Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր

 2022թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդեսմիջոցառում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով:

Ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ և հյուրեր:

Գրքերի ցուցադրության առաջին պլանում ներկայացված ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների վերջին տարիների հրատարակությունները հույս էին ներշնչում, որ հետագայում ևս մեր գիտական ներուժը ոչ միայն լավագույնս կծառայի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, այլև կնպաստի հանրապետության գիտամշակութային կյանքի զարգացմանը:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գիրքը մեր առօրյայի անբաժան մասն է, և գիրք նվիրելը՝ ամենաանկեղծ ու նվիրական առաքելությունը: Գրքի մշակույթը մարդկային հասարակության զարգացման լավագույն ցուցիչն է, և յուրաքանչյուրս պետք է առնչվենք, արժևորենք գիրքն ու ընթերցողին: Եթե գիրքը մտավոր հիմնասյուն է, ապա ընթերցողն էլ այն իրականություն դարձնողն է»:

Գիրք նվիրելու օրվա առթիվ համալսարանականներին շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մարդն ու գիրքն օրգանական միասնություն են, և գրքի դերը մեր հասարակության մեջ, համալսարանական միջավայրում անփոխարինելի է: Ուրախությամբ անդրադառնալով ցուցադրված երկերին, որոնք ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների հեղինակած գրքերն էին, արտահայտեց մասնաճյուղի ղեկավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նոր գրքերի ստեղծման, դրանց լույսընծայման գործում: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին աջակցություն ցուցաբերած, գրքեր նվիրաբերած բոլոր անհատներին, հիմնարկություններին ու աշխատակիցներին:

Տնօրենության անունից շնորհակալագրեր փոխանցվեցին մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարած ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին՝ Ա.Սարհատյանին, Ա.Հասանյանին, Գ.Առուշանյանին, Վ.Ավագյանին, Ռ.Աղուզումցյանին, Ս.Դավթյանին, Ա.Հովհաննիսյանին:

ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մ.Զուրաբյանը իր և կենտրոնի կողմից գրքեր նվիրեց ներկաներին ու գրադարանին և նշեց, որ կենտրոնի նվիրատվությունները մասնաճյուղի գրադարանին կկրեն շարունակական բնույթ:

Գրքերին ձոնված տաղի «Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր…»  չարենցյան տողով, գրքերի հանդեպ իր բուռն սիրով ներկաներին տոնի առթիվ շնորհավորեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ ընդգծելով գրքերի անփոխարինելի դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում և միջոցառման մասնակիցներին գրադարանի ֆոնդից նվիրելով գրքեր:

Վերջում իրենց դասախոսների հեղինակած գրքերն ուսանողները ստացան նվեր:

Կայացավ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպում-քննարկումը

1. գլխավոր2022թ. փետրվարի 15-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպումքննարկումը:

Ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, երիտասարդներ և ուսանողներ:

Հանդիպումքննարկման նպատակն էր ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Հյուրերին ու երիտասարդներին ողջունեցին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ խոսելով մարզում ծրագրի իրականացման կարևորության, նպատակի, խնդիրների ու ակնկալիքների մասին:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) թիմը նախ ներկայացրեց ծրագրի մանրամասները, իրականացման ուղղությունները, ապա անդրադարձավ մարզում ապրելու և աշխատելու մարտահրավերներին ու հնարավորություններին:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, դիմելով երիտասարդներին ու գործատուներին, համոզմունք արտահայտեց, որ կարևոր է հավատալ ու շատ ջանքեր ներդնել, և արդյունքը սպասեցնել չի տա: Ներկայացնելով ծրագրի նպատակը, ուղղություններն ու անելիքները՝ նա ընդգծեց մարզի առանձնահատկությունը ՀՕՖ-ի համար, որը 2013 թվականից Բերդի տարածաշրջանում իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագիրը: «Տավուշը մեզ համար շատ հարազատ տարածաշրջան է, քանի որ ՀՕՖ-ը վերջին 9 տարիներին իր խոշոր ծրագրերից մեկն իրականացնում է հենց Տավուշում՝ Բերդի տարածաշրջանում, որն արդեն ընդլայնվել է նաև դեպի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան։ Ուզում եմ շեշտել, որ ՀՕՖ-ը ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է «կա՛մ պետք է ոչինչ չանել, կա՛մ անել առավելագույնս լավ» սկզբունքով։ Սա երկարաժամկետ ծրագիր է՝ 5 տարվա, իրականացնում ենք մեր երեք գործընկերների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ագրարային համալսարանի և CIVITTA խորհրդատվական ընկերության հետ։ Երեք հիմնական ուղղություններով է աշխատելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն/հյուրընկալություն, գյուղատնտեսություն», – նշեց պարոն Սարգսյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ տեղի պոտենցիալ գործատուների հետ են սկսել աշխատել՝ հասկանալու վերջիններիս աշխատանքային պահանջները:

Մասնավոր հատվածի ներգրավման աշխատանքների համակարգող Ամալյա Եղոյանը, խոսելով ծրագրում երիտասարդների ներգրավման ու աշխատանքային նոր հնարավորությունների մասին, նշեց. «Մենք թաքուն նպատակ ու երազանք ունենք. Տավուշի մարզը դարձնել երրորդ տեխնոլոգիական մարզը Հայաստանում։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, իրոք, փոփոխություններ կբերի մարզի երիտասարդների կյանքում, մենք էլ՝ մեր հերթին, կաջակցենք դրա իրականացմանը»:

ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը ներկայացրեց ծրագրի գյուղատնտեսության բաղադրիչը՝ մասնավորապես նշելով, որ Տավուշի մարզը հայտնի է իր գյուղատնտեսությամբ, բնությամբ, պաշարներով, բայց մեր ժամանակներում գյուղատնտեսությունը պահանջում է խելացի լուծումներ, ճիշտ որոշումներ, որոնց մասին կներկայացվի դասընթացներին: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

«Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Գիտ. հայտ. նկարը

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. Արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Խմբագրական խորհրդի գրախոսած և երաշխավորած գիտական հոդվածները ընդգրկվելու են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որը լույս է տեսնելու մինչև գիտաժողովի մեկնարկը։

Հոդվածները ներկայացնելու տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Վիկտորյա Սարջանյանին՝ (+374 10) 56 8183 (358) հեռախոսահամարով։

Աղբյուրը՝ https://escs.am/:

 

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանի հետ

IMG_20191001_150132_HDR

Ընկե՛ր Առուշանյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

Իմ համալսարանական գործունեությունն սկսել եմ Իջևանի տարածաշրջանային քոլեջում՝ 1991թ., որն այնուհետև ՀՀ կառավարության 1994թ. որոշմամբ վերակազմավորվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի: Աշխատանքս սկսել եմ Ուսումնական մասում՝ դիսպետչերից, այնուհետև Ուսումնական մասի քարտուղար, որոշակի ժամանակահատվածում՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում դժվարություններ իհարկե եղել են, որովհետև ամեն ինչ զրոյից ենք սկսել, սակայն հաղթահարել ենք, որովհետև շրջապատված ենք եղել իրենց աշխատանքի մեծ գիտակներով, որոնց խորհուրդները միշտ օգնել են նաև ինձ: Եվ քանի որ շատ եմ սիրել իմ աշխատանքը և այն հաճույքով եմ միշտ կատարել, դա էլ է օգնել հաղթահարել ցանկացած դժվարություն:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

Ամենադժվար ժամանակահատվածը համընկել է մեր երկրի անկախացման տարիների հետ: Դժվար էր ոչ միայն ինձ համար, այլև ողջ կոլեկտիվի, քանի որ աշխատում էինք շատ բարդ բարոյահոգեբանական պայմաններում, երբ լսարանները դժվարությամբ էին ջեռուցվում, նույնիսկ սովորական թուղթը դժվար էր ճարվում: Շնորհիվ այն ժամանակվա ղեկավարության ներդրած ջանքերի ու եռանդի՝ մասնաճյուղը պատվով հաղթահարեց այդ դժվարությունները:      

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

-Պատմություններ ու դեպքեր շատ կան, բայց ամենից շատ այն մարդիկ են ինձ համար հիշարժան, որոնց շնորհիվ Իջևանում ձևավորվեց համալսարանական միջավայր, և որոնցից շատ բան եմ սովորել: Իմ կայացման, ինձ վստահելու համար շնորհակալ եմ նրանց:

-Ընկե՛ր Առուշանյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

Աշխատանքից դուրս ունեմ շատ նախասիրություններ: Սիրում եմ կարդալ, լսել երաժշտություն: Շատ եմ սիրում ծաղիկներ աճեցնել:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Ապրում եմ մայրիկիս և քրոջս հետ:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

Առանց դժվարության ոչինչ չի տրվում: Բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, պետք չէ շուտ հուսահատվել: Անհրաժեշտ է լինել համբերատար ու նպատակասլաց:

-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Ցանկացած դրական բան ինձ համար կարող է ոգեշնչման աղբյուր լինել.  դա կարող է լինել հարազատի, ընկերոջ հաջողությունը, իմ երկրի հետ կապված ցանկացած հաջողություն, լավ երաժշտությունը, դա կարող է լինել գարնան սկիզբը, բնության  զարթոնքը, այն, ինչ նոր հույզեր է պարգևում մարդուն:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

Լինել լավատես և առաջ նայել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

Սիրել իրենց աշխատանքը, մեր մասնաճյուղը, Մայր բուհը, ցանկացած գործ կատարել մեծ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ: Ունենալ իսկական համալսարանական կեցվածք ու պահվածք:

Փետրվարի 10-ի տնօրենության նիստում

1. գլխավոր2022թ. փետրվարի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2 օրակարգային  և 2 ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքի մասին զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ֆակուլտետների դեկանները: Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը սկսվել են ըստ գործող ժամանակացույցի՝ ս.թ. փետրվարի 8-ից: Ֆակուլտետները ներկայացրել են դասացուցակները, որոնք ստուգվել են Ուսումնամեթոդական վարչության կողմից և տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում: Ուսումնական գործընթացը տեղի է ունենում ըստ նախատեսված պլանի: Դեկանները ներկայացրին, որ դասացուցակները պատրաստ են, դասերն ընթանում են հաստատված ժամանակացույցի համաձայն:

Որոշվեց՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքի մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի և ֆակուլտետների դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

 Երկրորդ հարցի՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ զեկուցեց ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը: Նա նշեց, որ ս.թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որին մասնակցել է 23 ուսանող (1 ուսանող չի ներկայացել): Արդյունքները գոհացուցիչ են. 19 ուսանող ստացել է «գերազանց», 4 ուսանող՝ «լավ»:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գոհ էր շրջանավարտների պատրաստվածության աստիճանից: Աշխատանքներն աչքի  էին ընկնում ներկայացման բարձր մակարդակով, նորարարական և հետազոտական տարրերի առկայությամբ, խնդիրների համակողմանի վերլուծությամբ: Մագիստրոսական թեզերի իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահը կատարել է ուշագրավ դիտարկում-առաջարկություններ, որոնք ամրագրվել են և հաշվի կառնվեն հաջորդիվ:

Որոշվեց՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանության մասին Ա.Մարգարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2 շրջանավարտների դիպլոմների անվավեր ճանաչման և կրկնօրինակների տրամադրման մասին զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը: Նա նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2 շրջանավարտներ դիմել են իրենց դիպլոմների կրկնօրինակները տրամադրելու համար:

Որոշվեց՝ հիմք ընդունելով «ԵՊՀ-ի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերի և ժամկետների մասին», ինչպես նաև «ԵՊՀ-ի դիպլոմի կրկնօրինակը տալու կարգը հաստատելու մասին» ԵՊՀ ռեկտորի հրամանները՝

  1. անվավեր ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի 2 շրջանավարտների դիպլոմները,
  2. թույլատրել վավերացնել նրանց դիպլոմների կրկնօրինակները:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում ուսանողի ուսանողական իրավունքների վերականգնման կապակցությամբ ՈՒՄՎ ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 1 նախկին ուսանող դիմել է իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, որի համաձայն՝ նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի նախկին ուսանողի ուսանողական իրավունքները: