Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամփոփվել է ԵՊՀ Իջևանի Մասնաճյուղի գիտական խորհրդի հարցման միջոցով անցկացված նիստը

Social network and mobile media concept

  ՀՀ-ում սահմանված արտակարգ դրությունից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը 2020թ. ապրիլի 7-14-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է հարցման միջոցով Google-ի հարթակում՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ:

Գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել էին https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք հնարավորություն էին տալիս նրանց ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին (զեկուցող՝ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն Ն. Ղազարյան):
  2. 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  4. Փոփոխություններ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրության մեջ (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  5. «Համլետ Կարայան» անվան կրթաթոշակի վերահաստատման մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):

 

Օրակարգային 1-ին հարցի մասին Ն.Ղազարյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2018-2019 ուստարում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել են դասախոսների որակավորման բարձրացման մի շարք դասընթացներ՝ «Անգլերենը ակադեմիական միջավայրում», «Աշխատանք վիրտուալ  կրթական միջավայրում» (Moodle), կամընտրական 2 դասընթաց՝ «Կրթական  հետազոտությունները  բուհական  համակարգում» և «Առարկայական  ծրագրեր մշակելու  ABC մոտեցում» թեմաներով, 2 դաս-քննարկում՝ «Կրթության   ժամանակակից   խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով: Իրականացման ընթացքի մեջ են «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  դասընթացները: Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվել էր վերապատրաստման ծրագրերում ներառել մոդուլներ մասնագիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կազմակերպել ժամանակակից տարբեր համակարգերին վերաբերող առցանց դասընթացներ:

Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի  կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին Ն.Ղազարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվում էր, որ փոփոխություններ են առաջարկվել 5 կրթական ծրագրի վճարաչափերում։ Հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության կողմից այլ բուհերի հետ իրականացված համեմատական վերլուծությունները՝ տնօրենության նիստում առաջարկվել է ընդունելության տեղերը թողնել անփոփոխ, իսկ 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «ԻԿՄ», «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՏՄՄ») համար կատարել ուսման վարձավճարների փոփոխություն: Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը՝ համաձայն հավելված 1-ի

3-րդ հարցի մասին Մ.Աթոյանի հաղորդման մեջ ներկայացվել էր, որ 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատվել է «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգը»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դաս­ըն­թացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք, որն իրականացվելու է տվյալ դասընթացի շրջանակում հետազոտության կատարման և ներկայացման միջոցով: ԵՊՀ-ում առաջին կիսամյակում արդեն մեկնարկել էր հետազոտական բաղադրիչի ներմուծման պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, արվել վերլուծություններ և հետևություններ, որոնք հիմք են ծառայել ԵՊՀ-ի համապատասխան կարգի բարելավման համար: Քվեարկության արդյունքում որոշվել է առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգ»-ով:

4-րդ հարցի վերաբերյալ որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2019թ. հունիսի 1-ի թիվ 38 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ ԱԿԲ կանոնադրության 8-րդ կետի 19-րդ ենթակետը՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային և ծրագրային բաղադրիչները» ձևակերպել հետևյալ կերպ՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային բաղադրիչները» (կայքի ծրագրային ապահովումը դրվել է ՏՀՍԶ բաժնի վրա):

5-րդ հարցի մասին Ա.Դավթյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակում Համլետ Կարայանի անվան կրթաթոշակ է նշանակվել Բնական գիտությունների ֆակուլտետի  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանին: Նույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նա պահպանել է իր կարգավիճակը համապատասխան գործող ուսանողական նպաստի, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի: Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից Գ.Ալավերդյանի թեկնածությունը վերահաստատվել և ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանը: Որոշվել է վերահաստատել Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանի թեկնածությունը՝ ստանալու Համլետ Կարայանի անվան կրթաթոշակը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում՝ 2020թ․ ապրիլի 1-ից սկսած:

Գիտխորհրդի նիստի վերաբերյալ ավելի մանրամասն տե՛ս ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Գիտական խորհրդի արձանագրություններ» էջում: