Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վեբինար՝ նվիրված Erasmus+ և Global UGRAD ծրագրերին

1

  2020թ. օգոստոսի 12-ին ZOOM հարթակի միջոցով կայացավ Erasmus+ և Global UGRAD ծրագրերի վերաբերյալ վեբինար, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄի ուսանողական խորհուրդը:

 

Առցանց քննարկումը վարեցին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ Ռաֆայել Հարությունյանը և Արփինե Վերանյանը, ովքեր սովորել են այս ծրագրերով Կա Ֆոսկարի (Վենետիկ, Իտալիա) և Արևմտյան Կենտուկիի (Բոուլինգ Գրին, ԱՄՆ) համալսարաններում համապատասխանաբար:

 

Վեբինարին մասնակցող ուսանողները ծրագրերի մասին ստացան բավականին օգտակար և հագեցած տեղեկություն: Մասնավորապես՝ սեմինարավարները ներկայացրին ծրագրերի բովանդակությանը, հստակ դրույթներով բացատրեցին դիմելու կարգը, թե դիմելիս ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել, այնուհետև անդրադարձան համալսարանական և տվյալ երկրների կյանքին հարմարվելու նրբություններին:

 

Ռաֆայելն ու Արփինեն մեծ ոգևորությամբ ներկայացրին հետաքրքիր դրվագներ իրենց ուսանողական բովանդակալից և հագեցած առօրյայից: Նրանք ընդգծեցին, որ ծրագրերը ոչ միայն կրթական բովանդակություն ունեն, այլև ընդգրկում են մշակութային մաս. կազմակերպվում են մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու այդ երկրների ազգային յուրահատկություններին:

 

Սեմինար-քննարկման վերջում ակտիվ և հետաքրքրված ուսանողները ստացան իրենց ուղղած հարցերի սպառիչ պատասխանները:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում Ռաֆայել Հարությունյանին և Արփինե Վերանյանին՝ հետաքրքիր և ուսանելի վեբինարն անցկացնելու և իրենց փորձն ուսանողներին ներկայացնելու համար:

«Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար՝ վերջնական

Սիրելի՛ ուսանողներ, ROSATOM ընկերությունը հայտարարում է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի անցկացման մասին՝ նվիրված միջուկային արդյունաբերության 75-ամյակին։ Մրցույթն անցկացվում է Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնների հետ համատեղ:

Մրցույթի հիմնական նպատակներն են.

  • միջուկային էներգիայի և միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորում,
  • ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում,
  • երեխաների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների բացահայտում:

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմաներով

  • «Իմ երկրի միջուկային էներգիան»,
  • «Միջուկային ոլորտի մասնագիտություններ/Մարդիկ և գործեր»,
  • «Միջուկային տեխնոլոգիաները մարդու կյանքում»։

Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է լինեն А4 չափից ոչ փոքր և А3 չափից ոչ մեծ։ Նկարները կարող են կատարված լինել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, վատման և այլն), իրականացված լինեն նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, գունավոր մատիտներ, տուշ, պաստել և այլն)։ Մրցույթին ընդունվում են առանց ուսուցիչների և ծնողների օգնության պատրաստված նկարները, որոնք համապատասխանում են մրցույթի թեմատիկային։

Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված աշխատանքները (համակարգչային գրաֆիկա, նկարազարդում, կոլաժ, պաստառ կամ հեղինակի ընտրությամբ այլ վիզուալ նախագիծ)։

Մրցույթի անցկացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր:

Մրցույթի փուլերը.

  • աշխատանքների ընդունում` մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ,
  • աշխատանքների գնահատում՝ 2020թ. հոկտեմբերի 1-5-ը,
  • լավագույն աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում և մրցույթի հաղթողների պարգևատրում՝ մինչև 2020թ. ավարտը։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները:

Մրցույթի մասնակիցների տարիքը.

  • երեխաներ և դպրոցականներ՝ մինչև 12 տարեկան,
  • դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ՝ 13-ից 31 տարեկան:

Մրցույթին մասնակցելու համար նկարները պետք է ներկայացվեն մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն (հասցեն՝ Երևան, Պռոշյան 1-ին նրբ. 20/14, հեռ․՝ +374 12 544890, էլ. փոստ՝ armenia_erevan@rs.gov.ru):

«Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի տեղեկատվական թերթիկը տե՛ս այստեղ:

Մրցույթի անցկացման կարգը տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄ-ի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ

1. գլխավոր

  2020թ. օգոստոսի 3-5-ին տեղի ունեցավ ԱրՊՀ հանրային նշանակության միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանի այցը ՀՀ Տավուշի մարզ:

Այցելության հիմնական նպատակն էր ուսանողության կողմից տրամադրված նվերների ու ծանրոցների փոխանցումը սահմանամերձ Այգեպար գյուղի՝ հակառակորդի հրետակոծությունից ավերված և նոր վերանորոգված մանկապարտեզի սաներին:

Հիշեցնենք, որ ուսանողական նախաձեռնությունը մեկնարկել էր հուլիսի 17-ին և կյանքի կոչվել ԱրՊՀ ուսանողական խորհրդի, ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի ու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ակտիվ համագործակցությամբ:

Օգոստոսի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները դիմավորեցին Վ.Գալոյանին՝ նրա հետ քննարկելով այս և համատեղ այլ ծրագեր իրականացնելու հնարավորություններն ու դրանց կարևորությունը:

Օգոստոսի 4-ին ուսանողների տրամադրած նվերները Վահե Գալոյանը ԵՊՀ ԻՄուսանողական խորհրդի աջակցությամբ փոխանցեց Այգեպար գյուղի մանկապարտեզի սաներին՝ մանուկներին ժպիտ ու բերկրանք պարգևելով:   

Նույն օրը կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և ուսանողների հանդիպումը ԱրՊՀ ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում Վ.Գալոյանը պարոն Մակարյանին նվիրեց ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանի հեղինակած «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները, քննարկվեցին երկու բուհերի՝ ԵՊՀ ԻՄ-ի և ԱրՊՀ-ի միջև համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի հեռանկարները:

«Նախաձեռնությունը ևս մեկ առիթ էր ԱրՊՀ–ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ բուհերի միջև առկա համագործակցությունը խթանելու և համատեղ ծրագրեր մշակելու համար։ Համատեղ այցով լինելով Այգեպար համայնքում՝ տեղեկացրել ենք, որ ուսանողների կողմից բարի կամքի դրսևորմամբ նպատակ ենք հետապնդել ժպիտներ պարգևել անմեղ երեխաներին և հավաստիացնել, որ ցանկացած պարագայում նրանց կողքին ենք և թև ու թիկունք ենք» – ընդգծեց Վահե Գալոյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Ուսանողական խորհուրդը ողջունում ու կարևորում են ուսանողական այս նախաձեռնության իրականացումը, որը հնարավորություն տվեց համավարակային կանոնների պահպանմամբ ուրախություն պարգևել փոքրիկներին: