Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում

1․ գլխավորԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2024 թ. ապրիլին Տավուշի մարզի 21 հանրակրթական դպրոցներում (Բերդի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) կազմակերպել էր հանդիպումների շարք, որը ներառում էր թեմատիկ դասախոսություններ, մասնաճյուղի կրթական ծրագրերի ներկայացում և մասնագիտական կողմնորոշման թեստավորման աշխատանքներ:
Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Ուսում¬նամեթոդական վարչության պետ Ա. Դավթ¬յանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ․ Զաքարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վ․ Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Ք․ Հարությունյանը, «Հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար, հ.գ.դ., պրոֆեսոր Ռ․ Աղուզումցյանը, «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Ն․ Գրիգորյանը, բ․գ․թ․, դոցենտներ Ա․ Սարհատյանը և Ա․ Հասանյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Կ․ Հովսեփյանը:
Հանդիպումների ընթացքում մասնաճյուղի դասախոսները 7-12-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություններ են իրականացրել «Հայոց լեզու», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Անգլերեն», «Հայոց պատմություն» և «Արվեստ» առարկաների շրջանակներում: Դասախոսությունների համար ընտրվել են ծրագրային և արդիական, դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող մի շարք թեմաներ՝ նպատակ ունենալով լրացնելու կամ ընդլայնելու նրանց ունեցած գիտելիքները: Դասախոսությունների որոշ մասն էլ իրականացվել է՝ կարևորելով դպրոցների կողմից առաջարկվող թեմաները: Այդ կերպ «Տարիքային հոգեբանություն» թեմայով դասախոսություն է իրականացվել նաև Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար, քննարկվել են գործընթացներ և վարքագիծ՝ կապված ուսուցման և տարիքային առանձնահատկությունների հետ:
Դասախոսների այցը դպրոցներ ոգևորիչ էր աշակերտների և ուսուցիչների համար, քանի որ դպրոցականներին օգնում էր ընդհանրացնելու նախկինում ձեռք բերված գիտելիքները, յուրացնելու նորերը, հասկանալու որոշ խնդիրների տեսական և գործառնական նշանակությունները, իսկ ուսուցիչների համար հնարավորություն էր երկխոսության մեջ մտնելու համալսարանական գործընկերների հետ:
Միաժամանակ ԵՊՀ ԻՄ աշխատակիցները 11-րդ դասարանցիներին ներկայացրել են մասնաճյուղի գործունեությունը, քննարկել և տեղեկատվություն տրամադրել մասնագիտությունների, կրթա¬կան ծրագ¬րերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, կատարել մտքերի փոխանակում, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Այս հանդիպումների ընթացքում բուհի կողմից առաջին անգամ իրականացվել են մասնագիտական կողմնորոշման ուսումնասիրություններ: ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները Բերդի և Դիլիջանի ավագ դպրոցների, Իջևանի վարժարանի, Հաղարծնի և Ազատամուտի միջնակարգ դպրոցների 2024 թ. շրջանավարտների շրջանում կատարել են մասնագիտական կողմնորոշման թեստավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով նախ պարզել աշակերտների հետաքրքրությունների շրջանակը, կարողությունների զարգացման մակարդակը, անհատական հատկանիշները, իսկ արդյունքների քննարկմամբ նաև ընտրված մասնագիտության համապատասխանությունը, ապա, հաշվի առնելով աշակերտների անհատական առանձնահատկությունները և աշխատաշուկայի սոցիալ-տնտեսական իրավիճակը, օգնել երիտասարդներին՝ ապագա մասնագիտություն ընտրելու և աշխատանքի նկատմամբ գիտակցված վերաբերմունք ձևավորելու:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և դպրոցների միջև մշտական շփում ապահովելու և դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով աշակերտներին առաջարկվել է ճանաչողական այց կատարել մասնաճյուղ:

«Քաղաքային տարածության փոխակերպումները Իջևանի օրինակով» բաց դասախոսություն

1. գլխավոր2024 թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ «Քաղաքային տարածության փոխակերպումները Իջևանի օրինակով» թեմայով բաց դասախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
Դասախոսությանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ, բուհի վարչական աշխատակիցներ:
Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված EU4Culture EU173 դրամաշնորհային պայմանագրով իրականացվող «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում՝ շնորհված ԵՄ և Գյոթեի ինստիտուտի (Goethe-Institut EV) միջև կնքված ENI/2020/417-654 դրամաշնորհային պայմանագրով:
«Ժամանակակից քաղաքն ու քաղաքային միջավայրը, – նշեց բանախոս Վ. Պողոսյանը, – իրենց մեջ և իրենց շուրջ ստեղծում և գեներացնում են բազմաթիվ խնդիրներ ու ռիսկեր, որոնք ժառանգություն են նախորդ ժամանակաշրջաններից: Դրանց լուծումը կա՛մ բերելու է քաղաքային միջավայրի այլափոխմանը, աղճատմանը, կա՛մ նպաստելու է քաղաքային կյանքի որակական բարելավմանն ու քաղաքաբնակների հարմարավետության աճին: Այս հանգամքնով պայմանավորված՝ կարևորում ենք Իջևանի քաղաքային տարածության ձևավորման նախնական փուլի ուսումնասիրությունը, քանի որ տվյալ ժամանակաշրջանի գաղափարական-քաղաքական հայեցակարգային մոտեցումների պայմաններում ձևավորվել է մոդելային քաղաք-արդյունաբերական-վարչական շրջանային կենտրոն, որի ենթակառուցվածքները, տարածքային և տարածական համաչափությունը հարմարեցվել էր խորհրդային ժամանակաշրջանի հասարակական ու պետական պահանջներին»:
Բանախոսն անդրադարձավ քաղաքային տարածության ձևավորման խորհրդային հայկական փորձառությանը, իջևանյան օրինաչափություններին և տարբերություններին: Նշվեց, որ միայն Հայրենական մեծ պատերազմից հետո Իջևանում ընթացան քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կառուցապատման աշխատանքներ, պլանավորվեց ու հատակագծվեց քաղաքային տարածքը, և հետագայում այդ հատակագիծը հիմք դարձավ հետագա քաղաքաշինական նախաձեռնությունների ու կառուցապատումների համար: Խորհրդային տարիներին Իջևանում ձևավորվեցին ոչ միայն արտադրական, արդյունաբերական և վարչական համակարգեր, այլև մշակութահեն՝ ժամանցային և սպասարկման կենտրոններ, քաղաքային տարածության մաքսիմալ և օպտիմալ օգտագործման միջավայրեր:
Բաց դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում մասնակիցները փորձեցին համադրել մերօրյա և խորհրդային Իջևանի առավելություններն ու թերությունները, քաղաքային տարածքի կերպափոխության ժամանակակից փորձառությունը:

Համալսարանականները Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացրին «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը

12024 թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 11 աշակերտներ:

Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Նոննա Մելիքբեկյանը («ՀԼԳ» II կուրս), Լիլիթ Թամրազյանը («Պատմություն» II կուրս):

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Արսեն Աղաջանյանը, Արամ Արզումանյանը և Շուշան Մեհրաբյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Շուշան Մեհրաբյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպը):

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արամ Արզումանյանը և Արսեն Աղաջանյանը՝ պարգևատրվելով պատվոգրերով:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ում կայանալիք եզրափակիչ փուլին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է մոտիվացնել աշակերտներին լավ սովորել և բազմակողմանիորեն  զարգանալ, ինչպես նաև ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

2

«Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով դաս-քննարկում

1․ գլխավոր2024 թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար իրականացվեց «Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով առցանց դաս-քննարկումը:

Այն վարեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Նատալյա Իգորևնա Սոկոլովան (Մոսկվա):

Դաս-քննարկման թեման պատահական չէր ընտրված. այսօր չափազանց արդիական է էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության թեման, և հենց ապագա մանկավարժներն են, որ պետք է մարդկանց մեջ սերմանեն բնության, հայրենիքի, հարազատ տան՝ Երկրի հանդեպ սիրո զգացումը:

Իր դասախոսության ընթացքում Նատալյա Սոկոլովան փոխանցեց մանկավարժական բուհերի ուսանողների շրջանում բնապահպանական մշակույթի զարգացման ոլորտում իր ունեցած գիտելիքները, խոսեց մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի և հումանիզացիայի ոլորտում իր փորձի մասին բուհում  օտար լեզվի դասավանդման միջոցով:

2002 թվականին Ն. Սոկոլովան այս թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, հրատարակել է մի քանի դասագրքեր, ուսումնամեթոդական նյութեր, ավելի քան 30 գիտական հոդվածներ՝ կրթության էկոլոգիզացիայի թեմայով, մասնակցել է ուսումնասիրվող խնդրին նվիրված միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով և աշխատել է որպես թարգմանիչ աշխարհի բազմաթիվ երկրների նշանավոր բնապահպան-գիտնականների մոտ:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարձրագույն կրթության հումանիստական կողմերին, մանկավարժական տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի գործընթացում:

Դասախոսության կարևոր շեշտադրումներից էր ինչպես առկա ստեղծագործական մանկավարժական տեխնոլոգիաների, այնպես էլ նորարարությունների և արհեստական ինտելեկտի կիրառումը ժամանակակից ուսանողների դասավանդման գործընթացում:

Դաս-քննարկման ընթացքում նաև ուսանողներին հանձնարարվեցին ինտերակտիվ առաջադրանքներ և հարցեր “SOCRATIVE” և “GOODLE FORM” համակարգերում:

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

1. glxavor2024 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ աշխատակազմի անդամները և ուսանողները մարզային ու քաղաքային իշխանությունների, քաղաքացիների հետ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, որից հետո այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

___________________________________________________________

Օսմանյան կայսրությունում ապրող հայերը 1915-1923 թթ. ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:

Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915 թ. ապրիլի 24-ը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը: Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին. չլինեին հայերը, չէր լինի նաև Հայկական հարցը: Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»:

Այսօր էլ համայն հայությունը շարունակում է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման համար՝ աշխարհում նոր եղեռնագործությունների կանխման ձգտումով և ակնկալությամբ: