2017թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհի Անահիտ Ալիխանյանի հանդիպումը մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին իրազեկել զբաղվածության պետական գործակալության գործառույթների, իրականացվող պետական ծրագրերի և աշխատանքի տոնավաճառների մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Զբաղվածության պետական գործակալության գլխավոր խնդիրներն ու նպատակները, մասնավորապես՝ շահառուին կայուն աշխատանքով ապահովումը, նրա 25-ամյա գործունեության հիմնական ուղղությունները:
Խոսելով պետական ծրագրերի մասին՝ Ա. Ալիխանյանը ներկայացրեց գործազուրկներին, հատկապես սոցիալապես խոցելի խավերին և հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղատնտեսներին, ձեռներեցներին ֆինանսական և խորհրդատվական աջակցության մասին, խոսեց մասնագիտական պրակտիկաներին մասնակցության պայմանների մասին:
Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներով ՏԶԿ-ում հաշվառված են 2244 գործազուրկ, որոնց մեջ զգալի թիվ են կազմում կանայք: Նախորդ տարիներին իրականցված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ զբաղվածության խնդիրներն արագ լուծում են ստանում տնտեսագետների և կիրառական արվեստի շրջանավարտների դեպքում:
Ընդգծվեց, որ աշխատանք փնտրողներին աջակցելու նպատակով ՏԶԿ-ում գործում է աշխատանքի ակումբ, որտեղ վերջիններիս տրամադրվում է գործատուներին ներկայանալու, հարցազրույցներին մասնակցելու, գործարար իմիջի վերաբերյալ խորհրդատվություն:
Գործատուների և աշխատանք փնտրողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ամեն տարի իրականացվող աշխատանքի տոնավաճառները, որոնք հնարավորություն են տալիս անմիջական շփման միջոցով հստակեցնել երկու կողմերի միջև ծագած հարցերը:
Ուսանողները Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհուց ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հանդիպման վերջում տիկին Ալիխանյանը ուսանողներին կոչ արեց լինել առավել ակտիվ, նպատակասլաց, զբաղվել ինքնակրթությամբ, նրանց մաղթեց հաջողություն աշխատաշուկայում ճիշտ կողմորոշվելու, իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցերում: