Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերենի բաց դաս` նվիրված Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին

2014թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի անգլերենի բաց դասը՝ նվիրված աշխարհահռչակ դրամատուրգ և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:

Դասը վարում էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը:
Բաց դասին ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, գրադարանի աշխատակիցները և ուսանողներ:

Նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ համառոտ ներկայացվեց Վ.Շեքսպիրի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև “Գլոբուս” թատրոնը, որտեղ բեմադրվել են դրամատուրգի պիեսները:

Այնուհետև ուսանողները ներկայացրին գրողի չքնաղ սոնետները՝ անգլերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Ներկաները տեղեկացան սոնետի պատմությանը, կառուցվածքին և գրականության մեջ ունեցած դերին:

Բաց դասի վերջում տիկին Թեմրազյանը, պատմական անդրադարձ կատարելով, ներկայացրեց «Շեքսպիրը և հայերը» թեման, ընդգծեց այն վիթխարի ազդեցությունը, որ Շեքսպիրը թողել է հայ մշակույթի, գրականության և հասարակական-քաղաքական մտքի ու ազգային գաղափարախոսության զարգացման վրա:

Անգլերեն լեզվով ամփոփիչ խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` կարևորելով մեծն Շեքսպիրի դերը հայ իրականության մեջ, նրա ծննդյան 450-ամյակին նվիրված բաց դասի կապակցությամբ գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով դասախոսին և ուսանողներին: