Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Առցանց դասերի մեկ ամսվա արդյունքներն ամփոփում են ֆակուլտետների դեկանները

1. գլխավոր. Գրիգորյան Ն. 2 2020-04-01_11-09-36 Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության հայտարարումից հետո ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, այլ ուսումնական հաստատությունների պես, անցավ էլեկտրոնային կրթության և սկսեց դասերն անցկացնել առցանց հարթակների և գործիքների կիրառումով։ Իսկ մարտի 31-ից սկսած՝ արդեն ավելի քան մեկ ամիս առկա ուսուցման համակարգի դասերն իրականացվում են միասնական Zoom հարթակում, ըստ 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի համար հաստատված դասացուցակների: Այդ մեկ ամսվա արդյունքների՝ առցանց դասերի իրականացման ընթացքի, բացահայտված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների մասին զրուցեցինք ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետների դեկանների հետ:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մանվել Zaqaryan ManvelԶաքարյանը, առցանց դասերի մեկ ամիսն ամփոփելով, մասնավորապես նշեց. «Ֆակուլտետում դասավանդող բոլոր դասախոսները շատ կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրեցին և յուրացրին Zoom հարթակի առանձնահատկությունները և անցան առցանց դասապրոցեսին: Դասախոսների և ուսանողների համար շատ օգտակար եղան մասնաճյուղի ՏՀՍԶ բաժնի կողմից մշակված Zoom հարթակի կիրառման ուղեցույցները։ Դասավանդումն իրականացվում է՝ համաձայն ֆակուլտետում գործող դասացուցակի․ շեղումները հիմնականում պայմանավորված են լինում տեխնիկական պատճառներով։ Բոլոր տեսակի դասաժամերի փոփոխությունների մասին իրազեկվում են և՛ ֆակուլտետի դեկանը, և՛ ամբիոնների վարիչները, և՛ Ուսումնամեթոդական վարչությունը: Ուսանողների մասնակցությունը դասերին կազմել է 65-70%: Ֆակուլտետում ընթացքի մեջ է ավարտական կուրսերի քննաշրջանը։ Ուսումնամեթոդական վարչության և տնօրենության հետ միասին մեթոդներ ենք փնտրում ուսանողների մասնակցության ակտիվության բարձրացման համար»:

Հումանիտար գիտութունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Poghosyan KarineԿարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամբողջ մասնաճյուղով միասնական Zoom հարթակով առցանց ուսուցման անցման նպատակը վերահսկելի դասապրոցեսի իրականացումն էր՝ ուսումնական պլաններին համապատասխան: Առաջին շաբաթվա ընթացքում եղել են որոշ խնդիրներ՝ պայմանավորված տեխնիկական հանգամանքներով, համացանցի հետ կապված անհարթություններով․ դասախոսական համակազմի որոշ ներկայացուցիչներ չունեին անհրաժեշտ համակարգչային և առցանց դասավանդման հմտություններ, որոշ ուսանողներ՝ տեխնիկական համապատասխան միջոցներ և այլն, որոնք աստիճանաբար շտկվել են: Մինչև ապրիլի 14-ը լրացուցիչ դասեր են դրվել ավարտական կուրսերի ուսանողների համար, որպեսզի մինչև քննաշրջանը շտկվեն որոշ դասընթացներում եղած բացթողումները: Առաջինից երրորդ կուրսերում դասերն իրականացվում են ըստ դասացուցակի: Պիտի արձանագրենք, որ և՛ դասախոսական համակազմը, և՛ ուսանողները բավական արագ հարմարվեցին և ընտելացան դասավանդման նոր ձևին և պայմաններին: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը դասընթացներին միջինում կազմում է 77.3 %»:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Avetisyan GayaneԱվետիսյանը մասնավորապես նշեց. «Տնտեսագիտության ֆակուլտետում առցանց ուսուցման առաջին շաբաթվա բոլոր խնդիրներն արդեն վերացվել են, դասապրոցեսն ընթանում է իր հունով, և նույնիսկ լրացվել են մարտ ամսվա բացթողումները: Ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը առցանց դասընթացներին բավականին բարձր է՝ շուրջ 80-90 %: Բոլոր դասավանդողները, ուսանողները, ինչպես նաև առցանց կրթության կազմակերպման համար պատասխանատու անձնակազմը դասապրոցեսին վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ և ըմբռնումով: Ելնելով իրավիճակից՝ առցանց եղանակով է իրականացվել նաև ավարտական կուրսերի քննաշրջանը, որի վերլուծության արդյունքները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ինչպես ավարտական աշխատանքների պաշտպանությունը, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջինից երրորդ կուրսերի քննաշրջանը:
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ մասնաճյուղի ղեկավարության, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների արդյունավետ համագործակցության շնորհիվ ունեցանք առցանց դասապրոցեսի համակարգված իրականացում. փոխվեց ուսանող-դասախոս փոխհարաբերությունների բնույթը, կրթության մատուցման ձևաչափը, ներդրվեց աշխատանքների կազմակերպման նոր համակարգ»:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Margaryan AleqsanՄարգարյանը, ամփոփելով մեկ ամսվա արդյունքները, նշեց. «Մեր ֆակուլտետի մասնագիտական դասընթացները պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ․ դրանց մեծ մասը գործնական դասաժամեր են, և պահանջում են դասախոսի անմիջական մասնակցություն ու միջամտություն ուսանողի աշխատանքին։ Չնայած առկա տեխնիկական դժվարություններին ու անհարմարություններին՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները հաջողությամբ են կատարում կրթական մոդուլներում նկարագրված առաջադրանքները: Վերոնշյալ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, քանի որ դասախոսները, տիրապետելով Zoom-ի ընձեռած հնարավորություններին և նախապես էլեկտրոնային նյութեր պատրաստելով, դասապրոցեսը է՛լ ավելի հագեցած ու հետաքրքիր են դարձնում»:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ

roundtable   2020թ. ապրիլի 30-ին  «Zoom» համակարգի միջոցով անցկացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները, ավարտական կուրսերի լուծարքային շրջանը, քննարկվեցին հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենության նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մասնաճյուղն իր ողջ ներուժն է ներդրել առցանց ուսուցումը պատշաճ իրականացնելու համար: Մարտի 16-31-ը իրականացված ուսուցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունները ցույց տվեցին, որ  առցանց դասավանդման համար դասախոսներն օգտագործել են տարբեր առցանց գործիքներ («Zoom», «Moodle», «Edunext», «Microsoft Teams», «Skype», «WattsApp», «Messenger», «Viber» և այլն): Այդ ընթացքում ՏՀՍԶ բաժինը տնօրենության հանձնարարությամբ բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել է անհրաժեշտ քանակի Zoom հարթակներ, դասախոսների և ուսանողների համար մշակել է համապատասխան ուղեցույցներ և տրամադրել նրանց: Մարտի 31-ից սկսած՝ ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր դասերն իրականացվում են միասնական Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի համար հաստատված դասացուցակներով:

ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Zoom հարթակի կարգավորումներն իրականացնելուց հետո ՈՒՄՎ աշխատակիցներին տրամադրվել են համապատասխան հասցեները: Յուրաքանչյուր աշխատող շաբաթվա կտրվածքով ներկայացրել է հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել առցանց կրթության թերությունների և առավելությունների մասին: Ա.Դավթյանն ընդգծեց, որ դասերն իրականացվել են ըստ դասացուցակի, տեխնիկական խնդիրների պատճառով եղել են ժամերի որոշակի փոփոխություններ, սակայն դրանք էապես չեն խոչընդոտել դասապրոցեսի իրականացմանը: Եղել են դասախոսներ, ովքեր դասերն իրականացրել են անհատական Zoom հարթակներում, սակայն աշխատակիցները հնարավորություն են ունեցել վերահսկելու գործընթացը: Ուսանողների հաճախելիությունը տարբեր կուրսերում միջինում կազմել է 50-100%:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները համարել բավարար, Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել դասերի իրականացմանը:

Ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ավարտական կուրսերի լուծարքային շրջանն իրականացվել է պատշաճ կարգով, նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Չներկայացված ուսանողներ չեն եղել, որոշ առարկաներից եղել են լուծարքներ:

Որոշվեց ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը: Նա մասնավորապես նշեց, որ մայիսի 4-ից հաստատված գրաֆիկով իրականացվելու են Հեռակա ուսուցման բաժնի՝ մարտ ամսվա համար նախատեսված ու բացթողնված դասերը: Վերահաստատված դասացուցակները մինչև մայիսի 2-ը կուղարկվեն դասախոսներին և ուսանողներին: Մ.Զուրաբյանը հավելեց, որ հեռակա ուսուցման 5-րդ կուրսերում ապրիլին արդեն անցկացվել է 2019-20 ուստարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանը, և լրացվել են մարտ ամսին բացթողնված դասերը: Իրականացվել են նաև 5-րդ կուրսերի՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված դասերը: Մայիսի 11-ից սկսվելու է 5-րդ կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանը:

Որոշվեց Ուսումնամեթոդական վարչությանը և Հեռակա ուսուցման բաժնին հանձնարարել, մայիսի 4-ից, ըստ կազմված դասացուցակների, վերահսկել հեռակա ուսուցման առցանց դասերը:

Ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ուսանողները, չնայած ստեղծված իրավիճակին, աստիճանաբար սկսել են վճարել ուսման վարձավճարները, և մասնաճյուղի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ աշխատավարձերը ժամանակին և ամբողջական վճարելու համար:

Որոշվեց Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերից հատկանշական է առաջիկա շաբաթում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար վերապատրաստման առցանց դասընթաց կազմակերպելու հարցը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն.Ղազարյանի և ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանի կողմից մայիսի 1-ից կիրականացվի «Ինչպե՞ս օգտագործել Google forms ձևաչափի հնարավորությունները առցանց քննությունների համար» դասընթացը:

Որոշվեց, որ դասընթացները հաջող ավարտած դասախոսները համապատասխան կրեդիտներ կստանան վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

Հաջորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանություններին. որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը և ֆակուլտետների դեկաններին հաստատված ժամանակացույցներին համապատասխան կազմակերպել նախապաշտպանությունները և վերլուծություն պատրաստել առցանց աշխատակարգի վերաբերյալ վերհանված խնդիրների շուրջ:

 

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման դասերը վերսկսվում են

1. ZoomՀարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. մայիսի 4-ից վերսկսվում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի դասերը, որոնք կիրականացվեն առցանց՝ միասնական Zoom հարթակում:

Հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հարթակի մուտքաբառը և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով։ Դասախոսների համար Zoom ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դասընթացների համար նախատեսված հղումները՝ անմիջական մասնակցության իրավունքով։ Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը։ Ուսանողների համար մշակված համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում: Դասերի իրականացման ժամատախտակը նույնպես նշված է դասացուցակների վրա:

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 11 21 01 կամ 077 83 07 60:

Մեկնարկել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքերի առցանց նախապաշտպանությունները

1. նախապաշտպ. նկար

   2020թ. ապրիլի 28-ից մեկնարկել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքերի առցանց նախապաշտպանությունները:

Հետևելով ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի առցանց իրականացման վերաբերյալ որոշմանը՝ մասնաճյուղում ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանությունները նույնպես կազմակերպվելու են առցանց, միասնական Zoom հարթակում:

Ապրիլի 28-ին և 30-ին արդեն կայացել են Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:

Ըստ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի՝ երկու կուրսերում էլ ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանությունների գործընթացն անցել է նորմալ, իհարկե եղել են որոշ կազմակերպչական և տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք ընթացքում կարգավորվել են: Ա.Դավթյանի խոսքով՝ առցանց նախապաշտպանությունների փորձը հնարավորություն կտա պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու պաշտպանությունները: Ինչ վերաբերում է ուսանողների ընդհանուր պատրաստվածության մակարդակին, ապա, ըստ դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի, ողջունելի էր ուսանողների կողմից տեխնիկական միջոցների հմուտ կիրառության փաստը: Կային ուսանողներ, որոնց աշխատանքներն առավել ամբողջական էին՝ պաշտպանության պատրաստ: Որոշ աշխատանքներում էլ ամբիոնների վարիչների ու դասախոսների կողմից նկատվեցին թերություններ ու բացթողումներ, որոնք ուսանողներին հնարավորություն տրվեց շտկելու մեկ շաբաթվա ընթացքում:
Մյուս երեք ֆակուլտետներում նախապաշտպանությունները տեղի կունենան առաջիկայում` հաստատված ժամանակացույցի համապատասխան:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում մայիսի 2-ին կկայանան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», մայիսի 5-ին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», մայիսի 7-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները:
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», ինչպես նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների IV կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության IV կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կկայանա մայիսի 4-ին:
Մեր ուսանողներին մաղթում ենք ավարտական աշխատանքների նախապաշտպանության ու պաշտպանության հաջող ընթացք, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու հմտությունները և հասնեն ցանկալի արդյունքի: