2017թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Ն.Խուդավերդյանը:
Դասի ընթացքում Ն.Խուդավերդյանը ներկայացրեց դասի նպատակը, խնդիրները, ուսուցման հոգեբանական միջոցները՝ կարևորելով հատկապես խոսքային հաղորդակցումը:
Նա նշեց, որ դասախոս-ուսանող փոխգործակցությունը լսարանում հաղորդակցական (կոմունիկացիոն) գործընթաց է, քանզի հայտնի է, որ մարդկանց համատեղ աշխատանքը ուղղակի անհնարին է առանց խոսքային հաղորդակցման, ոչինչ չի կարող փոխարինել կենդանի մարդկային խոսքին, նրա խթանիչ դերին անձի վարքի կարգավորման մեջ:
Ն.Խուդավերդյանը դասախոսի այդ ընդունակությունը բնութագրեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա` խօսքը խիստ, բայց ընկերական, խօսքը` երբեմն որպես սանձ և միշտ էլ որպես խթան»:
Այնուհետև Ն.Խուդավերդյանը անդրադարձավ ճարտասանական խոսքի խնդիրներին, ճարտասանության բաժիններին: Համաձայնելով հռոմեացի մեծ ճարտասան ու քաղաքական գործիչ Ցիցերոնի սահմանմանը` նա ևս համոզմունք հայտնեց, որ ճարտասանական խոսքը մենախոսության տեսակ է` ուղղված բազմամարդ լսարանին` որևէ բան հաղորդելու, որևէ բանում համոզելու, նաև հաճույք պատճառելու նպատակով:
Ճարտասանի այս եռյակի գործառույթները քննարկելուց հետո Ն. Խուդավերդյանը անդրադարձավ դասական ճարտասանությունը իր հինգ բաժիններով` գյուտ (պրոբլեմ, հարցադրում), դասավորություն, ճոխաբանություն, հիշողություն, արտասանություն: Իբրև ամփոփում՝ տիկին Խուդավերդյանը նշեց, որ ամեն ոք, ով զբաղված է խմբերի հետ տարվող աշխատանքով, պարտավոր է իր կարողությունների չափով տիրապետել ճարտասանության վերոնշյալ հինգ բաժիններին:
Դասի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում. մասնակիցները Ն.Խուդավերդյանին ուղղեցին հարցեր, արտահայտեցին իրենց տեսակետները, հանդես եկան առաջարկով՝ լսելու ևս մեկ դասախոսություն: