2015թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզի հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ, Իջևանում տեղակայված N զորամասի նվագախմբի տղաները, ծնողներ, հյուրեր:
Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, ապա բացման խոսք ասաց Ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` շնորհավորելով իրենց` ուսանողների տոնը, նշելով, որ ուսանողությունը հասարակության շարժիչ ուժն է, պետության հզորության ու քաղաքացու բարեկեցության գրավականը, ըստ այդմ` ուսանողներին հորդորեց լինել առավել ուսումնատենչ, նպատակասլաց, շեշտեց, որ ուսխորհուրդը ամեն ինչ կանի, որ ավելի հետաքրքիր դարձնի ուսանողական առօրյան:
Այնուհետև մասնաճյուղի շնորհալի ուսանողները հանդես եկան համապատասխան բանաստեղծություններով ու երգերով, պարային գեղեցիկ կատարումներով:
Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջկա հեզաճկուն պարը, և պտույտ գործեց շնորհագեղ զույգի խելահեղ վալսը:
Ազգային-հայրենասիրական երգերով ու երաժշտական խրոխտ կատարումներով ուսանողներին միացան Իջևանում տեղակայված զորամասի նվագախմբի տղաները:
Միջոցառումը եզրափակվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի ելույթով:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրենը ողջունեց ու շնորհավորեց բոլոր ուսանողներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպված միջոցառման համար, մասնավորապես նշեց, որ երիտասարդությունը բավականին գեղեցիկ, հրաշալի տարիք է, ուսանողական տարիները մարդու կյանքի լավագույն և անմոռանալի տարիներն են, ուսանողներին կոչ արեց լիարժեք ապրել այս կյանքը, մինչև վերջին կաթիլը վայելել ուսանողական տարիները, լինել լավատես, երբևէ չկորցնել վաղվա լավ օրվա` պայծառ գալիքի հանդեպ հավատը:
Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: