Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում-աշխատարանին մասնակցելու հրավեր

ՀԱՆԴԻՊՈՒՄ - ԱՇԽԱՏԱՐԱՆ«ԿԱԶԱ» հիմնադրամը Քաղաքացիական կրթության ոլորտի կրթական խաղերի և ոչ ֆորմալ կրթական գործիքների տարածման շաբաթվա շրջանակներում, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքացիական կրթության կենտրոնի հետ, 2024 թ. ապրիլի 17-ին՝ ժամը 14:30-ին, նշված կենտրոնում կազմակերպում է հանդիպում-աշխատարան։

Հանդիպման շրջանակներում կներկայացվեն ոչ ֆորմալ գործիքները ֆորմալ կրթության մեջ, մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից ստեղծված կրթական խաղերի անցկացմանը:

Խաղերը ոչ միայն ժամանցի, այլև նոր գիտելիք և հմտություն ստանալու հրաշալի գործիք են: «ԿԱԶԱ» հիմնադրամի ստեղծած խաղերը հնարավորություն են տալիս՝

  • մոդելավորել իրական կյանքի իրավիճակներ,
  • ակտիվ ներգրավել սովորողներին և թույլ տալ նրանց կիրառել ու փորձարկել ստացած գիտելիքը,
  • ցույց տալ ուսուցման և առօրյա կյանքի միջև կապը:

 

Կարող են դիմել 17-ից բարձր տարիքի անձինք:

Հանդիպման տևողությունը 2-2․5 ժամ է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. ապրիլի 16-ը՝ ժամը 17:00-ն, լրացնել հայտադիմումը հետևալ հղումով՝ http://surl.li/soeax:

Քանի որ տեղերը սահմանափակ են, կհրավիրվեն հայտը ներկայացրած առաջին 35 դիմորդները: 

Էրազմուսի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

image-12-04-24-02-22

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Հայաստանում Էրազմուսի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս միջազգային կրեդիտային շարժունության հնարավորությունների, Էրազմուս Մունդուս  և Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրերի ներկայացմանը:

Հանդիպման ընթացքում կբանախոսեն Հայաստանում Էրազմուս ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և Էրազմուս+ Տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիամ Ղարագյոզյանը:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում:

Տեղեկատվական հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար, միայն պետք է նախապես գրանցվել նշված հղումով` http://surl.li/sndov:

 

Կայացավ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2024 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

1.գլխավոր2024 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը և փոխդեկան, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Վահագն Չոբանյանը, շնորհավորելով ԵՊՀ ԻՄ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երրորդ տարվա շրջանավարտներին, նրանց հղեցին բարեմաղթանքներ:

Սերունդների կրթության և դաստիարակության գործում ընդգծելով մանկավարժի դերն ու կարևորությունը՝ նրանք համոզմունք հայտնեցին, որ շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքների ու կարողությունների նպատակային կիրառությամբ, իրենց մանկավարժական գործունեությամբ բարձր կպահեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունն ու հեղինակությունը, արժանապատվորեն ու հպարտությամբ կկրեն համալսարանականի կոչումը:

Պարոն Մակարյանը, մագիստրոսներին մաղթելով բարի երթ և կանաչ ճանապարհ, հավելեց, որ ուսումառությունն ավարտել չի նշանակում ընդհատել կապը հարազատ բուհի հետ, որ համալսարանի դռները միշտ բաց են բոլոր շրջանավարտների առաջ, և բուհի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը սիրով սպասում, ուրախանում և հպարտանում են նրանց մասնագիտական հաջողություններով:

«Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտ Սեդա Ոսկանյանը խորին շնորհակալություն հայտնեց բուհի թե՛ ղեկավարությանը և թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ բազմակողմանի գիտելիքներ ստանալու, ժամանակակից մանկավարժական մեթոդներին տիրապետելու, իրենց աշխարհայացքի ձևավորման և մտահորիզոնի ընդլայնման համար և շեշտեց, որ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայում ուսումնառությունը մեծ ձեռքբերում է իրենց կյանքի ճանապարհին և մասնագիտական նոր առաջընթացի սկիզբ կդառնա:

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2023-2024 ուստարվա 13 շրջանավարտներից 7-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում

ԵՊՀ ԻՄ  (1)Հարգելի՛ համալսարանականներ, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2024 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը

1. glxavor2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ ապրիլի 6-ին:

Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 153 աշակերտ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը, մասնակիցներին ողջունելով, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ: