Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուղեցույց՝ «Ինչպե՞ս արժանանալ գիտահետազոտական դրամաշնորհի»

Max-Weber-PhD-Fellowship-in-Social-and-Human-Sciences-1

Գաղտնիք չէ, որ գիտական հետազոտության նպատակներով դրամաշնորհի արժանանալը հեշտ գործընթաց չէ, իսկ դրա հիմնական նախապայմանը լավ կազմված հայտ ներկայացնելն է: Դրամաշնորհային ծրագրի հայտադիմումը կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հարյուրավոր մանրուքներ՝ սկսած դրամաշնորհային ծրագրերի և դրանք առաջարկող հիմնադրամների ընտրությունից մինչև հետազոտական նախագծի կառավարման մանրակրկիտ ներկայացումը համաձայն ձևաչափի:

ArmScoop-ը կազմել է ընդհանուր քայլերի ուղեցույց՝ ինչպես գրել գիտահետազոտական դրամաշնորհի հավակնող լավ հայտադիմում․ ներկայացվող հիմնական դրույթները և գործնական խորհուրդներն օգտակար կլինեն հատկապես սկսնակ հետազոտողների համար, որոնք նախատեսում են ինքնուրույն կազմել իրենց հայտադիմումը։ 

%d5%a3%d5%a31

Գիտահետազոտական դրամաշնորհային մրցույթներին ցանկալի է մասնակցել դեռևս ուսանողական կամ ասպիրանտուրայի տարիներից․ անհատական դրամաշնորհի ստացման ու տնօրինման փորձ կուտակելով՝ հետագայում արդեն հետազոտական խմբի կազմով ավելի գրագետ ու հաջողված հայտադիմումներ ներկայացնելու, հետևաբար նաև՝ դրամաշնորհ շահելու հավանականությունը շատ ավելի մեծ կլինի։ Սկզբի համար խորհուրդ է տրվում դիմել ոչ շատ մեծ ֆինանսավորում տրամադրող ծրագրերի, քանի որ սովորաբար նման ծրագրերի պարագայում ֆինանսական հաշվետվությանը խստորեն չեն հետևում, հետևաբար հնարավոր է ավելի քիչ ժամանակ ծախսել նախագծի կառավարման վրա: Փոխարենը փոքր բյուջետային դրամաշնորհային մրցույթների դիմելիս հիմնական ուշադրությունը պետք է դարձնել նախագծի գիտական բաղադրիչի վրա:

Ընդհանուր առմամբ դրամաշնորհային մրցույթ հայտարարած հիմնադրամներին դիմելուց առաջ անհրաժեշտ է հստակորեն որոշել՝ որն է (որոնք են) ձեր հետազոտական նպատակ(ներ)ը, ինչ խնդիրներ եք լուծելու դրամաշնորհը ստանալու դեպքում, և ինչ պայմաններում։ Այնուհետև անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ձեր հետազոտական նպատակներին ու առաջնահերթություններին համապատասխան դրամաշնորհ հատկացնող հնարավոր բոլոր հիմնադրամներն ու այլ կազմակերպությունները, դիտարկել նրանց պայմանների ու հետաքրքրությունների համատեղելիությունը ձեր հետազոտական նախագծի հետ։ Պետք է հաշվի առնել նաև դրամաշնորհային ծրագրի մրցույթի կանոնները։

Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրին դիմելուց առաջ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հետևյալ գլխավոր կետերի վրա, ինչը նաև թույլ կտա հաջորդ փուլում հեշտացնել ծրագրի հայտադիմումի կազմումը և արտահայտել ձեր մտքերը հնարավորինս պարզ և հստակ.

  • Հետազոտական խնդիրը (խնդրի նկարագրությունը, նշանակությունը, արդիականությունը և այլն)
  • Խնդրի լուծումը (ինչ է անհրաժեշտ ձևակերպված հետազոտական խնդիրը լուծելու համար)
  • Նախագծի իրականացման տևողությունը և շարունակականությունը (կարճաժամկետ, երկարաժամկետ, կարճաժամկետ՝ երկարաժամկետ էֆեկտով)
  • Բյուջեի չափը (ինչքան ֆինանսավորում է անհրաժեշտ խնդիրն արդյունավետ լուծելու համար)
  • Ձեր հետազոտական խմբի կամ կազմակերպության բնութագիրը (ունեցած փորձը, ռեսուրսները և այլն): Անհրաժեշտ է անդրադառնալ նաև հետևյալ հարցերին՝ տվյալ հետազոտական խնդիրն ինչ առաջնայնություն ունի խմբի/կազմակերպության համար, ինչու պետք է հիմնադրամը նմանատիպ նախագծերից ֆինանսավորի հենց ձեր նախագիծը, արդյոք խումբը ունակ է դրամաշնորհը շահելու դեպքում արդյունավետորեն և ըստ ժամանակացույցի իրագործել նախագիծը, կամ որն է խմբի առաջադրած նախագծի եզակիությունը՝ չի կրկնօրինակում այլ կազմակերպության նմանատիպ նախագիծը։

Նշված սկզբունքներով հնարավորության դեպքում ընտրելով առնվազն 2-3 հիմնադրամ (բացառությամբ առաձնահատուկ դեպքերի, երբ որոշ ոլորտային ուղղություններով հասանելի է միայն մեկը)՝ այնուհետև անհրաժեշտ է հիմնադրամ(ներ)ից ստանալ հայտադիմումի ձև և այն լրացնելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև կապ հաստատել հիմնադրամի համակարգողի հետ անհրաժեշտ պահին հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ 

Հիշեք, որ մանրամասն ուսումնասիրության արդյունքում հիմնադրամի ընտրությունը մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը։ 

%d5%b0%d5%b01

Հետազոտական նախագիծը մշակելուց և, բոլոր հնարավոր տարբերակները վերլուծելով, հիմնադրամ(ներ) ընտրելուց հետո անհրաժեշտ է անցնել հայտադիմումը լրացնելու բուն գործընթացին: Սովորաբար լինում է հայտադիմումների 2 տեսակ՝ նամակ-դիմում կամ հարցում (a letter proposal կամ a letter of inquiry) և ամբողջական հայտադիմում (a full proposal): Նամակ դիմումը համեմատաբար կարճ փաստաթուղթ է՝ 1-5 էջի սահմաններում, մինչդեռ ամբողջական հայտադիմումը կարող է ունենալ ավելի քան 10 (մինչև 100) էջ ծավալ, ներառել շուրջ 10 ենթաբաժին, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինեն նախագծի առանձին փուլերը: Ներառվող կարևոր բաժիններից մեկը նախագծի անոտացիան է:

Անոտացիան ներկայացվող նախագծի հակիրճ նկարագրությունն է: Այն պետք է իր մեջ ներառի նախագծի բոլոր բաղադրիչները՝ հետազոտության նպատակը, հիմնական խնդիրները, արդիականությունը, կիրառվելիք մեթոդներն ու ռազմավարությունը, նորարարությունը, դրա նշանակությունը գիտության տվյալ ոլորտի համար և հնարավոր գործնական կիրառումը: Անոտացիան կազմելիս՝ փորձեք գործածել ընդհանուր տերմինաբանություն և խուսափել հապավումներից ու նեղ մասնագիտական տերմիններից:

Սկսնակ դիմորդների անոտացիայում հաճախ բացակայում է ներկայացվող գիտական խնդրի ձևակերպումը։ Սակայն պետք է հստակ նշել, թե ինչ հետազոտություն է իրականացվելու: Կարելի է օգտվել հաջողված այլ նախագծերի անոտացիաներից՝ գտնել ու օգտագործել անհրաժեշտ ձևակերպումներ և արտահայտություններ, որոնք, իհարկե, չի կարելի ամբողջությամբ կրկնել: Բանալի բառերը պետք է համապատասխանեն հետազոտության թեմային, քանի որ նախագիծը դիտարկող մասնագետներն ընտրություն կատարելիս հաճախ դրանցով են ուղղորդվում։

Նախագծի անվանումը չպետք է լինի չափազանց նեղ մասնագիտական․ սակայն այն կարող է լինել նաև ինքնատիպ՝ ընդգծելով ձեր հետազոտության նորարարությունն ու արդիականությունը: Միևնույն ժամանակ պետք է խուսափել չափազանց ընդհանրական վերնագիր ընտրելուց: Վերնագրի մեջ փորձեք լինել հակիրճ և, եթե հնարավոր է, ներառել նախագծի որոշ բանալի բառեր:

%d6%86%d6%861Գիտական գետազոտության նպատակը պետք է ձևակերպել առավելագույնս հստակ և պարզ: Անխոս, նախատեսված հետազոտությունը պետք է լինի բարձր մակարդակի, բայց միևնույն ժամանակ, երբեմն ինքնատիպ ու հետաքրքիր գիտական գաղափարները չեն արժանանում ֆինանսավորման: Այդ պատճառով հետազոտության նպատակը մի կողմից պետք է լինի արդիական, մյուս կողմից՝ հասանելի: Այլ կերպ ասած՝ պետք է պահպանել տվյալ ոլորտում հետազոտության նշանակության և նախագիծն իրագործել չկարողանալու ռիսկի միջև հավասարակշռությունը:

Ընդհանուր նպատակը ձևակերպելուց հետո ներկայացվում են նախագծի խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտ է հասնելու ընդհանուր նպատակին: Կոնկրետ խնդիրները հիմնականում պետք է ուղղված լինեն ոչ թե նոր տվյալների հավաքմանն ու վերլուծությանը, այլ վարկածների (հիպոթեզ) ստուգմանը, գործող մեխանիզմների ստուգմանը կամ նոր տեսությունների ստեղծմանը:  Առաջ քաշված հիպոթեզները պետք է հնարավոր լինի ստուգել և հիմնավորել: Ինչ որ առումով, նախագծի նպատակներն ու խնդիրները ներկայացնող բաժինը նման է մագիստորասական կամ թեկնածուական ատենախոսություների համանուն բաժնին: 

«Մեթոդաբանություն» բաժինը ներառում է հետազոտության իրականացման ռազմավարության և մեթոդների մասին անփոփ տեղեկատվություն: Այս բաժնում ցանկալի է առանձնացնել ենթաբաժիններ՝ իրենց ենթավերնագրերով: Անհրաժեշտ է ոչ միայն թվարկել հետազոտական նպատակին հասնելու մեթոդները, այլև ներկայացնել դրանց կիրառելիությունն ու օգտակարությունը դրված խնդիրները լուծելու համար: Մատնանշե′ք նաև ձեր կողմից մշակված նոր մոտեցումներ և մեթոդներ․ դրանք կմեծացնեն մասնագետների կողմից ձեր նախագծին առավել մեծ ուշադրություն դարձնելու հավանականությունը: Եթե հետազոտության ընթացքում նախատեսում եք համագործակցել այլ գիտական խմբերի հետ, ցանկալի է մատնանշել՝ համատեղ ինչ գիտափորձեր են իրականացվելու:

%d5%bc%d5%bc1

Հետազոտության իրականացման պլանը (ծրագիրը) ներկայացվելիք դիմումի ամենակարևոր բաժիններից է: Բավականաչափ ժամանակ տրամադրեք այս բաժինը ներկայացնելու համար: Կախված մրցութային կանոններից՝ ցանկալի է մանրամասն ներկայացնել նախագծի իրականացման պլանը, այն բաժանել փուլերի և յուրաքանչկուր փուլում նկարագրել քայլերի կամ գործողությունների հաջորդականությունը։ Նախագծի իրականացման պլանը պետք է կառուցված լինի տրամաբանորեն և համապատասխան լինի առաջադրված խնդիրներին։ Հիմնավորե′ք յուրաքանչյուր գործողություն, պարզաբանեք, թե ինչ առավելություններ ունեն ձեր կողմից պլանավորված փորձարկումները կամ մշակված մոդելները: Հարկ է նաև հաշվի առնել, որ հետազոտության պլանը պետք թույլ տա գնահատելու առանձին փուլերի կատարողականությունը:

Այս բաժնում արժե նաև դիտարկել նախագծի իրականացման լրացուցիչ սցենարները և ներկայացնել այլընտրանքային մոտեցումներ այն դեպքում, եթե հիմնական մեթոդը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի իրականացնել: Բացի դրանից, կարելի է նշել նախագծի իրականացման այլընտրանքային ճանապարհները․ այս պարագայում նախագծի խոցելիությունը կհասցվի նվազագույնի:

Եթե որպես անկախ հետազոտական խմբի ղեկավար առաջին անգամ եք դիմում դրամաշնորհի համար, ապա փորձեք տեքստում պարզաբանել, թե ձեր հետազոտությունն ինչով է առանձնանում հետազոտական այն խմբի ղեկավարի նախագծից, որտեղ դուք նախկինում աշխատել եք: Սկսակ հետազոտողների սխալների շարքում մասնագետները հաճախ մատնանշում են հետևյալ խնդիրը՝ «հետազոտությունը պարզապես գիտնականների մեկ այլ խմբի աշխատանքի շարունակություն է» կամ՝ «դժվար է հասկանալ՝ արդյոք նշված ղեկավարն է նախագծի իրական ղեկավարը»: Բացի այդ, տարբեր երկրների հետազոտողների փորձը ցույց է տալիս, որ բավական դժվար է մեծ ֆինանսական աջակցություն ստանալ այն պարագայում, երբ դիմորդը գիտական կոչում ստանալուց հետո չի փոխել իր աշխատանքի վայրը:

%d5%a5%d5%a51

«Ակնկալվող արդյունքներ» բաժնում արժե թվարկել գիտական կոնկրետ արդյունքները, որոնք կստացվեն հետազոտությունն իրականացնելիս, ինչպես նաև դրանց կիրառական նշանակությունը (եթե առկա է): Դրամաշնորհը շահելու դեպքում ակնկալվող արդյունքները պետք է ենթակա լինեն գնահատման և ստուգման (oրինակ՝ թեստերի, քանակական կամ որակական հետազոտությունների, հարցաթերթիկների, հարցազրույցների միջոցով), այդ պատճառով դրանք արժե ձևակերպել որպես առանձին պնդումներ: Կարևոր է նաև ներկայացնել, թե ինչ երկարաժամկետ հեռանկարներ ունի ձեր իրականացնելիք հետազոտական նախագիծը: Որպես հիմնարար հետազոտությունների գործնական կիրառում՝ կարելի է մատնանշել դրանց նշանակությունն ու կարևորությունը կրթական գործընթացում:

Շատ հիմնադրամներ ակնկալում են հայտադիմումների մեջ ներկայացված տեսնել նախագծի արդյունավետության ակնկալվող ցուցանիշներ (կամ հաշվետվողական ցուցանիշներ)։ Չարժե չափազանցել ակնկալվող արդյունքների նշանակությունը։ Ամեն դեպքում, եթե նախագիծն արժանանա դրամաշնորհի, ապա հետազոտական խմբի ղեկավարը պատասխանատու է նախագիծն իրագործելու և արդյունքները ներկայացնելու համար։ Չիրագործելու և չներկայացնելու դեպքում հետազոտության ցանկացած փուլում հիմնադրամը կարող է կասեցնել ֆինանսավորումը, իսկ հետազոտության ղեկավարի անունը ներառել «սև ցուցակի» մեջ՝ չթողնելով մի քանի տարվա կտրվածքով մասնակցել հիմնադրամի մրցույթներին: Հետևաբար խիստ կարևոր է արժանանալ և պահպանել վստահելի դրամաշնորհառուի հեղինակությունը, որը կատարում է իր պարտականությունները:

%d5%a5%d5%a5%d5%a5%d5%b81

Ընդհանուր նախագիծը գնահատելիս դրամաշնորհներ բաշխող մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում նախագծի կառավարման նկարագրությանը: Այս բաժնում հարկ է թվարկել հետազոտության ընթացքում իրականացվող աշխատանքների փուլերն ու ժամկետները, կազմել նախագծի մանրամասն ժամանակացույց, ինչպես նաև նշել նախագծում ներգրավված բոլոր հետազոտողների պարտականություններն ու զբաղվածությունը:

Նախահաշվի կազմումը նույնպես նախագծի կառավարման կարևոր բաղադրիչներից է։ Անհրաժեշտ է կազմել նախատեսվող բոլոր ծախսերի ցանկը՝ ներառյալ նախագիծն իրականացնողների աշխատանքի վարձատրությունը, սարքավորումների և նյութերի գնումը, գործուղումների ծախսերը, կողմնակի աջակցող կազմակերպությունների վարձատրությունը և այլն: Նախահաշիվը կազմելիս հարկ է հետևել տվյալ հիմնադրամի ուղեցույցներին ու խորհուրդներին, որոնք նշված են մրցութային փաստաթղթերի մեջ և չարժե պահանջել ըստ նախահաշվի տրամադրվող ֆինանսավորումից ավելին: Նախատեսվող ծախսերից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն հիմնավորում, ինչը թույլ կտա մասնագետներին վստահ լինել, որ նախագծի ղեկավարը գիտի, թե ինչի համար և ինչպես պետք է տնօրինվի գումարը:

Այսպիսով, որպեսզի հիմնադրամի մասնագետները բավարար պատկերացում ստանան, թե ինչպես է ընթանալու հետազոտության ողջ գործընթացը, այս բաժնում պետք է հնարավորինս մանրամասն և հստակ ներկայացնել նախագծի կառավարման տարրերը։ Սա հայտադիմումի թերևս ամենածավալուն բաժինն է:  Ուշադրություն դարձրե′ք հետևյալ մանրամասներին՝

  • Աշխատակիցների պարտականությունները,
  • Խորհրդատվական խմբերի, հանձնաժողովների աշխատանքը,
  • Կամավորների ներգրավումը,
  • Ինչպես է տնօրինվելու դրամաշնորհը,
  • Միջոցառումների իրականացման վայրը,
  • Ռեսուրսների բաշխումը։

%d5%b8%d5%b8%d5%b81

Հայտադիմումը վերջնական տեսքի բերելիս ևս մեկ անգամ ընթերցեք այն և ուշադրություն դարձրեք հետևյալ խորհուրդներին։

    • Ստուգեք՝ որքանով է ամբողջական ու տրամաբանական կազմված հայտադիմումը, արդյո՞ք լիարժեք է ներկայացված հետազոտական նախագիծը, ցույց են տրված արդիականությունն ու նշանակությունը։ 
    • Մեծ ուշադրություն դարձրեք մտքերի հստակ ձևակերպմանը: Ամբողջացրեք հայտադիմումի տեքստը, բաժանեք այն ենթաբաժինների, կետերի և այլն: Ստուգեք մեջբերվող գրականության հղման հավաստիությունը:
    • Խնդրեք ձեր աշխատակիցներին կամ այլ ոլորտի մասնագետներին կարդալ նախագծի բովանդակությունը և կատարել նկատառումներ: Կողմնակի անձանց կարծիքը կօգնի վեր հանել բովանդակության թույլ կողմերը, մինչև այն կհասնի հասցեատերերին: Այդ պատճառով հարկ է այնպես կառավարել ժամանակը, որ հնարավորություն լինի նախօրոք կազմել հայտադիմումի նախնական տարբերակը: Ինչպես նաև արժե գրելուց քանի օր հետո ավելի թարմ հայացքով վերանայել ձեր գրածը։
    • Մինչև ուղարկելը ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերի ճշտությունը (ինչպես էլեկտրոնային, այնպես էլ․ փոստային տարբերակով ուղարկելիս): Հաճախ անգամ մեկ ստորագրության բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալտեխնիկական խնդիրների պատճառով հայտադիմումի մերժմանը: Որոշ հիմնադրամներ ընդունում են դիմումները էլեկտրոնային տարբերակով, այս պարագայում հարկ է ճշտել՝ անհրաժեշտ է արդյոք փաստաթղթերի մեջ տեղադրել սկանավորված ստորագրություններ, թե ոչ:

Աղբյուրը՝ http://armscoop.com