Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

Հայտարարութ. նկարը (1)ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 1987թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ (մասնակիցների տարիքային շեմը կարող է ավելանալ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար 1 տարով):

Մրցույթին մասնակցող ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների մասնագիտություններով։

Մրցույթն անցկացվում է 36, 24 և 12 ամիս տևողությամբ երեք ենթածրագրով: Երկրորդ և երրորդ ենթածրագրերին դիմելու դեպքում պահանջվում է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, երրորդ ենթածրագրի դեպքում՝ նաև ազդեցության  գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում կամ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական  հոդվածների առկայություն: ԱԳ ունեցող գիտական ամսագրում հոդված ունենալու պահանջը ներկայացվում է նաև գիտական ղեկավարին:

Թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որի շրջանակներում ասպիրանտների ու հայցորդների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանված է մինչև 150 հազար ՀՀ դրամ, իսկ գիտական ղեկավարի վարձատրության չափը՝ 12 ամսվա կտրվածքով՝ մինչև 600 հազար ՀՀ դրամ: Մնացած գումարը կարող է ուղղվել գիտական սարքավորումների, հետազոտությունների ընթացքում օգտագործվող նյութերի ձեռքբերմանը կամ արտերկրում գիտական միջոցառումներին մասնակցությանը:

Առաջին և երկրորդ ենթածրագրերի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո (12 ամիսը լրանալուց հետո) ծրագրի շահառուն պետք է ներկայացնի ընթացիկ hաշվետվություն, որի հիման վրա որոշվելու է թեմայի ֆինանսավորումը շարունակելու նպատակահարմարությունը։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց ռեժիմով՝ Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2022թ. օգոստոսի 5-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2022թ. օգոստոսի 12-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-21-01-40 (*113, *116) կամ տեխնիկական հարցերով` 010-210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/: