Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և Դիլիջանի պետական քոլեջի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

1. գլխավոր - 5.IMG_3412 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, և «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ի դեմս տնօրեն Վ.Հովհաննիսյանի, կնքեցին համագործակցության համաձայնագիր՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական ուսումնական հաստատության բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսուցումը շարունակելու մասին:

Մինչև համաձայնագրի ստորագրումը քոլեջից համալսարան ընդունվելու գործընթացի մանրամասների վերաբերյալ խորհրդատվությամբ հանդես եկան Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը՝ անդրադառնալով առարկայական տարբերությունների հաշվարկով մասնագիտությունների ընտրության նպատակահարմարությանը:

Կնքված համաձայնագրով կողմերը ստանձնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտների ուսումը շարունակելու համար անհրաժեշտ մի շարք պարտականություններ:

ԵՊՀ ԻՄ-ը մասնավորապես պարտավորվեց՝

  • իրականացնել քոլեջի բարձր առաջադիմություն (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) ցուցաբերած շրջանավարտների ուսուցումը բուհի բակալավրիատի հեռակա ուսուցման 2-րդ կուրսից՝ վճարովի համակարգում՝ տվյալ ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համապատասխան կրթական ծրագրերի գծով բուհին հատկացված տեղերի սահմաններում,
  • համագործակցել քոլեջի հետ ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում,
  • քոլեջին ցույց տալ համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով,
  • կազմակերպել ուսուցում հեռակա ուսուցման համակարգում հետևյալ կրթական ծրագրերի գծով՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», «Պատմություն» և այլն:

Քոլեջը պարտավորվեց՝

  • պետական որակավորող հանձնաժողովի կազմում ընդգրկել բուհի և քոլեջի ներկայացուցիչներ՝ հավասար թվով,
  • ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա իրականացնել բուհում ուսումը շարունակող հավակնորդների մրցույթ և արդյունքների մասին արձանագրությունը ներկայացնել բուհ,
  • վերանայել և բուհի ուսումնական պլանների հետ համաձայնեցնել քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը համապատասխան մասնագիտությունների գծով:

Հանդիպումն ավարտվեց համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ կողմերի պատրաստակամության արտահայտմամբ:

2. IMG_3380

Կայացավ Ուսանողական խորհրդի նախաձեռնած մարզամշակութային բաց առաջնությունը

1 2023թ. մայիսի 16-19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր մշակութային և սպորտային բաց առաջնություն, որին մասնակցեցին ուսանողներ, դասախոսներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Բաց առաջնության ընթացքում մասնակիցները հանդես եկան 4 ասպարեզներում՝ ասմունք, երգ, շախմատ և սեղանի թենիս:

Մայիսի 16-ին մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ-փառատոնը, որով պաշտոնապես մեկնարկեց բաց առաջնությունը: Ժյուրիի որոշմամբ ասմունքի փառատոնում 1-ին տեղը գրավեց Գոհար Վիրաբյանը, 2-րդ տեղը՝ Լիդա Ցուցուլյանը և Լիլիթ Կիրակոսյանը, 3-րդ տեղը` Տիգրան Եղիազարյանը:

Մայիսի 17-ին տեղի ունեցավ շախմատի առաջնությունը, որտեղ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արայիկ Թիրաբյանը, 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Ավետիսյանը, 3-րդը` Էրիկ Չիբուխչյանը: Դիտարժան ու հետաքրքիր խաղի համար մրցավարների որոշմամբ հատուկ մրցանակի արժանացավ Սլավա Կոնջորյանը:

Մայիսի 18-ին կայացավ երգի մրցույթը, որտեղ մասնակիցները ներկայացրին հայկական ժողովրդական, ինչպես նաև արտասահմանյան երգեր: Ժյուրիի անդամների որոշմամբ երաժշտական մրցույթի 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Անի Ուլիխանյանը, 2-րդ հորիզոնականը՝ Լիլիթ Թորոսյանը, 3-րդը` Սառա Քամալյանը:

Մայիսի 19-ին տեղի ունեցավ առաջության վերջին մրցույթը: Մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիսի մարզաձևում, որտեղ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Ղալթախչյանը, 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Ալեքսանյանը, 3-րդ հորիզոնականը` Էրիկ Խաչատրյանը:

Ուսանողական խորհուրդը շարունակելու է նախաձեռնել նմանօրինակ մրցույթներ և առաջնություններ` ստեղծելով հարթակ` ինքնադրսևորման և սեփական կարողությունները կատարելագործելու համար:

Բաց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա ս.թ. մայիսի 24-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստերի սենյակում:

Կայացավ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը

1. գլխավոր 2023թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մունետիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, նույն վարչության ավագ մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Համբարձումյանը, ծրագրի նախաձեռնող խումբը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր, այլ արվեստասերներ:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ.Համբարձումյանը, ծրագրի արվեստաբան Տ.Համբարձումյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Զ.Ասլանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ նման կարևոր ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում ընդգծելով այդպիսի ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց դերն ու նշանակությունը, շարունակական բնույթը:

Կազմակերպիչներն իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ ծրագրին միացած դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյաններին, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել էր նոր թեմատիկ աշխատանքներով:

Այնուհետև ցուցահանդեսի աջակիցներին ու մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր, և այն հայտարարվեց բացված:

Ցուցահանդեսում ներկայացված էին հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների բազմաժանր (գեղանկար, գրաֆիկա, բատիկա և այլն) ստեղծագործությունները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների աշխատանքները:

Ծրագրի մասնակիցները բազում ոճերով և տեխնիկաներով անդրադարձել էին իրենց հետաքրքրող հայրենաճանաչողական թեմաներին՝ ստեղծելով գեղագիտական բարձր որակներով օժտված գործեր:

 

Չարլի Չապլինի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ Չարլի Չապլինի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա.Պարոնյանը:

Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, նույն մասնագիտության ուսանողներ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացրին Չարլի Չապլինի կյանքը, թե ով էր նա, ովքեր էին Չապլինի ընկերները, նրա առաջին սերը: Այդ ամենը ներկայացվեց հենց Չապլինի կողմից, ում մարմավորում էր ուսանողներից մեկը:

Հաջորդիվ ընթերցվեց Չապլինի նամակը՝ ուղղված իրենից հեռու գտնվող դստերը՝ Ջերալդինին, նամակ, որ անտարբեր չի թողնում և ոչ մեկին:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Չապլինի մասնագիտական գործունեությունը, նրա հաջուղությունները և դժվարությունները վերելքի ճանապարհին, նրա ստեղծած կազմակերպությունը և լավագույն ֆիլմերը:

Ցուցադրվեց Չապլինի «Դիկտատոր» ֆիլմի ելույթը, որը տասնյակ տարիներ անց էլ չի կորցնում իր արդիականությունը:

Միջոցառման վերջում ուսանողներն անդրադարձան նաև Չապլինի մեկ այլ տաղանդին՝ նրա ստեղծած երաժշտությանը, որը քչերին է հայտնի, և կատարեցին նրա ստեղծագործություններից մեկը:

«Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հրավեր

Ցուցահանդեսի հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ, հայրենակիցներ, 2023թ. մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա «Մունետիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ծրագրի նախաձեռնող խումբը, մասնակից երիտասարդները, հյուրեր և այլ արվեստասերներ ողջ Հայաստանից:

Ողջ էքսպոզիցիան բաղկացած կլինի հայրենաճանաչողական ծրագրի ընթացքում ստեղծված աշխատանքներից, որոնցում բազմաթիվ են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների  գործերը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ինչպես գեղանկարչական և գրաֆիկական, այնպես էլ բատիկ աշխատանքներ: Ծրագրին միացել են նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել է նոր թեմատիկ աշխատանքներով:

Բոլորին սիրով հրավիրում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ դիտելու «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը: