Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տվյալագիտության (Data Science/Analytics) և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/Analytics) և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց (online) դասընթացներ:

 

«Տվյալագիտության (Data Science/Analytics) դասընթացի մասին տե՛ս հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/datascience-analytics:

 

«ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացի մասին տե՛ս հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/it-sales:

 

Դասընթացների վերաբերյալ այլ մանրամասներին ու գրանցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 574 778 հեռախոսահամարով:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության մրցույթ

Գիտութ. կոմիտեի հայտ. նկարը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված, 24 ամիս տևողությամբ, այնուհետև՝ ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների՝ հրավերում նշված մասնագիտություններով:

Գիտական փորձաքննության ընթացքում լրացուցիչ առավելություն կտրվի ՀՀ տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների  զարգացմանը նպաստող ուղղություններին համապատասխանող գիտական նախագծերին (համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվող ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/files/directions_ministries.pdf

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021թ. օգոստոսի 13-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում (հեռ.` 210 140 (105)): 

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների այցը ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

1. գլխավոր

2021թ. հունիսի 6-ին ԵՊՀ ԻՄի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի ուղեկցությամբ գիտաճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:

Այցի սկզբում ուսանողներն ուղևորվեցին  ՀՀ ԿԲ-ի այցելուների կենտրոն, որտեղ նրանց ծանոթացրին ԿԲ փողերի թանգարանին, առկա ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների և մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին և բացատրեցին, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ դրամն իսկականից: Ուսանողները ծանոթացան նաև շրջանառության մեջ գտնվող հիշատակային մետաղադրամներին, հուշադրամներին, ներդրումային դրամներին:

Այնուհետև ուսանողները լսեցին «Դրամավարկային քաղաքականության իրականացումը ներկա մարտահրավերների պայմաններում» թեմայով դասախոսություն, որը վարեց ԿԲ դրամավարկային վարչության ղեկավար Հայկ Ավետիսյանը: Դասախոսության ընթացքում ուսանողներին ներկայացվեց, թե ինչ էր կատարվում 2020 թ.-ին, խոսվեց համավարակի և ռազմական դրության պայմաններում ստեղծված տնտեսական մարտահրավերների մասին, բացատրվեց դրանց նշանակությունը տնտեսական քաղաքականության տեսանկյունից: Դասախոսությունը եզրափակվեց ներկայումս տեղի ունեցող տնտեսական իրադարձությունների և ակնկալվելիք քաղաքականության պարզաբանմամբ:

Հանդիպման վերջում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

Ամառային հանգիստը մատչելի կազմակերպելու առաջարկ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների համար

Հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական կազմակերպության հետ համալսարանի աշխատողների ամառային հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:

Եթե ԵՊՀ արհեստակցական միության անդամ եք, ապա Ձեր և Ձեր ընտանիքի անդամների ամառային հանգիստը կարող եք կազմակերպել Հայաստանում գործող Ձեր նախընտրելի հանգստյան տանը, առողջարանում և հյուրանոցում՝ սահմանվածից 10% զեղչված գներով:

Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացել է ևս մեկ հնարավորություն. սահմանված 10% զեղչը տարածվում է նաև Հայաստանից դուրս՝ արտագնաարտասահմանյան տուրիստական փաթեթների վրա:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք դիմել՝ ԵՊՀ ԱՐՀԿՈՄԻՏԵ, Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ. (+374)60 710176, (+374)10 554612 կամ (+374)55 003989 (ժամը 10:00-17:00):

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը

1 - գլխավոր

2021թ. հունիսի 30-ին Zoom հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը՝ Ա. ՀՄակարյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.

  1. «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության մասին (զեկուցող՝ «Ակունք» հանդեսի գլխավոր խմբագիր Ա.Ներսիսյան):
  2. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետազոտական գործունեության ռազմավարության հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյան):
  3. ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Մ.Ասիլյան):
  4. Հաղորդում կրթական ծրագրերի վերանայման գործընթացի մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյան):
  5. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյան):
  6. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյան):
  7. 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):
  8. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վ.Պողոսյան):
  9. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. բյուջեի կատարողականի (մինչև 15.06.2021թ.) մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյան):
  10. Ընթացիկ հարցեր.

10.1. ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի մշակման հանձնաժողովի կազմի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):

10.2. ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման հանձնաժողովի կազմի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):

Առաջին հարցի՝  «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության մասին զեկուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Ա.Ներսիսյանը՝ անդրադառնալով դրա հիմնական նպատակին, այն է՝ խթանել ՀՀ կրթական հաստատությունների և մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գիտահետազոտական գործունեությունը հումանիտար գիտությունների ոլորտում, վերջինիս շարունակականության կարևորությանը, գործունեության հետագա ուղղություններին, ԲՈԿ-ի ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ չափանիշներին, դրա հետ կապված խնդիրներին ու հնարավորություններին, հանդեսի խմբագրական խորհրդի կազմին և այլն:

Այս հարցի կապակցությամբ արտահայտվեցին գիտխորհրդի մի քանի անդամներ, այդ թվում՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ով տեղեկացրեց գիտական ամսագրերին ներկայացվող նոր պահանջներին առնչվող ԵՊՀ ռեկտորի սպասվող հրամանի մասին և առաջարկեց դրանից հետո միայն քննարկել հանդեսի հետագա գործունեությանն առնչվող խնդիրները:

Որոշվեց՝ «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության մասին Ա.Ներսիսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի կապակցությամբ Հ.Մովսեսյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի հետազոտական գործունեության ռազմավարության նպատակն ու խնդիրները, դրանց լուծման հիմնական ուղիները և մշակվելիք կառուցակարգերը, անդրադարձավ փաստաթղթով նախանշված ռազմավարության իրականացման հաջողությունների և որակական արդյունքների ցուցանիշներին: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության հիմնական նպատակն է ապահովել մասնաճյուղի գիտանորարարական ենթակառուցվածքների հաստատուն զարգացումը, կրթական և գիտական գործունեության ինտեգրացումը, մասնաճյուղի դասախոսների գիտական նվաճումների ճանաչումը գիտական լայն շրջանակներում, գիտական հետազոտությունների և մշակումների իրացումը Տավուշի մարզի ագրոարդյունաբերության, հումանիտար և սոցիալ-մշակութային ուղղություններով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ իբրև կրթական հաստատության առաջարկվող մոդելը տարածաշրջանային նորարարական հետազոտական կենտրոն-համալսարանի մոդելն է: Մասնաճյուղի առաքելությունն է՝ հանդես գալ որպես Տավուշի մարզի նորարարական զարգացման գեներատոր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետազոտական գործունեության զարգացումը, որը պայմանավորված է ՀՀ, մասնավորապես՝ Տավուշի մարզի տնտեսության արդիականացման ու մրցունակության բարձրացման գործընթացներում մասնաճյուղի իրական մասնակցության անհրաժեշտությամբ, նպատակահարմար է իրականացնել մարզի գերակա ոլորտներում առկա հիմնախնդիրների հետազոտման ուղղությամբ:

Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետազոտական գործունեության ռազմավարությունը:

Երրորդ հարցի՝  ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին իր հաղորդման մեջ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Մ.Ասիլյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում, ըստ կիսամյակների, ՈՒԳԸ կողմից իրականացված բազմաբնույթ միջոցառումները՝ հանդիպում-քննարկումներ, գիտական ակումբների հիմնում, դասընթաց-սեմինարներ, ցուցահանդես-տոնավաճառ, կինոդիտում, սեմինար-զեկուցումներ, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, ճանաչողական, մշակութային միջոցառումներ, վեբինարներ և այլն:

Գիտխորհրդի անդամների կողմից կարծիք արտահայտվեց, որ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած միջոցառումներն ունենան գերազանցապես գիտական ուղղվածություն:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին Մ.Ասիլյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

 

Չորրորդ հարցի՝ կրթական ծրագրերի վերանայման գործընթացի մասին ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի՝ №8-§2 հրամանի համաձայն՝ կրթական ծրագրերի վերանայման աշխատանքային խմբերը մինչև ս.թ. մայիսի 21-ը պետք է ԿԲԴՎ բաժին ներկայացնեին վերանայված  կրթական ծրագրերը: Այս պահի դրությամբ պատրաստ են առկա ուսուցման համակարգի 11 կրթական ծրագրերը և տեղադրված են մասնաճյուղի կայքէջում: Առկա ուսուցման համակարգի կրթական ծրագրերից վերանայված չէ միայն «Դիզայն» մասնագիտության կրթական ծրագիրը: Առաջին անգամ այս ուսումնական տարվա ընթացքում պատրաստվել են նաև հեռակա ուսուցման համակարգի կրթական ծրագրերը: ԿԲԴՎ բաժինը պատրաստել է 2020-21 «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը, որը վերանայելու  համար ձևավորել է աշխատանքային  խումբ: Վերջում Ն.Գրիգորյանը խնդրանքի կարգով հավելեց, որ ամբիոնների վարիչները, դեկանները և կրթական ծրագրերի ղեկավարները հետևողական լինեն կրթական ծրագրերի պատշաճ իրականացմանը:

Ա.Մակարյանը հավելեց, որ ամբիոններն են պատասխանատու դասավանդվող նյութի բովանդակության արդիականության և ծրագրերում ներկայացված թեմաներին դրա համապատասխանության համար: Վարիչները պետք է հետևեն ծրագրերի կատարողականին, իսկ թեմաների ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի և հաստատված լինի ամբիոնի նիստում:

Որոշվեց՝ կրթական ծրագրերի վերանայման գործընթացի մասին Ն.Գրիգորյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

 

Հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին իր հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը մասնաճյուղում իրականացվել է համաձայն հաստատված գրաֆիկի՝ ս.թ. մայիսի 15-ից մինչև հունիսի 28-ը:

2020-2021 ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է 365 շրջանա­վարտ, այդ թվում՝ առկա ուսուցմամբ 10 կրթական ծրագրով` 150 շրջանավարտ (39 անվճար, 111 վճարովի) և հեռակա ուսուցմամբ 7 կրթական ծրագրով` 215 շրջանավարտ (ևս 3 շրջանա­վարտ նախորդ տարիներից): 

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել և դրական են գնահատվել առկա ուսուցման շրջանավարտների 100%-ը և հեռակա ուսուցման  94.4%-ը (8 ուսանող չի ներկայացել, 4 ուսանող ստացել է անբավարար):

2020-2021 ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է նաև Մանկավարժի լրացուցիչ որակավորման 40 շրջանավարտ:

Գերազանցության դիպլոմ առկա ուսուցմամբ ստացել է ընդամենը 25 շրջանավարտ­:

Առկա ուսուցման համակարգում ամփոփիչ ատեստավորման միջին գնահատականը լավ և գերազանց է, իսկ հեռակայում՝ հիմնականում բավարար:

Գերազանցության դիպլոմ հեռակա ուսուցմամբ ստացել է 2 շրջանա­վարտ­՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն» կրթական ծրագրերով:

Ամփոփիչ ատեստավորման գործընթացում բողոքարկումներ չեն եղել:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կողմից տր­ված հաշվետվությունները ներկայացված են մասնաճյուղի կայքէջում:

Ա.Մակարյանը հանձնարարեց բոլոր դեկաններին ֆակուլտետների գիտական խորհուրդներում մանրամասն քննարկել ատեստավորման հանձնաժողովների հաշվետվությունները և մշակել առաջարկություններ՝ հետագա բարելավումների համար:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄի՝ 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Վեցերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին իր հաղորդման մեջ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ հարցումն իրականացվել է անանուն և առցանց: 2020-21 ուստարում մասնաճյուղի առկա ուսուցման 150 շրջանավարտից հարցմանը մասնակցել է 127-ը, այսինքն՝ շրջանավարտների 85%-ը, որը առցանց հարցումների տեսանկյունից մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է:

Հարցման միջոցով պարզվել է շրջանավարտների բավարարվածությունն ըստ 6 ոլորտների՝

  1. կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսուցման մեթոդաբանությունից և ուսումնական գործընթացի կազմակերպումից,
  2. մասնաճյուղում ուսանողների գնահատումից,
  3. ավարտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից,
  4. ուսումնական ռեսուրսներից և համալսարանական միջավայրից,
  5. շրջանավարտների կարծիքը կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ,
  6. բավարարվածությունը ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից:

Մ.Ճաղարյանը մասնաճյուղի ուսումնական գործընթացը կազմակերպող և իրակականացնող բոլոր օղակներին առաջարկեց քննարկել վերլուծության մեջ նշված գնահատականները, համագործակցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ու Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինների հետ՝ կրթության որակի հետ կապված խնդիրները բացահայտելու, քննելու և լուծման կամ բարելավման ուղիներ գտնելու համար:

Որոշվեց՝

  • ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին Մ.Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
  • ՄԿՈԱ բաժնին հանձնարարել ուսումնասիրել բոլոր հանձնաժողովների նախագահների կարծիքներն ու առաջարկությունները, դրանք ներկայացնել ֆակուլտետներ և տնօրենության առաջիկա նիստերից մեկի քննարկմանը:
  • Ֆակուլտետների դեկաններին հանձնարարել պատրաստել և ներկայացնել հետագա բարելավման, վերհանված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Յոթերորդ հարցի հետ կապված՝ քննարկվեց 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունելության մասնագիտությունների ցանկը: ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի (ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանի) կողմից եղավ առաջարկ մասնաճյուղի 2022թ. ընդունելության մասնագիտությունների ցանկում ընդգրկել նոր մասնագիտություն՝ «Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա»:  Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի (ամբիոնի վարիչ Մ.Միքայելյանի) կողմից հնչեց առաջարկ՝ ցանկում «Կառավարում» մասնագիտությունն ավելացնելու վերաբերյալ:

Հարցի առչնչությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ համապատասխան ամբիոններն իրականացնեն տարածաշրջանի աշխատաշուկայի վերաբերյալ ուսումնասիրություն՝ հիմնավորելու, թե արդյոք առաջարկվող մասնագիտությունները պահանջարկ ունեն աշխատաշուկայում, և որքանով են բուհի ռեսուրսները, նյութատեխնիկական բազան հնարավորություն տալիս այդ մասնագիտությունները ներդնելու մասնաճյուղում:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին սեղմ ժամկետներում պատրաստել և Ուսումնամեթոդական վարչությանը ներկայացնել 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունելության մասնագիտությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Ութերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին իր հաղորդման մեջ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն անդրադարձավ հաշվետու ժամանակահատվածում իրականացված գրքային ֆոնդի համալրմանը, ս.թ. հունիսի 30-ի դրությամբ ընդհանուր գրքային ֆոնդին, հայ և օտարալեզու գրականության թվային հարաբերակցությանը, նվիրատվության և գնման միջոցով գրքային ֆոնդի համալրման տվյալներին, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կայքէջի (http://ijevanlib.ysu.am/)  ցուցանիշներին, որոնք բավականին բարձր էին: Հնչեցին նաև առկա խնդիրների վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ:  

Որոշվեց՝

  • ԵՊՀ ԻՄի գրադարանի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին Վ.Պողոսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
  • հրավիրել գրադարանի խորհրդի նիստ՝ քննարկելու գրադարանի հետագա զարգացմանն ուղղված առաջարկները:

Իններորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. բյուջեի կատարողականի (մինչև 15.06.2021թ.) մասին իր հաղորդման մեջ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը մասնավորապես նշեց, որ մուտքերի մեծ մասը ձևավորվում է ուսման վարձավճարներից: Տարվա համար նախատեսված 293 միլիոն 500 հազար ՀՀ դրամի դիմաց մուտք է եղել 142 միլիոն 804 հազար ՀՀ դրամ (ուսման վճար): 

Պետական ֆինանսավորումը 51 միլիոն 722 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոնը կազմում է Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցների (1-ին փուլում ընդգրկվածների) 1-ին կիսամյակի ուսման վճարը: Բանկում ավանդ ձևակերպված միջոցներից ստացվել են տոկոսներ՝ 51 միլիոն 496 հազար ՀՀ դրամ:    

Ծախսերի մեծ մասը կազմում են աշխատավարձերը: Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից՝ նախատեսված 408 միլիոն ՀՀ դրամից, հաշվետու 5 ամսում ծախսվել է 167 միլիոն 922 հազար ՀՀ դրամ: Հիմնական աշխատողների բժշկական ապահովագրության համար, որը նախահաշվով կազմել է 7 միլիոն ՀՀ դրամ, հաշվետու ժամանակահատվածում ծախսվել է 4 միլիոն 725 հազար ՀՀ դրամ: «Այլ ծառայություններ» հոդվածով նախատեսված 500 հազար ՀՀ դրամից հակահրդեհային պաշտպանության համար ծախսվել է 350 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ նախահաշվի հոդվածներով նախատեսված ծախսերը նորմայից պակաս են եղել:    

 Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄի՝ 2021թ. կատարողականի (մինչև 15.06.2021թ.) մասին  Մ.Մխիթարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին (10.1) հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ    ԵՊՀ-ն մշակել է զարգացման՝ 2021-2026  թթ. ռազմավարական ծրագիր, որը դեռևս պետք է հաստատվի Հոգաբարձուների խորհրդի կողմից: Մասնաճյուղի ռազմավարական ծրագիրը պետք է հիմնված լինի Մայր բուհի ծրագրի վրա և ունենա տարածաշրջանային խնդիրներին վերաբերող շեշտադրումներ: Հանձնաժողովի առաջարկվող կազմում ներգրավված են ԵՊՀ ռեկտորատի, Տավուշի մարզպետարանի և մասնաճյուղի ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այն ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը: Առաջարկվեց ծրագրի մշակման հանձնաժողովի հետևյալ կազմը.

  1. Մակարյան Անուշավան – ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար,
  2. Բարխուդարյան Ռաֆայել – ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր,
  3. Դավթյան Արկադի – ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության պետ,
  4. Ճաղարյան Մարիետա – Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ,
  5. Մովսեսյան Հովսեփ – «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար,
  6. Գրիգորյան Նաթելլա – Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատարստման բաժնի վարիչ,
  7. Եգանյան Արման – Արտաքին կապերի բաժնի վարիչ,
  8. Խաչատրյան Տաթևիկ – ՏՀՍԶ բաժնի վարիչ,
  9. Բեգինյան Լիանա ­– ՄԿՊԿ բաժնի վարիչ,
  10. Պողոսյան Վլադիմիր – գրադարանի վարիչ,
  11. Սարգսյան Վարդան – ՏԳԿՍ բաժնի վարիչ,
  12. Մխիթարյան Մելանյա – գլխավոր հաշվապահ,
  13. Միքայելյան Միքայել – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
  14. Հովհաննիսյան Գուրգեն – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
  15. Սիմոնյան Գևորգ – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
  16. Ավետիսյան Գայանե – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
  17. Աղաբաբյան Վահան – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
  18. Սիրոյան Գարիկ – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ,
  19. Վանյան Հասմիկ – Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ,
  20. Հարությունյան Մերուժան – Տավուշի մարզպետարան, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ,
  21. Ասիլյան Մեդորա – «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
  22. Խաչատրյան Գառնիկ – «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող:

Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի մշակման հանձնաժողովի կազմը:

Ընթացիկ երկրորդ (10.2) հարցի առնչությամբ Ա.Մակարյանը գիտխորհրդին ներկայացրեց, որ «ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի ձևավորման կանոնակարգ»-ին համապատասխան հանձնաժողովի կազմում ներառվել են որակի ապահովման և բարեփոխումների համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից ներկայացված որակի պատասխանատուները և արտաքին շահակիցների, ինչպես նաև որակի ապահովման ուսանողական հանձնախմբի ներկայացուցիչներ: Ա.Մակարյանը ներկայացրեց հանձնաժողովի հետևյալ կազմը.

  1. Ճաղարյան Մարիետա – Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ,
  2. Գրիգորյան Նաթելլա – Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատարստման բաժնի վարիչ,
  3. Աթոյան Մհեր – գիտական քարտուղար,
  4. Բեգինյան Լիանա – Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ,
  5. Եգանյան Արման – Արտաքին կապերի բաժնի վարիչ,
  6. Նազարյան Նարեկ – Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին, իրավախորհրդատու,
  7. Պողոսյան Վլադիմիր – գրադարանի վարիչ,
  8. Ղազարյան Նարա – Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատարստման բաժնի մասնագետ,
  9. Թումանյան Լուսինե – Հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
  10. Մխիթարյան Քրիստինե – Կիրառական արվեստի ֆակուլտետ,
  11. Մարգարյան Ալեքսան – Բնական գիտությունների ֆակուլտետ,
  12. Ասիլբեկյան Պավել – Տնտեսագիտության ֆակուլտետ,
  13. Հարությունյան Մերուժան – Տավուշի մարզպետարան, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ (արտաքին շահակից),
  14. Բրուտյան Հայկ – Իջևանի տարածաշրջանային քոլեջի տնօրեն (արտաքին շահակից),
  15. Էդիլյան Գայանե – Իջևանի ավագ դպրոցի տնօրեն (արտաքին շահակից, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ),
  16. Ասիլյան Հայկ – Իջևանի քաղաքային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար (արտաքին շահակից, Կիրառական արվեստի ֆակուլտետ),
  17. Մինասյան Գևորգ – Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն (արտաքին շահակից, Տնտեսագիտության ֆակուլտետ),
  18. Թովմասյան Արտաշես – Digital Wave ծրագրավորման կենտրոն (արտաքին շահակից, Բնական գիտությունների ֆակուլտետ),
  19. Վանեսյան Հայարփի – «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրս,
  20. Ասլանյան Ինգա – «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրս:

Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման հանձնաժողովի կազմը: