Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան

1. գլխավոր2024 թ. ապրիլի 20-ին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի և Անգլերենի ռեսուրս կենտրոնի նախաձեռնությամբ մասնաճյուղում իրականացվեց «Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան:

Այն վարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի անգլերեն լեզվի կրթական ծրագրերի գծով գիտաշխատող, եվրասիական տարածաշրջանի վերապատրաստող, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Մարոկկոյում մասնագիտական փորձառություն ունեցող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ հանդիպում, որին մասնակցեցին պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը, եվրոպական կրթական ծրագրերի շահառու, Միջազգային ուսումնական հաղորդակցության և զբոսաշրջության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Եղիշե Դաշտոյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը, ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոֆեսոր Լ. Ֆարքյուհարսնի այցի նպատակին և խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվեց Ե. Դաշտոյանի ղեկավարած կենտրոնի հետ համագործակցության և մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների՝ միջազգային ուսումնական կրթական ծրագրերին մասնակցության հնարավորության մասին:

Այնուհետև իրականացվեց դասախոսություն-աշխատարան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների և ամբիոնի դասախոսների մասնակցությամբ:

Կայուն զարգացման վերաբերյալ դասախոսություն-աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ և հմտություններ.

  • ինտերակտիվ դասերի հետագա զարգացման համար ժամանակակից տեխնոլոգիական մեթոդների կիրառման հմտություններ,
  • արդեն ձեռք բերված մեթոդոլոգիայի օպտիմալացման համար ուսուցման կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
  • ֆորմատիվ դիտարկումների և հետադարձ կապի հմտություններ,
  • ինտերակտիվ դասերի կազմակերպում և զարգացում:

Վերջում հարց-պատասխանի միջոցով ծավալվեց քննարկում, և ուսանողները բանախոս Լորի Ֆարքյուհարսնից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առաջադրանքներ` հաջորդ հանդիպմանը ներկայացնելու համար:

Պրեշովի համալսարանի պրոֆեսորի այցը մասնաճյուղ

1․ գլխավորԷրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 17-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Այցելությունը երկու հիմնական նպատակ ուներ. առաջին՝ փորձի փոխանակման միջոցով բարելավել մանկավարժական կարողությունները, ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները և մասնաճյուղում ռուսաց լեզվի դասավանդման տարբեր ոճերը, երկրորդ՝ փոխանցել Պրեշովի համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքված համաձայնագիրը, քննարկել և խորացնել գործընկերային հարաբերությունները՝ ապահովելու ուսանողների և հետազոտողների փոխանակումը:

Նախ արտասահմանցի հյուրը ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի ուղեկցությամբ հանդիպեց տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկվեցին այցի օրակարգային ու համագործակցային հարցեր. դիտարկվեցին համաձայնագրի պայմանները և համատեղ ներկայացված «Էրազմուս+» նախագծի մանարամասները:

Ապա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանի հետ քննարկվեցին համատեղ կրթական ծրագրերի ներդրման և ուսանողների ու դասախոսների փոխանակման հնարավորությունները, իսկ գիտական քարտուղար Մհեր Աթոյանի հետ դիտարկվեցին համագործակցության հնարավոր գիտական ուղղությունները:

Հաջորդիվ պրոֆեսոր Աննա Պետրիկովան ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար իրականացրեց «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում:

Դասախոսության ընթացքում քննարկվեցին վերապատրաստման ծրագրերը, ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին թե՛ մանկավարժական և թե՛ լեզվական (մասնավորապես՝ սլովակերենի) ուղղությամբ քննարկմանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության վերջում արտասահմանցի հյուրի համար կազմակերպվել է այց-էքսկուրսիա Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ:

Մեկնարկել է 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացը

ԵՊՀ ԻՄ (32)Սիրելի՛ դիմորդ, 2024 թ. ապրիլի 18-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք www.dimord.am  կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում տրվող հրահանգներին:

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ-ի անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Ռուսաց լեզու և գրականություն,
  • Դիզայն,
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Զբոսաշրջություն:

Հիշեցում.

1-ին և 2-րդ փուլերի հայտերի լրացման ընթացքում դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում:

Այն դիմորդները, որոնք ս.թ. միասնական քննությունների 1-ին փուլում (հունվար-փետրվար) մասնակցել են միասնական քննություններին և ցանկանում են մասնակցել  առկա  մասնագիտությունների ցանկով միասնական քննությունների 2-րդ (հունիս)   փուլին, պետք է մուտք գործեն  dimord.am կայք այն էլ․ փոստի հասցեով և գաղտնաբառով, որով գրանցվել են dimord.am կայքում 1-ին (հունվար-փետրվար) փուլում:

1-ին փուլով (ընդունելության կարգի 14-րդ կետ) դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17:00-ն:

Ներբուհական քննությունների անցաթուղթ տրամադրում է բուհը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով՝ զանգահարելով 096987654 (VivaCell), 096557556 (Beeline) հեռախոսահամարներով՝ ԵՊՀ ԻՄ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ․ Աղաբաբյանին:

Նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ vahan.aghababyan@ysu.am, որի միջոցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով: Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար վերոնշյալ ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 30-ը ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը:

Պահանջվող փաստաթղթերն են.

  1. ավարտական փաստաթուղթ`ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
  2. լուսանկար (3×4 սմ չափսի) – 4 հատ (1-ը՝ էլեկտրոնային),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
  4. քննության համար նախատեսված վճարի անդորրագիրը (էլեկտրոնային տարբերակը կցվում է հայտը լրացնելիս),
  5. զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
  6. արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր, որոնց բնօրինակը և պատճենը մասնաճյուղի պատասխանատու քարտուղարին է ներկայացվում I փուլի համար մինչև հունիսի 7-ը, II փուլի համար՝ հուլիսի 7-ը(տե՛ս 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը),  
  7. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ,
  8. միասնական քննությունների վկայագիրը (տրվում է ԳԹԿ-ի կողմից՝ միասնական քննությունների ավարտին):

 Ուշադրություն.

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ներբուհական քննության համար նախատեսված 3000 դրամ գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ հետևյալ հաշվեհամարին՝  2476100170940000:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը և մասնագիտությունը: Դիմորդը բանկում կատարած վճարման անդորրագիրը պահպանում և ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները տե՛ս այստեղ:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ:

ԵՊՀ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների այցը մասնաճյուղ

1. glxavor2024 թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գայանե Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Թագուհի Բլբուլյանը, Հեղինե Ավետիսյանը և տվյալ կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ:

Այցի նպատակն էր խորացնել և ընդլայնել կապը մայր բուհի և մասնաճյուղի միջև:

Նախ կայացավ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ ԵՊՀ-ից ժամանած դասախոսների հանդիպումը, որի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց այցի օրակարգը՝ ֆրանսերենով «Սպանել մոծակին» բեմականացման ներկայացում, «Ստեղծագործական խոսքի հմտություններ», «Թատերական և երաժշտական խաղեր» թեմաներով քննարկումներ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում նաև առաջարկվեց կազմակերպել փոխայցելություններ մայր բուհի և մասնաճյուղի միջև, խոսվեց ֆրանսերենի խթանմանը նպաստող գործոնների և հնարավորությունների մասին:

Այնուհետև մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ ԵՊՀ ներկայացուցչական խմբի հանդիպումը ԵՊՀ ԻՄ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ:

Հանդիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ուսանողներն առաջին անգամ էին դիտում ֆրանսերենով ներկայացում, և շատ տպավորված ու ոգևորված էին: Ներկայացման ավարտից հետո տեղի ունեցան խմբային քննարկում և կարծիքների փոխանակում:

Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2024 թ. ապրիլի 13-ին կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի միջազգային դպրոցի, Սարիգյուղի (I. «Սարիգյուղ» և II. «Չինարի-Սարիգյուղ»), Պտղավանի, Իջևանի, Իջևանի համայնքապետարանի, Գանձաքարի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները:

Առաջնության նպատակն էր մասսայականացնել սպորտը մարզում, բարձրացնել մասնակիցների սպորտային վարպետությունը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին և բոլոր ներկաներին, ընդգծելով բաց առաջնության կազմակերպման նպատակը և կարևորությունը, մասնակիցներին մաղթելով  հաջողություն:

Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա հիմնական մեծ միջոցառումները նվիրել ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին. մեր մասնաճյուղը 1994 թվականից է գործում որպես այդպիսին, և ինքը լուրջ ներդրում ունի մեր տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող կադրերի ձևավորման հարցում: Մենք այնպիսի քաղաքականություն ենք մշակել, որ մասնաճյուղը պետք է դառնա տարածաշրջանային մշակույթի, սպորտի, գիտության կենտրոն, և սա այդ լավ միջոցառումներից մեկն է, որովհետև համախմբել է մի շարք կառույցների՝ ուսումնական և ոչ ուսումնական»:

Խաղերն ընթանում էին օլիմպիական մրցակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից:

Իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում Սարիգյուղի վոլեյբոլիստները:

Եզրափակիչ դուրս եկան Գանձաքարի և «Չինարի-Սարիգյուղ» թիմերը:

2:0 հաշվով հաղթեցին «Չինարի-Սարիգյուղ» թիմի մարզիկները:

Երրորդ տեղի համար խաղացին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի և Սարիգյուղի առաջին թիմերը: Համառ և գեղեցիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Սարիգյուղի առաջին թիմը:

Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց «Չինարի-Սարիգյուղ» թիմը, երկրորդ տեղը՝ Գանձաքարի, երրորդ տեղը՝ Սարիգյուղի առաջին թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: