2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը, որը նախաձեռնել էր ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովը:
Սեմինարը վարեց «Տնտեսագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Հրանտ Ղարագյոզյանը:
Նախ ներկայացվեց, թե ինչ է բանավեճը, ինչ կտա այդ թեմայով սեմինարն ուսանողներին, ստացված գիտելիքները որտեղ և ինչպես նրանք կարող են օգտագործել:
Ապա սեմինարավարն ընդգծեց, որ բանավեճում հաղթանակ տանելու համար քիչ է լինել լավ հռետոր, մասնագետ, գիտնական կամ փաստաբան, պետք է նաև ջանք, եռանդ, փորձառություն և լուրջ նախապատրաստական աշխատանք: Բանավեճի ելույթի յուրաքանչյուր դրույթը պետք է լավ կառուցված, հիմնավորված ու ազդեցիկ լինի:
Անդրադարձ կատարվեց նաև Քոլին Ֆլինի տված խորհուրդներին, թե ինչպես պետք է կառուցել բանավիճային ելույթները:
Բանավեճը դիտարկելով արվեստի տեսանկյունից՝ առանձնացվեցին այն հատկանիշները, որ պետք է ունենա բանավիճող անձը.
- կիրք,
- պատրաստվածություն,
- հավասարակշռություն և ինքնավստահություն,
- ներկայացում:
Հանգամանորեն ներկայացվեց հիմնավորումների կառուցվածքն ու առանցքը:
Սեմինարը եզրափակվեց բանավեճի էթիկային վերաբերող հետևյալ դրույթներով.
- Մի՛ գողացիր ուրիշի մտքերը. նշի՛ր աղբյուրը:
- Մի՛ ընդհատիր դիմացինիդ:
- Լսի՛ր դիմացինիդ:
- Բանավիճի՛ր տեսակետների/դիրքորոշման հետ, ոչ թե մարդու արժեքների:
- Բոլորս տարբեր ենք. յուրաքանչյուրն ունի իր կարծիքը:
- Որքան էլ տեսակետները տարբեր են, անհրաժեշտ է համերաշխություն պահպանել: