Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

Ուս. վերապ. նյութի նկար

Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացները կիրականացվեն համակցված (առկա, առցանց) եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Նախատեսված է, որ վերապատրաստումները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող.՝ Ուսանողական 3)՝  ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Սակայն, համապատասխան խմբերի ձևավորման դեպքում, մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

ԿԶՆԱԿ-ը ներկայումս մշակում է վերապատրաստումների իրականացման աշխատակարգը, իսկ մեր մասնագետները՝ վերապատրաստման դասընթացների մոդուլների ծրագրերը:

Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ:

Հետևեք մասնաճյուղի պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջի նորություններին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://cutt.ly/LnGroDi

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 45 55 64 կամ 093 93 71 11:

ԵՊՀ ԻՄ-ում բացվել է մասնաճյուղի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան

1 - գլխավոր

2021թ. հունիսի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացան ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշցերեկույթ, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ լսարանի բացում:

Հիշատակի և մեծարման միջոցառումներին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ և շրջանավարտներ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, այլ պաշտոնատար անձինք, պատվավոր հյուրեր՝ «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, հայ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ և ուրիշներ:

Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան նրա դասախոսները, ուսուցիչները, հարազատները:

Գնահատանքի, հիշատակի և օրհնության խոսքով հանդես եկան մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Շիրակ Գասպարյանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի գրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի հարազատ դպրոցի վարչական և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Շիրակի քույրը:

Ապա տեղի ունեցավ Շիրակ Գասպարյանի՝ ԵՊՀ ԻՄ-ի նախաձեռնությամբ լույս տեսած «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Շիրակի ոգեշնչող ու հուզիչ բանաստեղծություններից ներկայացրին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Շիրակը ստեղծագործել է նույնիսկ կռվի թեժ պահին: Ահա այդ ընթացքում գրված մի բանաստեղծություն, որից էլ ժողովածուն ստացել է իր անվանումը.

Ցիրուցան եղան իղձերս, մայրի՜կ,
Արկերի ձայնից հօդս ցնդեցին:
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին:
Արհավիրք է, մա՜մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում:
Մա՜մ, դու ինձ ներիր,
Թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս:
Չարտասվես, մա՜յր իմ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից՝
Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնի կամարից:

Շիրակ Գասպարյանի գրքի շնորհանդեսին հաջորդեց նրա անվամբ լսարանի բացման արարողությունը: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2021թ. հունիսի 1-ի նիստում որոշվել էր ԵՊՀ ԻՄ-ի զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անվան լսարանի բացումն իրականացնել Շիրակի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ հունիսի 5-ին: Լսարանի ընտրությունը պատահական չէր. ընտրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը, որտեղ Շիրակն անցկացրել էր իր ուսումնառության 4 տարիները: Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

ԵՊՀ ԻՄ-ում ստանալով «Պատմություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում՝ Շիրակ Գասպարյանը 2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում: Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական: Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում: Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ: Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու: Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ: Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները: Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել: Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են: Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում: Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել: Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել: 2021 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Շ.Գասպարյանի կենսագրական տվյալներին և ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջում հետևյալ հղումով՝ http://ijevan.ysu.am/shirakgasparyan/:

Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ ԵՊՀ ԻՄում լսարանի բացման մասին տեսանյութը հասանելի է Տավուշ հեռուստաընկերության էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?v=804762493358934&ref=watch_permalink:    

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. IMG_1450

2021թ. հունիսի 1-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփում (զեկուցող՝ Մ.Զուրաբյան):
  2. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ, Մ.Զուրաբյան):
  3. Կրթական ծրագրերի վերանայման ընթացքի մասին (զեկուցող՝ Ն.Գրիգորյան):
  4. 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  5. Ընթացիկ հարցեր.

    5.1. Մասնաճյուղից ուսանողների հեռացման հարցի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):

    5.2. Զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով լսարանի              անվանակոչության ուսանողական կառույցների առաջարկի հարցը (զեկուցող՝ Հ.Մովսեսյան):

Առաջին հարցի կապակցությամբ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրեց հեռակա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նա նշեց, որ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի քննաշրջանին մասնակցել է 215 շրջանավարտ, որոնցից 30-ը քննաշրջանն ավարտել է 2-րդ լուծարքով: Քննաշրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել, եղել են վճարների հետ կապված որոշ խնդիրներ, որոնք շտկվել են: Ներկա պահին ընթանում են ավարտական կուրսերի նախապաշտպանությունները:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփման վերաբերյալ Մ.Զուրաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

 

Երկրորդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանն արդեն սկսվել և ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Առկա ուսուցման համակարգում ամառային քննաշրջանը տևելու է ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 26-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ մայիսի 24-ից մինչև հունիսի 22-ը:

Նախատեսված ժամանակացույցի առաջին շաբաթում իրականացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգարքները: Ստուգարքային շրջանի ավարտից հետո սկսվելու են եզրափակիչ քննությունները:

Ֆակուլտետները ժամանակին ՈՒՄՎ են ներկայացրել ժամանակացույցները, որոնք ստուգվել են, կատարվել են որոշակի ճշտումներ (կապված նաև քննությունների առցանց և առկա կազմակերպման հետ), տեղեկացվել են ուսանողները, գրաֆիկները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ դասախոսական կազմը հարց է բարձրացրել առկա ուսուցման քննությունները համալսարանում անցկացնելու վերաբերյալ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ինչը թույլ կտա ավելի օբյեկտիվ ստուգել և գնահատել ուսումնառության ընթացքում ուսանողների ձեռք բերած վերջնարդյունքները:

Որոշվեց՝     

      1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին զեկուցողների հաղորդումն ընդունել ի գիտություն:
      2. հանձնարարել ֆակուլտետների դեկաններին՝ դասախոսական և ուսանողական համակազմերի հետ քննարկել քննությունները մասնաճյուղում անցկացնելու հնարավորությունները և անհրաժեշտ փոփոխություններ կատարել գրաֆիկներում:

Երրորդ հարցի մասին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2025 թթ. կրթական ծրագրերի վիճակի մասին զեկուցում: Նա նշեց, որ կրթական ծրագրերը հիմնականում պատրաստ են, թերի են միայն «Դիզայն» մասնագիտության և մագիստրոսական կրթական ծրագրերը: Ամբողջությամբ պատրաստ են «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերը:

Ա.Մակարյանը նշեց, որ բոլոր մասնագիտություններով կրթական ծրագրերը երկու շաբաթվա ընթացքում ուղարկվեն ԿԲԴՎ բաժին, որպեսզի մինչև հունիսի 15-ը վերջնական տեսքով ներկայացվեն տնօրենին և տեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Որոշվեց՝

      1. Ֆակուլտետների դեկաններին և մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին հանձնարարել հետևողական լինել կրթական ծրագրերի կազմման հարցում,
      2. ԿԲԴՎ բաժնին հանձնարարել մինչև հունիսի 15-ը բոլոր կրթական ծրագրերը վերջնական տեսքով ներկայացնել տնօրենին և ուղարկել տեղադրելու կայքէջում:

Չորրորդ հարցի հետ կապված՝ ֆակուլտետների դեկանները ներկայացրին ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքներն ու ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ու անդամների կարծիքները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը նշեց, որ 19-ը շրջանավարտներից 10-ը ստացել է գերազանց գնահատական, 9-ը՝ լավ: Եղել է կարմիր դիպլոմի 2 հավակնորդ, ովքեր պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը նշեց, որ 25 շրջանավարտներից գերազանց գնահատական ստացել է 12 շրջանավարտ, լավ գնահատական՝ 5-ը, իսկ բավարար՝ 8-ը: Կարմիր դիպլոմի հավակնորդ 6 ուսանողները պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 23 ուսանող, որոնցից գերազանց ստացել է 8 ուսանող,  լավ՝ 11 ուսանող, իսկ բավարար՝ 4 ուսանող: Կարմիր դիպլոմի հավակնորդ 3 ուսանողները ստացել են գերազանց գնահատական:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ամփոփելով ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքները, նշեց, որ 83 շրջանավարտներից 36-ը ստացել է գերազանց գնահատական, 40-ը՝ լավ, 7-ը՝ բավարար: Ֆակուտետի 15 ուսանող կստանան կարմիր դիպլոմ:

Ա.Մակարյանը առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման կապակցությամբ նշեց, որ անբավարար գնահատական չենք ունեցել, հանձնաժողովները հիմնականում դրական կարծիքներ են տվել, նշել են նաև փոքր թերացումներ, որոնք հաշվի կառնվեն հետագա բարելավման ընթացքում: Նա կարևորեց պաշպանությունների ժամանակ կրթական ծրագրերի նպատակներին համապատասխան ավելի կիրառական և հետազոտական արդյունքների ապահովումը: Ա.Մակարյանը նաև նշեց, որ ՄԿՈԱ բաժնին հանձնարարված է եղել կազմակերպել շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների տրադիցիոն հարցումները:

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ 145 շրջանավարտներից 127-ը մասնակցել է հարցումներին, ամփոփումից հետո հարցումների արդյունքները ամբողջական տեսքով կներկայացվեն տնօրենությանը: Ա.Մակարյանը հորդորեց ամփոփումից հետո հատկապես ուշադրություն դարձնել թերություններին և աշխատանքներ տանել դրանք շտկելու և հետագայում խնդիրներից խուսափելու համար: Նա ընդգծեց նաև կրթական ծրագրերի վերջնարդյունքների կարևորությունը և պահանջեց հաջորդ տարի ավարտական աշխատանքների թեմաները բացառապես ընտրել ըստ վերջնարդյունքների:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփման մասին ֆակուլտետների դեկանների հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ «Ինֆորմատիկա» (համակարգչային գիտություն)» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի ուսանողներ Սասուն Գրիգորի Տոնոյանը (1-ին կուրս) և Գոռ Վանիկի Մելիքսեթյանը (3-րդ կուրս) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքներից ունեն 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն: ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 62.4 կետի համաձայն՝ նրանք ենթակա են հեռացման (կիսամյակի ընթացքում 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն): ՈՒՄՎ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ուսանողների բացակայությունները հիմնականում առկա դասերից են, որոնց նրանք չեն կարողացել մասնակցել իրենց բնակության վայրերի՝ մասնաճյուղից հեռու լինելու պատճառով:

Որոշվեց՝ բացառության կարգով վերոնշյալ 2 ուսանողին թույլատրել մասնակցելու քննաշրջանին:

 

Ընթացիկ երկրորդ հարցի մասին Հ.Մովսեսյանը նշեց, որ տնօրենության նախորդ նիստի քննարկումներից հետո, երբ սկզբունքորեն որոշվեց ընդառաջել ուսանողական կառույցների առաջարկին և ունենալ զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչված լսարան, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի և ՈՒԳԸ ներկայացուցիչները գրավոր ներկայացրել են իրենց առաջարկը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը անվանակոչել Շիրակ Գասպարյանի անունով: Նա տեղեկացրեց, որ հունիսի 6-ը Շիրակ Գասպարյանի ծննդյան օրն է, և հարմար կլինի, եթե լսարանի բացումը տեղի ունենա նրա ծննդյան տարեդարձի նախօրեին։

Որոշվեց՝

      1. զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը,
      2. անվանակոչման միջոցառումը կազմակերպել հունիսի 5-ին՝ ժամը 13:00-ին,
      3. հանձնարարել ՎՊողոսյանին՝ մշակել անվանակոչման միջոցառման ծրագիր և ապահովել մասնակիցների հրավերը:

 

«Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ» գործնական դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

2021թ. հունիսի 18-ին և 19-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում է «Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ» գործնական դասընթաց:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել բազային գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտության մեթոդների վերաբերյալ, ձևավորել մասնակցային գնահատում իրականացնելու գործնական հմտություններ՝ սոցիոլոգիական մեթոդների կիրառմամբ:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նպատակների և խնդիրների սահմանման վերաբերյալ,
  • կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների տարբեր մոտեցումների և մեթոդաբանությունների վերաբերյալ, այդ թվում՝ մասնակցային գնահատման վերաբերյալ,
  • պատկերացում կկազմեն սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փուլերի վերաբերյալ, այդ թվում՝ պլանավորման, իրականացման, որակի վերահսկման, ինչպես նաև հետազոտություններում էթիկական սկզբունքների վերաբերյալ,
  • կկարողանան պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ մասնագիտական աջակցության միջոցով:

Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք, ովքեր բնակվում են Տավուշի մարզում:

Դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց գործունեության մեջ նախատեսում են իրականացնել կամ համակարգել հետազոտություններ, գնահատումներ, դասընթացին կարող են մասնակցել նաև ուսանողներ:

Դասընթացի տևողությունը 16 ժամ է:

Դասընթացը բաղկացած է 2 մոդուլից.

  • Մոդուլ Սոցիոլոգիական հետազոտությունների ներածություն,
  • Մոդուլ Սոցիոլոգիական հետազոտությունները պրակտիկայում:

Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն:

Դասընթացի վերջում հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

Դասընթացը կվարի Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը: Մարինան սոցիոլոգիական, կրթական հետազոտությունների մշակման և իրականացման ավելի քան 12 տարվա փորձ ունի: Նա Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ է:

Դասընթացից հետո մասնակիցները կստանան մասնագիտական խորհրդատվություն՝ գործնական աշխատանքների ընթացքում:

Հայտադիմումը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/CNdsQPZaeKqBahMo9:

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» II կուրսի ուսանողներն այցելեցին Ջերմուկ

1. գլխավոր

2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Ջերմուկ երթուղով: Պրակտիկայի նպատակակետը Ջերմուկ քաղաքն էր իր զբոսաշրջային ենթակառուցվածքներով:

Պրակտիկային մասնակցում էին պրակտիկայի ղեկավար մ.գ.թ.,  ասիստենտ Հ.Ազիզյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս.Սաֆարյանը:

Ուղևորության առաջին կանգառը Օրբելյանների միջնադարյան իջևանատունն էր, որտեղ ուսանողուհի Իննա Սարիբեկյանը ներկայացրեց իջևանատան պատմությունը, ճարտարապետությունը:

Երկրորդ կանգառը “Jermuk Hotel and Spa” կենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան բուժառողջարանային համալիրներում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայություններին, բուժիչ ցեխերի տեսակներին: Հյուրանոցի մենեջերն ուսանողներին ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, սոճիների փոշոտման գործընթացում օդում անջատված օգտակար նյութերի հատկությունների մասին:

Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարն ուսանողներին ներկայացրեց Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնառեկրեացիոն ներուժը, առկա պոտենցիալը և հնարավորությունները:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են կիրառել համալսարանում ստացած տեսական գիտելիքները: Նրանք մոտիկից ծանոթացան բուժառողջարանային համալիրների գործունեությանը: Ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են երկար ուղևորությունների ժամանակ զբաղեցնել զբոսաշրջիկներին (հետաքրքիր լեգենդեր, առասպելներ, ավանդազրույցեր պատմել, ազգային երգեր երգել, հայկական ավանդական խաղեր խաղալ և այլն):

Ուսանողները գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ հիանալի և տպավորիչ պրակտիկա կազմակերպելու համար:

Պրակտիկայի ավարտին՝ հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ին, 48 լսարանում կիրականացվի շնորհանդեսի ուղեկցությամբ հաշվետվության ներկայացում, որին սիրով հրավիրում ենք մասնակցելու: