Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ

1. գլխավոր 2022թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր ամիսների կատարողականին, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2022 թթ․ գործունեության գնահատման արդյունքային ցուցանիշներին վերաբերող հարցեր, հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը:

Նիստում տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ 7 ուղղությունների (1. Կրթութուն և ուսումնական գործընթացի կազմակերպում, 2. Կրթական միջավայր և ռեսուրսներ, 3. Գիտություն և նորարարություն, 4. Հանրային ներգրավվածություն, 5. Կառավարում, գործունեության կանոնակարգում, 6. Ներքին և արտաքին շահակիցների կարիքների գնահատում, 7. Ուսանողական կառույցներ, ուսանողների հաջողությունները):

Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ը տարածաշրջանում պահանջված բարձրագույն ուսումնական հաստատություն է և ունի դիմորդների կայուն հոսք։ Ըստ կրթական աստիճանների և ուղղությունների՝ 2021թ. մասնաճյուղն ունեցել է 394 դիմորդ, որը վերջին տարիների համար գրեթե կայուն ցուցանիշ է, այդ թվում առկա բակալավրիատում՝ 242, հեռակա բակալավրիատում՝ 135 և հեռակա մագիստրատուրայում՝ 17։ Առկա ուսուցման դիմորդների 96.3%-ը Տավուշի մարզից է, ինչը պայմանավորված է մարզի հասարակության շրջանում մասնաճյուղի ունեցած բարձր հեղինակությամբ և վարկանիշով, քանի որ հաստատությունը պատվով է կատարում իրեն վերագրված դերը սահմանամերձ Տավուշում՝ նպաստելով նրա գիտական, մշակութային և սոցիալ-տնտեսական առաջընթացին։

Ընդունելության քննությունները հաղթահարել է դիմորդների 81%-ը, որը բավականին լավ ցուցանիշ է, ընդ որում՝ առկա ուսուցմամբ բակալավրիատ ընդունվել է դիմորդների 79.3%-ը (192-ը), հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների 83.7%-ը (113-ը), մագիստրատուրայի դիմորդների 88%-ը (15-ը):

Մասնաճյուղի ռազմավարության հիմնաքարն իր ուսանողների համար բարձրորակ և մատչելի կրթության ապահովումն է։ 2021-22 ուստարում մասնաճյուղում սովորել է 1186 ուսանող (01.04.2022թ. դրությամբ, նախորդ ուստարում՝ 1288), այդ թվում առկա ուսուցմամբ՝ 562, որը կազմում է ուսանողական համակազմի 47.4%-ը, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում՝ 611 (51.5%-ը), մագիստրատուրայում՝ 13։ 2021-22 ուստարում ուսանողների թիվը նախորդ ուստարվա համեմատ նվազել է, ինչը պայմանավորված է հիմնականում հեռակա ուսուցման ընդունվածների ընդհանուր թվի նվազմամբ՝ պայմանավորված ընդունելության պահանջների շարունակական խստացմամբ:

Նոր կրթական ծրագրեր ներդնելու և աշխատաշուկայի պահանջարկին համահունչ շարժվելու համար մասնաճյուղը պարբերաբար իրականացնում է ՀՀ և առանձնապես Տավուշի մարզի աշխատաշուկայի ուսումնասիրություն։ Այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մասնաճյուղում վերջին տարիներին ներդրվել են բակալավրի 3 և մագիստրոսական 1 ծրագիր («Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»)։ Արտաքին և ներքին միջավայրերի վերլուծությունների և Տավուշի մարզի հասարակության շրջանում անցկացրած առցանց հարցման արդյունքների հիման վրա Մայր բուհի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի աջակցությամբ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել հեռակա ուսուցմամբ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի լիցենզավորման հայտ։ Ստացվել է նախարարի դրական որոշումով հրամանը, և 2023թ. մասնաճյուղը ընդունելության կկատարի երկրորդ մագիստրոսական ծրագրով։

2021-22 ուստարում Մասնաճյուղում ուսումնական գործընթացն իրականացվել է վերանորոգված և արդիականացված ենթակառուցվածքներով։ Հաշվետու ուստարում իրականացվել են ուսումնական և վարչական տարածքների, մասնաշենքերի հիմնանորոգման և վերակառուցման 14, օժանդակ տարածքների արդյունավետ օգտագործման 3 ծրագրեր, այդ թվում՝ արդիականացվել է 14 լսարան (57-ից), ՀՕՖ-ի աջակցությամբ 1 սրահի համար ձեռք է բերվել նոր կահույք և 20 գերժամանակակից համակարգիչ և ցուցասարք, սպորտդահլիճին կից կառուցվում են հանդերձարաններ, ամբողջությամբ վերանորոգվել և բարեկարգվել է հյուրատան խոհանոցային համալիրը, բարելավվել են նրա կոմունալ պայմանները։ Վերանորոգվել և բարեկարգվել են Կիրառական արվեստի ֆակուլտետի քանդակի և կերամիկայի արվեստանոցները:

Հաշվետու ուստարում մասնաճյուղում ընդհանուր առմամբ դասավանդել է 173 դասախոս, այդ թվում՝ 90-ը հիմնական և ԵՊՀ-ից հրավիրված, 26-ը՝ համատեղությամբ և 57-ը՝ ժամավճարային հիմունքներով։ Հիմնական դասախոսական կազմի 59%-ը (90-ից 53-ը) ունի գիտական աստիճան, այդ թվում մասնաճյուղում դասավանդում են 6 պրոֆեսոր։ Նաև հպարտությամբ պետք է փաստել, որ հիմնական դասախոսների մեջ մեծ թիվ են կազմում մասնաճյուղի շրջանավարտները։

Չնայած սոցիալական խնդիրներով պայմանավորված վարձավճարների հավաքագրման գործում առկա դժվարություններին՝ մասնաճյուղում կատարվել են անհրաժեշտ ներդրումներ, ֆինանսներ են տրամադրվել սոցիալական ծրագրերին, գիտական գործունեության և դրամաշնորհների համար և այլն։ Խնայողությունների հաշվին ձևավորված 700 մլն. դրամի հավասար ֆինանսական ապահովության բարձիկը մնացել է անձեռնմխելի և վստահություն է տալիս գործընթացների պլանավորման հարցում:

2021թ. մասնաճյուղի տարեկան բյուջեն 2020թ. համեմատ աճել է 12․2%-ով: 2021թ. տարեկան բյուջեի 47%-ը կազմել են վճարովի ուսուցման ծառայության եկամուտները, իսկ ահա ծախսերի ընդհանուր ծավալում գերակշռել են աշխատանքի վարձատրության ծախսերը՝ 68%: Չնայած 2022թ. հունվարից 10%-ով բարձրացել է դասախոսների աշխատավարձը, դեռևս վարչակառավարչական, տնտեսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի համար նախատեսված գումարները հավասար են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի հոդվածով նախատեսված գումարներին: Ուսումնական ծախսերը 2021թ. կազմել են 48.8%, որը վերջին 5 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն է։

Ուսանողների, դասախոսների և աշխատակիցների համար տեղեկատվության և անհրաժեշտ մասնագիտական և գեղարվեստական գրականության ձեռքբերման լայն հնարավորություններ է տրամադրում մասնաճյուղի գրադարանը։ Հաշվետու ուստարում գրադարանը գնման կամ նվիրատվության արդյունքում համալրվել է 775 անուն հրատարակություններով՝ այդ թվում դասագրքեր, գիտական գրականություն, քարտեզներ, ամսագրեր և այլն։ Մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանն ազատ և մատչելի տարբերակով առաջարկում է 1054 էլեկտրոնային գիրք, նախորդ ուստարվա համեմատ՝ պահանջված և եզակի գրքերի թվայնացված 104 գրքով ավել: Հաշվետու ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումը գրադարանում «KOHA» համակարգի գործարկումն էր։ Ամբողջական էլեկտրոնային սպասարկման համար համակարգ են մուտքագրվել և էլքարտարանում հասանելի է առկա 20.353 գրականության կեսը։ ԵՊՀ գրադարանի աշխատակիցների կողմից իրականացվել է ԵՊՀ առցանց քարտարանում բացակա շուրջ 1000 անուն գրքի մուտքագրում:

Միայն 2021թ. մասնաճյուղը ձեռք է բերել 621.000 դրամի գրականություն, որը 3.8 անգամ գերազանցել է նախորդ տարվա ծախսերը և վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

2021-22 ուստարում մասնաճյուղի հիմնական դասախոսական կազմի կողմից հրատարակվել են 2 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ և 42 գիտական հոդված, ինչը նախորդ տարվա համեմատ 61%-ով ավել է։ Հրատարակությունների թվի աճը մենք նաև պայմանավորում ենք մասնաճյուղում ներդրված խրախուսման մեխանիզմներով՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2022 թվականի մարտին վերանայված «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգ»-ի հետևողական կիրարկմամբ և գիտական կոչումներով պայմանավորված աշխատավարձերի տարբերակմամբ։

Որպես տարածաշրջանային ուսումնական հաստատություն մասնաճյուղը կարևորում է կազմակերպությունների և տարբեր շահակիցների հետ մարզային, հանրապետական և միջազգային մակարդակներում փոխհամագործակցությունը։ Մասնաճյուղն ակտիվորեն ներգրավված է Տավուշի մարզում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումներում և հանդիպումներում:

Հաշվետու ուստարում ԵՊՀ ԻՄ-ը հուշագրերի ու պայմանագրերի շրջանակներում համագործակցել է մարզային մակարդակով 10, հանրապետական մակարդակով 10 և միջազգային մակարդակով 4 բուհերի և կազմակերպությունների հետ, որոնցից 11-ը ստորագրվել է 2021-22 ուստարում։

Հաշվետու ուստարում ուսանողների արտալսարանային կյանքը եղել է բավականին հագեցած և բովանդակալից։ Ուսանողական կառույցների հետ համատեղ ուսանողների ստեղծագործ մտքերի և ցանկությունների դրսևորման, տոնական միջոցառումների կազմակերպման հաճելի միջավայր են ապահովել ֆակուլտետները, մասնաճյուղում գործող լեզուների 3 կենտրոնները, գիտելիքի նորարարական հաբը, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը և մասնաճյուղի գրադարանը։

Հաշվետու ուստարում մասնաճյուղի ուսանողները գրանցել են մի շարք հաջողություններ և՛ գիտության, և՛ կրթության, և՛ սպորտի բնագավառում։

2022թ. ապրիլին Ռուսաստանի Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում ասպիրանտների և ուսանողների համար տեղի է ունեցել «Լեզուն մասնագիտական հաղորդակցության ոլորտում» XXIV միջազգային գիտագործնական գիտաժողովը: Գիտաժողովի մրցութային փուլին իրենց գիտահետազոտական նախագծերով հանդես են եկել «Ռուսաց լեզու և գրականություն» ծրագրի 1-ին կուրսի 2 ուսանողներ, որոնք, հավաքելով ամենաշատ միավորներ, դիպլոմներ են ստացել «Լավագույն տեսական հետազոտություն» և «Լավագույն գործնական հետազոտություն» անվանակարգերում։

«Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի քանի ուսանողներ 2021թ. օգոստոսին մասնակցել են իսպաներենի անվճար առցանց դասընթացի և 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի վերջին 2 ուսանողներ հանձնել են իսպանալեզու աշխարհին հայտնի Սերվանտեսի ինստիտուտի իսպաներենի A1 մակարդակի թեստը և ստացել են հավաստագրեր: Մեր ուսանողները մտադիր են հաղթահարելու նաև հաջորդ մակարդակը։

Մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի 1 ուսանող «2021 թվականի լավագույն ուսանող» անվանակարգում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի կողմից արժանացել է դիպլոմի և մեդալի։

2021թ. հոկտեմբերին Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում մասնաճյուղի ուսանողը նվաճել է արծաթե մեդալ:

Մասնաճյուղի աշխատակազմը, գիտակցելով Մայր բուհի միակ մասնաճյուղը լինելու պատիվն ու մեծ պատասխանատվությունը և ստանալով ԵՊՀ-ի բազմակողմանի աջակցությունը, կշարունակի արդյունավետ լուծել իր առջև դրած խնդիրները՝ դառնալով տարածաշրջանի ուսումնագիտական եզակի կենտրոն:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ․Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. դրամական միջոցների մուտքերը (եկամուտները) կազմում են 387,859.5 ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը)՝ 457,413.4 ՀՀ դրամ:

Եկամուտները հիմնականում գոյանում են վճարովի ուսուցման ծառայություններից (209,213.0 ՀՀ դրամ) և պետական բյուջեից ստացվող ֆինանսավորումից (104,471.0 ՀՀ դրամ): Ծախսերի ամենամեծ հոդվածն է «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»-ը, որոնք կազմում են 385,863.6 ՀՀ դրամ:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2022 թթ․ գործունեության գնահատման արդյունքային ցուցանիշները ներկայացրեց Մասնագիտական կրթութան որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Զեկուցողը նախ նշեց, որ տնօրենի առաջարկությամբ գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները վերանվանվել են գործունեության արդյունքային ցուցանիշներ, քանի որ, ըստ էության, ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) առաջարկվող լրակազմն անհրաժեշտ է ռազմավարական պլանավորման գործընթացի տարբեր փուլերի և քայլերի արդյունքները չափելու և վերլուծելու համար:

Ապա ներկայացվեց, որ սույն վերլուծությունը կատարվել է 2021-22 ուստարվա վերջում՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022-2026 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի խնդիրների իրականացման արդյունքների վերլուծության շրջանակներում, ԵՊՀ ԻՄ-ի համապատասխան կառույցների մասնակցությամբ:

2017-2022 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշների լրակազմը ներկայացնում է վերջին 5 տարիների գրանցած արդյունքները և դրանց դինամիկան ու փաստում մասնաճյուղի ձեռքբերումների, ինչպես նաև խնդիրների մասին:

ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-երի համապարփակ ցանկը կազմելիս առանձնացվել են ԵՊՀ ԻՄ-ի գործունեության 8 հիմնական ոլորտներ (1. Ընդունելություն և համակազմ, 2. Ուսումնական գործընթաց, 3. Ռեսուրսներ և կառավարում, 4. Ենթակառուցվածքներ, 5. Գիտություն և նորարարություն, 6. Արտաքին կապեր և միջազգային համագործակցություն):

Փաստաթուղթն ընդգրկում է ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-երի համապարփակ ցանկը` բաղկացած 91 ցուցանիշներից և դասակարգված ըստ ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական ոլորտների: Առաջարկվող վերլուծական ուսումնասիրությունը հասցեագրվում է ԵՊՀ ԻՄ-ի և նրա ստորաբաժանումների վարչակազմերին, բոլոր այն կառույցներին, որոնց գործունեությունն առնչվում է ԵՊՀ ԻՄ-ի կառավարման և պլանավորման գործընթացներին:

Գիտխորհրդի նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանը շնորհավորեց բոլոր համալսարանականներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթեց, որ 2023 թվականը լինի խաղաղության, բարօրության, գիտության, կրթության և մյուս բնագավառներում երկրի զարգացման, մեծ ձեռքբերումների ու հաջողությունների տարի: