Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստում

2016թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստ՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Ա.Առաքելյանի նախագահությամբ:

Ընդլայնված նիստին մասնակցում էին ամբիոնի անդամները՝ ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանի գլխավորությամբ, հրավիրված էին «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության I-IV կուրսերի ավագները:

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների թեստերի հաստատմանը, ամբիոնի դասախոսների գիտաուսումնական ու մեթոդական գործունեությանը,  Գործնական հոգեբանության ակումբի ստեղծմանը, ստեղծագործական աշխատանքների՝ Էսսեների մրցույթի կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստում

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է քննությունների թեստերն ու հարցաշարերը պարբերաբար վերանայել համապատասխան մասնագետների կողմից, դրանք հարստացնել տրամաբանական լուծում պահանջող հարցերով: Այդ մեխանիզմով կարելի է բացառել   արտագրություններն ու հուշումները, ուսանողների իմացությունը հասցնել ավելի բարձր մակարդակի:

Նիստի ընթացքում հաստատվեցին ընթացիկ քննությունների թեստերը:

Ամբիոնի դասախոսների գիտաուսումնական ու մեթոդական գործունեության հարցի վերաբերյալ առաջարկեցին հոդվածների տպագրության հետ կապված նշանակել պատասխանատու, ով կվերահսկի հոդվածների կազմման և տպագրման գործընթացը: Տնօրենը և ամբիոնի վարիչը դասախոսներին քաջալերեցին, որ առավել ակտիվություն ցուցաբերեն գիտական զեկուցումներով հանդես գալու, հոդվածներ տպագրելու հարցում: 

Մյուս հարցի հետ կապված՝ ամբիոնի վարիչը և դասախոսները հիմնավորեցին Գործնական հոգեբանության ակումբի ստեղծման անհրաժեշտությունը, ներկայացրին նպատակը, խնդիրները: Նշվեց, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ուսանողների կառուցողական շփման ունակությունները՝ կյանքի զանազան իրավիճակներ քննարկելու, անհատական խորհրդատվություններ տալու, հոգեբանական վարժություններ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, հոգեբանական թեմաներով ազատ բանավեճեր կազմակերպելու միջոցով:

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ընդլայնված նիստում

Որոշվեց ստեղծել Գործնական հոգեբանության ակումբ, կազմել և ներկայացնել ակումբի գործունեության պլան-ծրագիրը:

Հաջորդ հարցի առթիվ որոշվեց կազմակերպել ստեղծագործական աշխատանքների՝ էսսեների մրցույթ, որին մասնակից դարձնել նաև այլ ֆակուլտետների ուսանողներին:

Ամփոփելով նիստը՝ տնօրենը ամբիոնի դասախոսներին հորդորեց լինել առավել ակտիվ, ամբիոնում ստեղծել ուսանողակենտրոն միջավայր, որտեղ աշխատելը ուսանողների և դասախոսների համար կլինի հաճելի, օգտակար և հետաքրքիր, հավելեց, որ ամբիոնի աշխատանքները բարելավելու, ուսումնական գործընթացը առավել ճիշտ կազմակերպելու գործում կպահանջվի ամբիոնի անձնակազմի բարեխիղճ մասնակցությունը: