Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս

2014թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հ.Զորոյանը ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդները (1.Մկրտություն, 2.Դրոշմ, 3.Ապաշխարություն, 4.Հաղորդություն, 5.Պսակ ամուսնության, 6.Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, 7.Ձեռնադրություն):

Հանգամանորեն բացատրեց քրիստոնեական կյանքի կարևորագույն կողմերն ընդգրկող հիմնարար խորհուրդների նշանակությունը.

Մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից և որդեգրում Քրիստոսին։

Դրոշմը պարգևում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում ընդդեմ փորձությունների։

Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո։

Հաղորդությունը, իբրև հոգևոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգևոր գիտակցությունը, մաքրում է մեղքերից և հավիտենական կյանքի հույս է տալիս։

Պսակ ամուսնության օրհնում և հոգեղինացնում է ամուսնական կյանքը և որդեծնությունը։

Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության և բոլոր խորհուրդների կատարումը հանձինս հոգևորականների։

Հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը։

Մասնակիցների կողմից Հ.Զորոյանին ուղղվեցին հարցեր. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Դասի վերջում անցկացված հարցազրույցի ընթացքում պարոն Զորոյանը, ընդգծելով ընտրված թեմայի արդիականությունը, նշեց. «Այսօր մեզանում ցավոք պահպանվել է միայն խորհուրդների արտաքին կողմը, ծեսը, ծիսականությունը, այնինչ մերօրյա մարդը` մասնավորապես ուսանողը, պետք է խորամուխ լինի իմաստի, բովանդակության, դրանց բարոյական չափանիշների մեջ: Խորհուրդների բովանդակությամբ է պայմանավորված այսօրվա մարդու քրիստոնեական բարոյականության արժեհամակարգը»: