Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում մեկնարկել են 2020-21 ուստարվա ընդունելության ներբուհական քննությունները

1 - գլխավոր

2021թ. հուլիսի 2-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել է 2 քննասենյակ՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով: Քննություններից մեկ օր առաջ ախտահանվել են քննական կենտրոնները, քննություններին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր ջերմաչափվել են, պահպանվել են հակահամաճարակային կանոնները:

Այս տարի յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննություններն անցկացվում են մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրում են վիճակահանությամբ:

«Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 2-3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար՝ պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք՝ դեկորատիվ մեկնաբանությամբ:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 7, իսկ  «Դիզայն» կրթական ծրագրով՝ 9 դիմորդ:

Հանձնաժողովի անդամները «Գծանկար» քննության գնահատման ընթացքում հաշվի են առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումը, նյութականության ստացումը և հորինվածքի եզրափակիչ մշակումը: «Կոմպոզիցիա» քննության ժամանակ գնահատվում է զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը:

Քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 6-ին:

Միջազգային ուսանողական բիենալե 2021

Հայտ.-նկարը

Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. հոկտեմբերի 20-23-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե:

Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ

  1. Կոմպոզիտորական մրցույթ
  2. Գրական մրցույթ
  3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ

Կատարողական մրցույթ

  1. Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
  2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
  3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
  4. Գործիքային մրցույթ (անհատական և  նվագախմբային կատարումներ):

Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ: 

Բիենալեի ընթացքում տեղի կունենան հետևյալ գլխավոր միջոցառումները.

  • մասնակիցների աշխատանքների ցուցահանդես
  • ԱՊՀ երկրների մշակույթ տոնավաճառ
  • բիենալեի գալա համերգ:

Անցկացվելու են նաև արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, մասնագետների կողմից վարպետության դասընթացներ: 

Բիենալեին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 25-ն է:

Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:

Հայտաձևը տե՛ս այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն:

Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84

Կայքէջ՝ www.ysu.am/culture

https://www.facebook.com/ephculturecenter/

Էլ. հասցե՝ culturecenter@ysu.am

ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները նույնպես կպարգևատրվեն աշխատավարձի 50%-ի չափով

Նորութ. նկ.

Հետևելով Մայր բուհի օրինակին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նույնպես կպարգևատրի իր հիմնական աշխատողներին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի՝  2021թ. հունիսի  30-ի №109-§ 1 հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատողները, 2021թ. հուլիսի 3-ից սկսած, կստանան դրամական պարգևատրում՝ ապրիլ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 0.5 դրույքը:

Դրամական պարգևատրումը կիրականացվի 2021թ. ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ հրամանի՝ պարգևատրումը չի վճարվի 2021 թվականի ընթացքում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին և սույն հրամանի ստորագրման օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին: