3-րդ հարցի մասին Մ.Աթոյանի հաղորդման մեջ ներկայացվել էր, որ 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատվել է «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգը»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դաս­ըն­թացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք, որն իրականացվելու է տվյալ դասընթացի շրջանակում հետազոտության կատարման և ներկայացման միջոցով: ԵՊՀ-ում առաջին կիսամյակում արդեն մեկնարկել էր հետազոտական բաղադրիչի ներմուծման պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, արվել վերլուծություններ և հետևություններ, որոնք հիմք են ծառայել ԵՊՀ-ի համապատասխան կարգի բարելավման համար: Քվեարկության արդյունքում որոշվել է առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգ»-ով:

4-րդ հարցի վերաբերյալ որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2019թ. հունիսի 1-ի թիվ 38 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ ԱԿԲ կանոնադրության 8-րդ կետի 19-րդ ենթակետը՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային և ծրագրային բաղադրիչները» ձևակերպել հետևյալ կերպ՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային բաղադրիչները» (կայքի ծրագրային ապահովումը դրվել է ՏՀՍԶ բաժնի վրա):

5-րդ հարցի մասին Ա.Դավթյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակում Համլետ Կարայանի անվան կրթաթոշակ է նշանակվել Բնական գիտությունների ֆակուլտետի  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանին: Նույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նա պահպանել է իր կարգավիճակը համապատասխան գործող ուսանողական նպաստի, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի: Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից Գ.Ալավերդյանի թեկնածությունը վերահաստատվել և ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանը: Որոշվել է վերահաստատել Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանի թեկնածությունը՝ ստանալու Համլետ Կարայանի անվան կրթաթոշակը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում՝ 2020թ․ ապրիլի 1-ից սկսած:

Գիտխորհրդի նիստի վերաբերյալ ավելի մանրամասն տե՛ս ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Գիտական խորհրդի արձանագրություններ» էջում:

 

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքները կպաշտպանեն «Zoom»–ով

collage (1)

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքները կպաշտպանեն «Moodle» և «Zoom» հարթակների միջոցով,- ապրիլի 17–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Քննությունների հարցը դեռ քննարկման փուլում է։ Վաղը մենք մամուլի հաղորդագրություն կտարածենք»,– ասաց նա։

Նշենք, որ  կորոնավիրուսով պայմանավորված՝  ԵՊՀ–ում դասընթացները նույնպես անց են կացվում առցանց հարթակների միջոցով։

Ի գիտություն հեռակա ուսուցման համակարգի ուսանողների

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին տեղեկացնում ենք, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները կընդունվեն ս.թ. ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը ժամանակահատվածում էլեկտրոնային տարբերակով՝ ccourse_ib@ysu.am հասցեով։